ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայում. Լավրովը հիշեցրել է Հայաստանի բարեկամներին
26.08.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի առաջին մոսկովյան այցը հնարավոր է գնահատել տապալված՝ առնվազն կարգավորման հարցում որոշ ակնկալիքների առումով, համենայն դեպս դատելով համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարություններից:
Մասնավորապես, պատասխանելով համատեղ ասուլիսում հնչած հարցին, թե Ադրբեջանն ակնկալում է միջնորդական ձեւաչափի առավել արդյունավետություն եւ ՄԱԿ ԱԽ 4 բանաձեւերի կատարման մեխանիզմի փոփոխություն, արդյոք կա այդ հարցում փոխըմբռնում Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, Լավրովը պատասխանել է, որ Մինսկի խմբի ձեւաչափի եւ մեխանիզմի փոփոխության հարցում «համառությունը» հղի է նաեւ բանակցող կողմերի կազմի փոփոխությամբ:
Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք եւ մշակվել թեկուզ ընդհանուր, բայց հսկայական բազա, «որը կորցնելը ցավալի կլիներ»: «Այդպիսի փորձեր մենք ցավոք տեսնում ենք, ներառյալ բանակցողների կազմը փոխելու ջանքերը, ինչն անընդունելի է համանախագահների համար»:
ՌԴ արտգործնախարարը թիրախավորում է Արցախը բանակցային կողմ դարձնելու Հայաստանի մոտեցումը, որովհետեւ բանակցողների կազմը կարծես թե փորձում է փոխել հենց Հայաստանը: Բայց, միեւնույն ժամանակ, միջնորդների կազմն ու ձեւաչափն էլ փորձում է փոխել Ադրբեջանը, կամ Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով: Լավրովը կարծես ակնարկում է, որ միջնորդների ձեւաչափի փոփոխության հարցում Բաքուն կարող է բախվել բանակցային կազմի փոփոխության խնդրին, ըստ այդմ պետք է համակերպվել Մինսկի խմբի համանախագահությանը:
Ադրբեջանը համանախագահությունից հատկապես բաց սկսեց դժգոհել տավուշյան ապտակը ստանալուց հետո: Դիվանագիտական կորպուսի թիրախավորումն ու Մամեդյարովի հեռացումը ըստ երեւույթին Բաքվի համար վճռականության ազդակ էր համանախագահներին՝ ձեւաչափի փոփոխությանն ուղղված քայլերի, այսպես ասած «զրոյից սկսելու» առումով: Բայրամովն ըստ ամենայնի Մոսկվա էր մեկնում այդ հարցում Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար: Հատկանշական է, որ մինչ այդ նա եղել էր Անկարայում եւ այնտեղ ստացել իր «մկրտությունը»:
Բաքուն ըստ ամենայնի Ռուսաստանին առաջարկում է Անկարայի հետ լուծել հարցը, ոչ թե Վաշինգտոնի եւ Փարիզի: Լավրովի հայտարարությունը հուշում է, որ Մոսկվան մերժում է այդ առաջարկը: Ընդ որում, հատկանշական է, որ ՌԴ արտգործնախարարը, անդրադառնալով հուլիսյան սահմանային մարտերի հարցին, ասել է, թե հույս ունեն, որ այդպիսի բան այլեւս չի կրկնվի: Այդ առումով Լավրովը պատասխանը եզրափակել է բավական բազմիմաստ նախադասությամբ. «Մյուս շահագրգռված երկրների, Ադրբեջանի եւ Հայաստանի բարեկամների հետ ամեն կերպ նպաստելու ենք դրան»: Ի՞նչ նկատի ունի Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամներ ասելով:
Չի բացառվում, որ Մոսկվան Ադրբեջանին ակնարկում է ձեւաչափի փոփոխության եւ Անկարայի հետ դաշտը բաժանելու անհնարինության պատճառը՝ ամեն ինչ միայն իրենց որոշումով չէ: Եթե Ադրբեջանն ունի բարեկամ Թուրքիա, ապա Հայաստանի «կողմում են» հարեւան եւ բարեկամ Իրանը, բարեկամներ ԱՄՆ ու Ֆրանսիան, որոնց Ադրբեջանն ինքն է ընդհուպ Ալիեւի մակարդակով քննադատում Հայաստանի օգտին աշխատելու համար: Ընդ որում, պետք չէ բացառել, որ այդ շարքում տեղ է բացվում նաեւ Չինաստանի համար:
lragir.am/2020/08/26/574245/