ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – 102-րդ ռազմակայանը ռուս-թուրքական պայմանագրից դուրս. Հայաստանի առաջարկը
25.08.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Բանակ 2020 համաժողովի մասնակցության առիթով Ռուսաստան այցելած Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ոչ միայն ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ, այլ նաեւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ թե նախարար Տոնոյանը, թե ռուսական կողմը կարեւոր են համարել ռազմարդյունաբերության ոլորտում մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:
Հայաստանում, ինչպես հայտնի է, սկսել է Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրություն: Այդ նախաձեռնությունը բավականի անհամարժեք է Հայաստանի ռազմարդյունաբերական ներուժին: Դա առավել քան ակնառու դարձավ այդ ներուժի մարտական մկրտությունից՝ տավուշյան մարտերից հետո:
Միաժանանակ, Հայաստանի ռազմարդյունաբերական ներուժը աագ ծավալելու հարցում իրապես կարեւոր է միջազային շուկայի խոշոր խաղացողների հետ կոոպերացիայի հանգամանքը:
Ռուսաստանն այստեղ կարող է ունենալ առանցքային դեր ոչ միայն իբրեւ խոշոր խաղացող, այլեւ Հայաստանի ռազմա-տեխնիկական գործակցության «բազային գործընկեր»:
Ամբողջ հարցն այն է, թե որքանով է Մոսկվան պատրաստ իրապես գործընկերային ռազմարդյունաբերական կոոպերացիայի, հաշվի առնելով ռուսական ընդհանուր ռազմա-քաղաքականությունը այդ թվում Կովկասի հարցում, որը ներկայում գտնվում է անցումային փուլում: Անցումային այն իմաստով, որ Մոսկվայի առաջ 2021 թվականին ընդառաջ կանգնած է ռուս-թուրքական պայմանագրերի հանգամանքը, որոնք ռեգիոնալ ռուսական քաղաքականության «բազային ֆայլերից» են:
Այդ պայմանագրերը իրենց բնույթով ու բովանդակությամբ, նաեւ քաղաքական ազդեցությամբ հակոտնյա են Հայաստանի հետ ռազմա-քաղաքական գործընկերային հարաբերության հեռանկարին, այդ թվում ռազմարդյունաբերության համատեքստում:
Ռազմարդյունաբերությունը լոկ ռազմատեխնիկական գործակցություն եւ դրանից ստացվող սպառազինային եւ տնտեսական էֆեկտ չէ: Այն աշխարհքաղաքական «քարտեզագրման» յուրօրինակ բաղադրիչ է:
Այդ համատեքստում հիշարժան է դեռեւս 2017 թվականի մարտին Իզվեստիա պարբերականում Սերժ Սարգսյանի հոդվածը, որում նա շոշափում էր Գյումրիում ռուսական ռազմակայանի «հիմքով» ռազմարդյունաբերական համատեղ համալիր ձեւավորելու հարցը:
Գործնականում, դա ռուսական ռազմակայանը ռուս-թուրքական պայմանագրի համատեքստից հայ-ռուսական համատեղության համատեքստ տեղափոխելու առաջարկ էր, ինչին Մոսկվան առարկայական ընթացք չտվեց: Ռուսաստանը պատրաստ չէ փոխել այդ բնույթը, քանի դեռ պատրաստ չէ դուրս գալ ռուս-թուրքական պայմանագրի ազդեցության գոտուց:
Դրանից է կախված լինելու այն, թե Մոսկվան ինչպես կարձագանքի Երեւանի ռազմարդյուաբերական կոոպերացիայի առաջարկներին ու մտադրություններին:
Ըստ այդմ, այդ հարցում ռուսական շահագրգռությունը բարձրացնելու համար Երեւանը պետք է շոշափելիորեն բարձրացնի նաեւ մրցակցությունը: Հայաստանը ռազմարդյունաբերական կոոպերացիայի հարցում չպետք է սահմանափակվի ռուսական ուղղությամբ:
Հայաստանի առարկայական տեսադաշտում պետք է լինեն ռազմարդյուբերական շուկայի մյուս առաջատարները, ներառյալ ԱՄՆ, Չինաստանը, եւ անշուշտ պետություններ, որոնք եւս ունեն այդ շուկայում էական խաղացող դառնալու հավակնություն, Լեհաստանից մինչեւ Հնդկաստան:
lragir.am/2020/08/25/573969/