Մոսկուայի պայմանագիրը պոլսահայ մամուլի էջերում (1921 թ.)
26 ՕԳՈՍՏՈՍ 2020 – ԾՐԱԳԻՐ – ՈՐՈՇՈՒՄ:
Մարիամ Յովսէփեան
բանասիրական գիտութիւնների թեկնածու
ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի
առաջատար գիտաշխատող
1921 թուականի մարտի 16-ին1 Մոսկուայում կնքուած ռուս-թուրքական պայմանագիրն իր հակահայ դրոյթներով և Հայաստանի ու նրա պետականութեան ոչնչացման բացայայտ նպատակներով անմիջապէս չի արժանացել պոլսահայ մամուլի օրգանների ուշադրութեանը: Այդ շրջանում նրանց աւելի շատ հետաքրքրել են արևմտահայութեան բեկորների և Կիլիկիայի յետագայ ճակատագիրը, ինչպէս նաև Հայկական հարցին առնչուող տարածաշրջանային իրադարձութիւնները: Բացի այդ՝ պարբերականների աշխատակիցները, մեր ժողովրդի մեծամասնութեան նման, դեռևս չէին պատկերացնում, որ Խորհրդային Ռուսաստանն էր Քէմալական Թուրքիայի հետ դառնալու մեր հայրենիքի կործանման և Հայաստանի քարտէզն իր կամքին համապատասխան վերաձևող հզօր ուժը: Միայն օրեր անց են պոլսահայ մտաւորականները սթափ գնահատում ստեղծուած իրադրութիւնը և խմբագրականների ու վերլուծական յօդուածերի միջոցով սկսում են արտայայտել իրենց մտահոգութիւնները: Դրանցում պարզորոշ արտացոլուած են նրանց դիրքորոշումն ու վերաբերմունքն արդէն կատարուած փաստի և կնքուած պայմանագրի վերաբերեալ: Ընդ որում, այդ պայմանագիրը մշակուել և իր թղթային ձևակերպումն էր ստացել՝ առանց հայ ժողովրդի կամքն ու ցանկութիւնը հաշուի առնելու: Այս հարցում միանշանակ միակարծիք էին գրեթէ բոլոր պոլսահայ թերթերը: Եւ բոլորովին այլ հարթութեան մէջ պէտք է դիտարկել նրանց մի մասի վերաբերմունքը Հայաստանի խորհրդայնացման և այդպիսով Ռուսաստանի հովանու ներքոյ, թէկուզ ոչ լիարժէք պետականութեամբ, հայութեանը ֆիզիկական բնաջնջումից փրկելու խնդրի նկատմամբ: Ասուածը ներկայացնենք Կ.Պոլսում 1921 թուականին հրատարակուած և առաւել բարձր վարկանիշ ունեցած «Ճակատամարտ», «Ժողովուրդի ձայնը» և «Վերջին լուր» օրաթերթերի նիւթերի վերլուծութեամբ:
«Ճակատամարտ» օրաթերթն, օրինակ, իր ընթերցողներին տեղեկացնում էր, որ Մոսկուայի պայմանագրով Ռուսաստանի բոլշևիկեան իշխանութիւնը «կը ստանձնէ չճանչնալ Թուրքիոյ վերաբերեալ միջազգային որևէ համաձայնութիւն, որ Թուրքիոյ Ժողովին հաւանութիւնը չէ ստացած: Ասկէ զատ, Ռուսիա ազատ կը կացուցանէ Թուրքիան այն բոլոր հին յանձնառութիւններէն, զոր ան կնքած է Ռուսիայէն ցարական շրջանին»2: Թերթը գրում էր նաև, որ Մոսկուայի խորհրդաժողովում թուրքական պատուիրակութեան ղեկավար Եուսուֆ Քէմալը թուրքական կողմի համար գոհացուցիչ էր համարում քննարկումների արդիւնքները՝ փաստելով, որ Մոսկուայում կնքուած պայմանագիրը վերջնականօրէն լուծելու էր Կովկասի հարցը (նկատի ունէր, հաւանաբար, Հայկական հարցը- Մ. Հ.)3: Անդրադառնալով այս կարծիքին՝ խմբագրականներից մէկում պարբերականը, թէև չէր կիսում այդ տեսակէտը, բայց համոզմունք էր յայտնում, թէ «դաշինքը, որ Մոսկուան և Էնկիւրին կապեց իրարու, փաստ մըն է, որ չի կրնար, իր կարգին, չանդրադառնալ վաղուան դէպքերուն վրայյ, գոնէ Մերձաւոր Արեւելքի մէջ»4:
Խորհրդային Ռուսաստանի կողմից, սեփական շահերից ելնելով, Կարսը, Արտուինը, Արտահանը, Նախիջևանը և հայկական այլ տարածքները խլելը և ուրիշներին ընծայ տալը «Ճակատամարտը» բնորոշում էր որպէս Հայաստանի գլխատում5: Մոսկուայի պայմանագիրը խաչ էր քաշում Հայաստանի անկախութեան վրայ. «Ուրիշ իմաստ մը չունի ժողովուրդ մը բանտարկել և չթողուլ, որ շնչէ: Ուրիշ իմաստ մը չունի Հայաստանի շնչերակները կտրել ու ազատ ձգել, որ ապրի»6: Թերթի խմբագրակազմը, սակայն, վստահեցնում էր, որ պատմութիւնը դաշնագրերով չի կերտւում, ոչ էլ դաշնագրերով կարող էին «արդարութիւնը մեռցնել ու թաղել»7:
«Վերջին լուր» անկախ օրաթերթը, կարելի է ասել, թռուցիկ է անդրադարձել մեր ժողովրդի կեանքում անչափ կարևոր այս պատմաքաղաքական իրադարձութեանը: Պարբերականում միայն մէկ թղթակցութիւն կայ Մոսկուայի պայմանագրի թեմայով8: Ընթերցողներին տեղեկացնում էին, որ Մոսկուայի դաշնագրով «ջնջեալ պիտի նկատուին այն միջազգային պայմանագիրները, զոր դաշնադիր մէկ կողմը կնքած է, և, սակայն, միւսը չէ ընդունած զայն»9: Թղթակցութեան վերջում պարբերականի խմբագրութիւնն արտայայտել էր իր կարծիքն այդ փաստաթղթի վերաբերեալ. «Եթէ ճիշդ են վերոգրեալ դաշնագրին հայավնաս յօդուածները, շատ ցաւալի պիտի ըլլար այդ եւ մտածել պիտի տար իրաւամբ, թէ անոնք առաջին արդիւնքն են Վրացեանի այժմու կառավարութեան…գործունէութեան»10: Այս տեսակէտը հիմնաւորուած չէր օբյեկտիվ փաստերով և կարելի է պարզապէս մերկապարանոց պնդում համարել:
Ռամկավար-ազատական թեքումով «Ժողովուրդի ձայնը» օրաթերթը, արծարծելով խնդրոյ առարկայ թեման, աչքաթող էր անում դրա պատճառահետևանքային կապերը և աւելի շատ փորձում էր մատնանշել դաշնակցական պետական գործիչների թերացումները հայ-թուրքական և հայ-ռուսական փոխյարաբերութիւններում: Թերթը հիմնականում դրանցով էր պայմանաւորում Հայաստանի անկախութեան կորուստը և Ալեքսանդրապոլի ու Մոսկուայի պայմանագրերի կնքումը: Ասենք՝ «Նոր ռուսևթուրք դաշնադրութիւնը» վերնագրով խմբագրականում թէեւ հայ ժողովրդի հանդէպ ծաղր էր համարում Մոսկուայի պայմանագիրը, բայց նաև նշում էր հետևեալը. «Մոսկուայի խորհրդային կառավարութեան եւ Էնկիւրիի կառավարութեան պատուիրակներուն կողմէ Մոսկուա գումարուած համաժողովին մէջ ընդունուեցաւ ասկէ առաջ միլլիճիներու եւ հայերու կողմէ ստորագրուած դաշնագիրը…Արդեօք պ. Վրացեանի ծանօթ ողջոյնի հեռագիրն առ Մուսթաֆա Քէմալ այս ռուսևթուրք դաշնագրին առթի՞ւ ղրկուած է անոր»11: Մէկ այլ խմբագրականում հռետորական հարց էր տրւում, թէ Սիմոն Վրացեանն ինչպէ՞ս կարող էր ողջոյնի խօսքով դիմել Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանին պարտադրած Միլլի կառավարութեան ղեկավարին12: Զարմանալի է պարբերականի այն պնդումը, թէ Խորհրդային Ռուսաստանը ստիպուած էր զօրք մտցնել Հայաստան, քանի որ պէտք էր հայ մեծամասնականներին պաշտպաներ Ռուբէնի և Նժդեհի զինուած խմբերից. «Հայաստանի հանդէպ Մոսկուայի դիրքը գուցէ նոյնը չըլլար, ինչ որ եղաւ մարտի 16ի դաշինքին մէջ, եթէ դեռ այսօր Հայաստան մնացած ըլլար պօլշէվիք»13: Ռուս-թուրքական հայակործան և հայ ժողովրդի պետականութիւնը ոչնչացնող Մոսկուայի պայմանագրի բուն շարժառիթներն ու իրական թշնամուն մի կողմ թողած՝ պոլսահայ այս օրաթերթը, բորբոքուած միջկուսակցական գաղափարական պայքարից, ընթերցողների ատելութիւնն էր աւելի շատ բորբոքում այլ գաղափարներ դաւանող իր հայրենակիցների դէմ: Ինչ վերաբերում է Ս. Վրացեանի և կառավարութեան նրա գաղափարակից գործընկերների հասցէին պարբերականում հնչեցուած կարծիքներին, ապա, թերևս, ասենք հետևեալը: 1921 թուականի մարտի 25-ին Հայրենիքի փրկութեան կոմիտէի14 նախագահ Սիմոն Վրացեանը Մուստաֆա Քէմալին էր ուղարկել այս հեռագիրը. «Իմ կառավարութիւնը Տաճկաստանի և Հայաստանի միջև ազգային նորմալ և բարեկամական յարաբերութիւններ սկսելու բազա է համարում այն պայմանները, որոնք ձևակերպուած են անցեալ տարուայ դեկտեմբերի 2-ի՝ Ալեքսանդրապոլում կնքուած հայ-տաճկական դաշնագրի մէջ և յետագային ստեղծուած իրական պայմանները»15: Հայաստանի փրկութեան կոմիտէի` այդ օրերին գրուած զեկուցում-նամակի մէջ, վերլուծելով Հայաստանի համար ստեղծուած պատմաքաղաքական հանգամանքները, մասնաւորապէս երկրի խորհրդայնացման գործընթացը և Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքելուն նպաստած իրողութիւնները, Ս. Վրացեանը գրում էր հետևեալը. «Մեր իրական դրութիւնը պահանջում է հաշտ և բարեկամական կենակցութիւն մեր հարևան Թուրքիայի հետ»16: Այս փաստաթուղթն այն բանալին է, որով կարելի է բացել Հայաստանի փրկութեան կոմիտէի և Հայաստանի Առաջին Հանրապետութեան ղեկավարների ընդունած վերջին որոշումների ու գործողութիւնների դրդապատճառների գաղտնարանի դուռը: Նրանց հակահայ համարելն17 արդարացուա՞ծ էր արդեօք: Խնդրոյ առարկայ ժամանակաշրջանի դէպքերը բաւական խճճուած ու անբարենպաստ էին հայոց անկախ պետականութիւնը պահպանելու համար՝ անկախ այն հանգամանքից, թէ ովքեր կամ որ կուսակցութեան անդամներն էին զբաղեցնում ղեկավար պաշտօնները: Խորհրդաթուրքական ռազմական դաշինքը միայն բաւական էր, որ յօդս ցնդեցնէր իւրաքանչիւր խելամիտ ազգափրկիչ ծրագիր: Դրան գումարւում էին այն օրերին Անտանտի և Հայաստանի հարևան պետութիւնների (Ատրպէյճան, Վրաստան) չէզոք կամ թշնամական կեցուածքը, Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր կացութիւնը (սով, համաճարակներ), հայ մեծամասնականների բռնած դիրքն ու վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ և այլ հարակից օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները:
Ս. Վրացեանը և նրա գործընկերները, կարել է ասել, որ յայտնուել էին Լենինի ու Մուստաֆա Քէմալի ստեղծած փակուղու կամ ծուղակի մէջ, և սխալելու կամ ոչ ադեկվատ որոշումներ կայացնելու հաւանականութիւնը մեծ էր: Կարևոր է յիշատակել այն հանգամանքը, որ խորհրդային իշխանութիւնները (յանձինս Լենինի ու Ստալինի) բացայայտ և անթաքոյց ասում էին, թէ իրենց նպատակը Հայկական հարցը յօգուտ հայերի լուծելը չէր18, այլ Հայաստանի խորհրդայնացման միջոցով այն Ռուսաստանին կցելն էր19: Քէմալականներն, այնինչ, յամենայն դէպս Հայրենիքի փրկութեան կոմիտէի հետ բանակցութիւնների ընթացքում, շեշտում էին, որ իրենց համար աւելի ձեռնտու էր սահմանի հարևանութեամբ ունենալ ոչ թէ Խորհրդային Ռուսաստանի նման ուժեղ մրցակից երկիր, այլ Անդրկովկասում ստեղծուած համեմատաբար թոյլ պետութիւններ (Ատրպէյճան, Հայաստան, Վրաստան)20: Թուրքերն այդպէս ասում էին, բայց իրականում դա չէր նրանց բուն նպատակը: Նրանք համաթուրքական և բանթուրքիստական ծրագիրն էին իրենց առջև դրել, իսկ այդտեղ անկախ կամ կախեալ կարգավիճակ ունեցող Հայաստանը տեղ չունէր: Կարծում ենք, որ հէնց սա պէտք է հասկանային հայ քաղաքական ու պետական գործիչները: 1920-ական թուականների սկզբին, երբ հայերը դեռևս բնաջնջւում էին հատկապէս Կիլիկիայում այդ նոյն Քէմալականների հրամաններով ու անմիջական մասնակցութեամբ, նրանք չպէտք է անգամ դիւանագիտական ինչ-ինչ խաղերի մէջ մտնէին թուրքական իշխանութիւնների հետ միայն այն արդարացմամբ, թէ բոլշևիկեան կարգերը չպիտի հաստատուէին Հայաստանում21:
Մուստաֆա Քէմալը և նրա կողմից յատուկ ցուցումներով Մոսկուա ուղարկուած թուրքական պատուիրակութեան անդամները հնարամտօրէն կարողանում են ի շահ իրենց պետութեան օգտագործել նաև Հայրենիքի փրկութեան կոմիտէի որդեգրած գիծը, որի համաձայն. «Մոսկուայի խորհրդաժողովը իրաւասու չէ քննութեան առնելու Հայաստանի խնդիրը»22: Իր դիւանագիտական ունակութիւնների և Թուրքիայի համար այդ ժամանակահատուածում ստեղծուած աշխարհաքաղաքական բարենպաստ հանգամանքների շնորհիւ թուրքական կողմը յաջողում է Մոսկուայում ընթացող բանակցութիւններից առաւելագոյնը քաղել ի վնաս Հայաստանի և հայ ժողովրդի: Այդ մասին ահա թե ինչ է գրում անուանի պատմաբան Վլադիմիր Ղազախեցեանը: «Քէմալական Թուրքիան Հայկական հարցը դարձրեց առևտրի (աճուրդի) առարկայ Անտանտի ու Ռուսաստանի միջև և հասաւ նրան, որ մեծապէս շահեց երկուսից էլ: Մոսկուայում իւրացրեց հայկական հսկայական տարածքներ: Մոսկուայի կոնֆերանսի հետ միաժամանակ Լոնտոնում կայացած կոնֆերանսում (1921 թուականի փետրուարի 21-ից մարտի 14-ը)՝ մի կողմից՝ Անտանտի երկրների և միւս կողմից՝ պարտուած Գերմանիայի ու Թուրքիայի միջև, թուրքական միացեալ պատուիրակութեանը յաջողուեց մերժել տալ հայկական երկու պատուիրակութիւնների (Ա. Ահարոնեան և Պօղոս Նուպար) առաջարկութիւնները Արևմտեան Հայաստանի մասին Սևրի պայմանագրի յօդուածները կենսագործելու և հայկական Կիլիկիայում Ֆրանսիայի հովանաւորութեամբ «վարչական ինքնավարութիւն» կազմաւորելու վերաբերեալ: Թուրքիան դրան հասաւ՝ գաղտնի գործարքներ կնքելով Ֆրանսիայի ու Իտալիայի հետ: Իսկ Սևրի պայմանագիրը (հայկական յօդուածերը) նենգափոխուեց Թուրքիայի արևելեան նահանգներում հայկական ազգային օճախի առաջարկութեամբ, որը յետագայում նոյնպէս մերժուեց»23:
Եթէ փորձենք ամփոփել 1921 թուականի մարտի 16-ին կնքուած Մոսկուայի պայմանագրի պարունակած վտանգների շուրջ պոլսահայ վերոյիշեալ երեք հիմնական օրաթերթերի հրապարակումներն ու ծաւալած քննարկումները, ապա կարող ենք եզրակացնել հետևեալը:
* Մոսկուայի պայմանագրից բխող հետևանքներն, անշուշտ, մտահոգում էին պոլսահայ պարբերականներին, որոնք, սակայն, աւելի շատ անձնաւորում էին երկրի կործանման մեղաւորների պատասխանատուութեան խնդիրը, քան թէ քաղաքական սթափ գնահատական էին տալիս ստեղծուած իրավիճակին: Այս իրողութիւնը թելադրուած էր ժամանակաշրջանի բարդ և հիմնականում խճճուած իրադարձութիւններով, որոնց մասին անգամ Հայաստանում այն օրերին օպերատիւ կերպով տեղեկատուութիւն չէր լինում, իսկ յաճախ էլ այդ ամէնը ներկայացւում էր՝ ելնելով տուեալ պարբերականի կուսակցական շահերից: Պոլսահայ պարբերականները, գործող գրաքննութեան պայմաններում, փորձում էին Հայաստանից որոշակի ուշացումով ստացած լուրերը համադրել և գտնել ոսկէ միջինը:
* Մոսկուայի պայմանագրի և դրա շղթայական ընթացքով պայմանաւորուած՝ Հայկական հարցի փակուղային իրավիճակի լուրջ գնահատականներ չկային թերթերի հրապարակումներում: Ասուածը յատկապէս վերաբերում է յետագայ մէկ-երկու տարուան, երբ անգամ մարտի 16-ի համարներում այդ պայմանագրի մասին որևէ յիշատակում չենք գտնի:
* Վերոյիշեալ պարբերականներն առաւելապէս տարուած էին դիւանագիտական օրակարգում յայտնուած արևմտահայերի Ազգային տան գաղափարի քննարկումներով՝ այդպէս էլ չհասկանալով, որ Մոսկուայի պայմանագիրը և ռուս-թուրքական սերտ համագործակցութիւնը վիժեցնելու էին Հայկական հարցի հետ կապուած ցանկացած ծրագիր՝ աշխարհի հզօր տերութիւնների լուռ համաձայնութեամբ ու թողտուութեամբ: Ըստ «Ճակատամարտ» օրաթերթի՝ ջուրը տարել էր ջրաղացը, իսկ այդ պետութիւնները Արևելեան հարցի լուծումն էին դեռևս փնտրում իրենց հերթական փարիզեան կամ լոնտոնեան համաժողովներում24:
* 1923 թուականից սկսած, երբ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումով և Խորհրդային Ռուսաստանի դիրքերի ամրապնդման հետևանքով կամաց-կամաց սպառւում են անկախ Հայաստանի վերստեղծման յոյսերը, քաղաքական ուղղուածութիւն ունեցող պոլսահայ հատուկենտ պարբերականներն արդէն կենտրոնանում են Խորհրդային Հայաստանում ծուարած հայութեան խնդիրների վրայ՝ հիմնականում արտատպելով տեղեկութիւններ հայաստանեան մամուլի կենտրոնական օրգաններից:
* Մոսկուայի պայմանագրի մասին 1921 թուականին, ի հարկե, գրեցին պոլսահայ պարբերականները, բայց նրանք այդպէս էլ չանդրադարձան մի կարևոր հանգամանքի՝ հաւանաբար չգիտակցելով դրա արծարծման անհրաժեշտութիւնը: Իրականում միջազգային իրաւունքի տեսանկիւնից Մոսկուայի պայմանագիրը կնքուել էր՝ խախտելով ընդունուած չափանիշները: Որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտներ դեռևս չճանաչուած 2 պետութիւն՝ Խորհրդային Ռուսաստանն ու Քէմալական Թուրքիան, իրար հետ կնքել էին մի պայմանագիր, որով որոշել էին մէկ այլ կամ երրորդ պետութեան՝ Հայաստանի սահմանների և նրա բնակչութեան՝ հայ ժողովրդի ճակատագրին առնչուող կենսական հարցերն՝ առանց վերջինների ներկայացուցիչների մասնակցութեան և առանց հաշուի առնելու նրանց տեսակէտներն ու բերած փաստարկները խնդրոյ առարկայ հիմնախնդիրների վերաբերեալ: Այսօր ոլորտի մասնագէտներից շատերի կարծիքով և համոզմամբ՝ կարելի է անգամ անվաւեր կամ վերանայման ենթակայ համարել Մոսկուայի պայմանագիրը25:
Մարիամ Յովսէփեան
բանասիրական գիտութիւնների թեկնածու
ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի
առաջատար գիտաշխատող
1Վերջին տարիներին ի յայտ են եկել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Մոսկուայի պայմանագիրը կնքուել է 1921 թուականի մարտի 18-ին (տե´ս «Դրօշակ», 2020, թիւ 3, էջ 36 (Անի Մելքոնեան, «Ռուս-թուրքական «Եղբայրութեանև բարեկամութեան» պայմանագիրը»)):
2«Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1921, թիւ 717 («Թուրքերու և սովիեթներու փոխադարձ հանձնառութիւնները»):
3նոյն տեղում («Մոսկուայի խորհրդաժողովը»):
4նոյն տեղում, 1921, թիւ 722 («Էնկիւրին Մոսկուայի մէջ»):
5նոյն տեղում:
6նոյն տեղում:
7նոյն տեղում:
8«Վերջին լուր», Կ. Պոլիս, 1921, թիւ 2137 («Թուրք-ռուս նոր համաձայնութիւն»):
9նոյն տեղում:
10նոյն տեղում:
11«Ժողովուրդի ձայնը», Կ. Պոլիս, 1921, թիւ 750 («Նոր ռուսևթուրք դաշնադրութիւնը»):
12նոյն տեղում, 1921, թիւ 751 («Ալեքսանդրապոլի դաշնագրին ճանաչումը պոլշևիկ Ռուսաստանէն»):
13նոյն տեղում, 1921, թիւ 755 («Դաշնակցութիւնը և թուրքևռուս դաշինքը»):
14https://hy.wikipedia.org/wiki/
15Աւետեան Մ. «Հայ ազատագրական ազգային յիսնամեայ (1870-1920) յուշամատեան և զօր. Անդրանիկ», «Le soleir» հրատ., Փարիզ, 1954, էջ 471:
16Վրացեան Սիմոն, «Հայաստանի Հանրապետութիւն», Երևան, 1993, «Հայաստան» հրատ., էջ 658:
17«Հայոց պատմութիւն», հ. 4-րդ, գ. 1-ին, Երևան, 2010, «Զանգակ» հրատ., էջ 304:
18«Հայոց պատմութիւն», նշվ. աշխ., էջ 326:
Գալոյեան Գալուստ, «Հայաստանը և մեծ տէրութիւնները 1917-1923 թթ.», Երևան, 1999, «Գիտութիւն» հրատ., էջ 441:
19ՎրացեանՍ., նշվ. աշխ., էջ 657:
20նոյն տեղում:
21նոյն տեղում, էջ 657, 658:
22Գալոյեան Գ., նշվ. աշխ., էջ 440:
23«Հայոց պատմութիւն», նշվ. աշխ., էջ 335:
24«Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1923, թիւ 3153 («Ջուրը ջաղացքը տարեր է»):
25նոյն տեղում, էջ 337:
horizonweekly.ca/en/մոսկուայի-պայմանագիրը-պոլսահայ-մամո/