Լևոն Շիրինյան – Սև ու սուգ են մտել, բայց Հայաստանի հետ համագործակցությունը Մոսկվայի համար դառնում է կյանքի հարց
25.08.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վերջին հարցազրույցում ասել է, որ պետք է շատ արագ վերսկսել ղարաբաղյան բանակցությունները: Ինչո՞ւ է Ռուսաստանն այսքան շտապողականություն դրսևորում:
Ռուսաստանի միջամտությունները մի նպատակ ունեն՝ անընդհատ խառնակչություններ անել և մնալ գործի մեջ: Ռուսաստանն ինչ մտել է Կովկաս, այդ գործով է զբաղված: Այս անգամ կարծես շատ են իրար խառնվել: Հայկական կողմը հենց հաջողություն է ունենում, իրար են խառնվում, դա ակնհայտ երևում է փաստերից: Այս անգամվա կարևորությունը ո՞րն է. ես ասել եմ, որ դիրքի հետ բերումը, որը մեր տարածքում էր, իրենց շատ չի ուրախացրել, որովհետև իր ասելով, այդ դիրքը 15 կմ հեռավորության վրա է Կուր-արաքսյան խողովակաշարից և կոմունիկացիոն միջոցների վերահսկում է ենթադրում: Ինչը Հայաստանի համար կենսական է, դա իրենց համար չուզենալու պարագա է:
Այս փուլում բանակցությունների վերսկսման հավանականությունը որքա՞ն եք համարում:
Դեռ Ադրբեջանը պետք է կարգի գա, իրեն հավաքի, ամբողջ աշխարհով մեկ ոռնոց դնեն իրենց արդար լինելու մասին: Այս անգամ Տավուշի դեպքերն ուրիշ բան ցույց տվեցին, որ բանակի ղեկավարությունը փոխվել է, բանակի կառավարման համակարգը դարձել է արդյունավետ և ինչքան սերժառոբերտական գողապետությունն իր պարագլուխներով փորձեն սեպ խրել ՀՀ քաղաքական ղեկավարության, ի դեմս վարչապետի ինստիտուտի, և բանակի հրամանատարության միջև՝ դա ներկայացնելով որպես բանակի հաղթանակ, ոչինչ չստացվեց: Հակառակը, արդյունավետությունն անհամեմատ բարձրացել է: Որքան ես գիտեմ, նաև զինվածության մակարդակի որակն է բարձրացել, հետևաբար ադրբեջանցիները դեռ այնքան հաց ու պանիր ունեն ուտելու: Հետո նաև Ռուսաստանը փակուղում է, Թուրքիան անկասելիորեն մխրճվում է Այսրկովկաս, երկրորդ, Թուրքիան Ադրբեջանի բանակը որևէ կերպ հսկողության տակ վերցնելով՝ Ռուսաստանի զավակին իր տակից տանում է: Հիմա Ռուսաստանը չուզենալով դաշնակցում է Հայաստանի հետ: Սև ու սուգ են մտել, բայց հարկադրված են, և հայկական կողմի հետ համագործակցությունը Մոսկվայի համար դառնում է կյանքի հարց:
Լավրովը նշել է, որ Տավուշի դեպքերը հիմնական պայմանավորված է եղել Հայաստանի հին սահմանային անցակետը վերականգնելու որոշման հետ:
Այո, սրտի ցավով է նշում, բայց դա մեր տարածքն է և մեր բարձունքը: Ինքը պետք է ուրախանար, որ մենք, որպես իր դաշնակից պետություն, մեր հայրենիքի այդ կարևոր ռազմավարական նշանակության բարձունքը վերադարձրել ենք, բայց կարծես թե կույրաղիքի ցավ է իրենց մոտ առաջացել: ՀՀ-ում հեղափոխությունից հետո երկրի ներսում տեսնում ենք, որ քաղաքականությունն առանձնապես հաջողություններ չունի, դժգոհությունները շատ են, բայց միջազգային և անվտանգության հարցերում Հայաստանի անկախությունն ամրապնդվել է և պաշտպանական համակարգը լավանում է, իսկ դա կարծես Ռուսաստանի մահվան երգը լինի: Դա մի քիչ տարօրինակ է, որ հենց տեսնում են հայ ժողովուրդը կազդուրվեց և ուժեղացավ, ձեռնոց են նետում:
Բելառուսում ընթացող իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ նախօրեին ևս Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Տեսնում ենք, որ Բելառուսում իրավիճակը չի կայունանում, և Լուկաշենկոն փորձում է ամեն գնով մնալ իր պաշտոնում:
Ինձ շատ քիչ է հետաքրքրում Բելառուսի ներքին խնդիրը, բելառուս ժողովուրդը ելքը կգտնի: Եթե նույնիսկ Լուկաշենկոն կարողանա հաստատել իր վերահսկողությունը, դրանից հետո Բելառուսը դառնալու է անկառավարելի: Ինչպես 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ուժայինների միջոցով ճնշեց ժողովրդական ընդվզումը, Հայաստանը վերածվեց անկառավարելի մի միավորի, որի արդյունքում էլ մեկ տարի անց իշխանությունը գլորվեց ու Ռոբերտ Քոչարյանի ձեռքն ընկավ, նույնը կարող է կրկնվել Բելառուսում: Եթե Ռուսաստանը տանկերով օժանդակի, Լուկաշենկոն կմնա, իսկ եթե Մոսկվան չմիջամտի, ենթադրում եմ՝ Լուկաշենկոն չի կարող մնալ պաշտոնին: Այստեղ շատ բան կախված է նաև Արևմուտքի կողմից ժողովրդավարական ուժերի օժանդակությունից: Հիմա տեսեք, Լուկաշենկոն Կալաշնիկովը ձեռքը այս ու այն կողմ է վազվզում, բայց ժողովրդին չի կարողանում հաղթել: Մնում է միայն սեփական ժողովրդի վրա կրակելը, բայց Լուկաշենկոն կհամարձակվի՞ գնալ դրան, կարծում եմ՝ չի համարձակվի, եթե արտաքին աջակցություն չունենա: Իսկ նման աջակցություն կարող է լինել միայն Ռուսաստանը:
Իսկ մեզ համար այստեղ ո՞րն է հարցը. որքան այս երկրներում անկայուն վիճակ լինի, այնքան Ադրբեջանի հետ իրենց գործարքները կսառեն: Այս պայմաններում նրանք կզբաղվեն իրենց ներքին խնդիրներով, «Պոլոնեզները» վաճառելու ժամանակ չեն ունենա: Ընդհանուր առմամբ, եթե ժողովուրդը որոշում է որևէ մեկին գցել, ապա կգցի, և ռուսական տանկերն էլ այստեղ կարող են չօգնել: Իսկ մենք հիմա տեսնում ենք, որ բելառուս ժողովուրդը հաստատակամ է:
Իսկ ինչո՞ւ է Լուկաշենկոն ատամներով կառչած իր պաշտոնից։
Նա այնքան հանցանք է գործել, ընտրություններ է կեղծել։ Ընտրակեղծարարությունը և սուվերեն կամքի դեմ դուրս գալը Սահմանադրության երկրորդ կետն է բոլոր երկրներում, դրա համար պատժվում են, որոշ երկրներում մահապատիժ է, որոշ երկրներում չեխոտկա են դառնում, հիվանդանոց պառկում։ Կեղծել է ընտրությունները, հետևապես պետք է պատասխան տա։ Եվ հիմա պետք է դիմադրի այնքան, որքան կարող է։
Ուզում եմ նշել, որ ով էլ իշխանության գա Բելառուսում, նա հակառուսական գիծ չի վարելու, ռուսների հետ նորմալ հարաբերություններ կունենա։ Բանն այն է, որ Ռուսաստանն ինքը չի սիրում, երբ իր հետ հավասար են հարաբերվում։
lragir.am/2020/08/25/573966/