Սեւրի պայմանագիրը նաեւ հայության զինված պայքարի արդյունքն էր

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

Սեւրի պայմանագիրը նաեւ հայության զինված պայքարի արդյունքն էր

2020/08/27 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Զրույց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:

«… Քաղաքը, ինչպես նախորդ տոների ժամանակ, զարդարված էր եռագույն դրոշներով ու գորգերով: Առավոտյան ժամը 11-ին զորքն արդեն շարված էր, և նվագախումբը նվագում էր: Ժամանում են զինվորական նախարարի օգնական գեներալ Հախվերդյանը, գեներալ Նազարբեկյանը, Սիլիկյանը, ապա նաև` նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը եւ վարչապետ Համո Օհանջանյանը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ տարբեր երկրների դեսպաններ ու զինվորական կցորդներ: Դիմելով զինվորներին ու քաղաքացիներին` վարչապետ Օհանջանյանն ասում է. Սևրում ստորագրվել է տաճկական դաշնագիրը, որով ճանաչվել է նաև Միացյալ Անկախ Հայաստանը: Այժմ մեզ համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ, եւ մենք շուտով հնարավորություն կունենանք կցելու մեր այժմյան սահմաններին նաև Տաճկաստանի հայկական գավառները: Այս օրվան հայ ժողովուրդը հասել է իր քաջարի բանակի եւ նրա եռանդի շնորհիվ: Ո՛չ մի բանակ չի կռվել այնպես, ինչպես մեր բանակը, ո՛չ մի զինվոր չի պաշտպանել իր հայրենիքը այնպես, ինչպես մեր զինվորը եւ սպաները»:

Սոցիալիստ-հեղափոխական կուսակցության անդամ Մինախորյանն իր հերթին սթափության կոչ էր անում ներկաներին` ասելով, թե պետք չէ շատ ոգևորվել: «Եթե ստորագրված դաշնագրի պայմանները չիրականացվեն, պայմանագիրը կմնա սոսկ թղթի կտոր, որպիսինները մեր ժողովուրդը շատ է տեսել: Իր ելույթն ավարտելով՝ ասում է. «Կեցցե՜ հայ առաջին զինվորը, որը կմտնե Տաճկահայաստանի գավառները…»:

«Հառաջ», 19 օգոստոսի, 1920թ., թիվ 177

Պարո՛ն Սաֆրաստյան, ցավոք, իրականացան Մինախորյանի ոչ լավատեսական կանխատեսումներն, ու Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա: Բայց նաև մնաց Թուրքիայի հիշողության մեջ՝ որպես մեծ վախ, որն այժմ անուն էլ ունի՝ «Սևրի սինդրոմ»: Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Փաստորեն, ուղիղ 100 տարի է անցել Սևրի պայմանագրի ստորագրումից: Ի՞նչ զուգահեռներ կարող ենք անցկացնել ներկայիս և 1920 թվականի իրադրությունների միջև: Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ եք տեսնում:

-Մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում հենց սկզբից ուշադրություն գրավել, որ երբ Համո Օհանջանյանը 1920 թ. օգոստոսին ընդգծում էր այն փաստը, որ այդ հաղթանակը մեր բանակի, մեր զինվորի շնորհիվ էր ձեռք բերվել, առաջին հերթին Սարդարապատի ճակատամարտն ի նկատի ուներ. մեր հաղթանակը, որ ապահովեց Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Բայց դրանից հետո, երբ սկսվեց քեմալականների ագրեսիան Հայաստանի դեմ, 1920 թ. սեպտեմբերին, ցավոք սրտի, մեր այն ժամանակվա բանակը, բոլշևիկյան քարոզչության ազդեցության ներքո, պարտություն կրեց, և դրանով էր պայմանավորված, որ Սևրը, գոնե մեր մասով, չիրականացվեց: Եվ հենց հայ բոլշևիկների քայքայիչ գործունեության պատճառով հայկական բանակը չկարողացավ կանգնեցնել քեմալական հրոսակներին: Իրար հաջորդեցին Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը: Սա էլ հանգեցրեց մեր Առաջին Հանրապետության անկմանը:

Եվ եթե զուգահեռ ենք անցկացնում այսօրվա իրողությունների հետ, մի շատ կարևոր եզրահանգում պետք է անենք: Այն ժամանակ երկու տարածաշրջանային երկիր՝ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը, գաղտնի համաձայնությամբ իրար միջև բաժանեցին Հայաստանը՝ թույլ չտալով անկախ հայկական պետականության կայացումը: Իսկ հիմա Ռուսաստանը մեր ռազմավարական և ռազմաքաղաքական դաշնակիցն է, և սա աշխարհաքաղաքական առումով լիովին փոխում է իրադրությունը: Սա մեր էական առավելությունն է Առաջին Հանրապետության նկատմամբ:

Երկրորդ տարբերությունը, որ կուզենամ նշել, հետևյալն է: Մենք այն ժամանակ իսկապես բավականին հզոր բանակ ունեինք, մեր սպայակույտը անցել էր Առաջին համաշխարհային պատերազմի բովով՝ ռուսական բանակի կազմի մեջ, սակայն բոլշևիկյան քարոզչությունը թույլ չտվեց, որ մեր բանակը կռիվը շարունակի: Հիմա մենք տեսնում ենք, որ մեր բանակը ոչ միայն մարտունակ է, ոչ միայն հաղթանակների է հասնում, այլև ցույց է տալիս կազմակերպվածության բարձրագույն մակարդակ: Տավուշի մարզում վերջերս տեղի ունեցած ագրեսիայի դեմ մեր բանակը թե՛ պլանավորման, թե՛ գործողությունների իրականացման առումով բարձրագույն պատրաստվածություն ցույց տվեց: Ավելին, մեր բանակն այսօր դարձել է տարածաշրջանային կայունությունը պահպանող կարևոր գործոն:

Սևրի պայմանագրի կնքումը Թուրքիան ներկայացնում է որպես Հայաստանի վրա հարձակման պատճառ, այն դեպքում, երբ փաստեր կան, և Դուք դրանք ներկայացրիք նաև ՀՀ ԳԱԱ վերջին գիտաժողովի Ձեր ելույթում, որ այդ հարձակումը շատ ավելի վաղ էր ծրագրված քեմալականների կողմից: Անգամ երբ արագ էքսկուրս ենք անցկացնում դեպի անցյալ, պարզ է դառնում, որ Թուրքիայի պատմության տարբեր շրջաններում ցեղասպան գործելաոճը մշտապես նույնն է եղել Հայաստանի հանդեպ: Այժմ ականատեսն ենք այն բանի, որ Էրդողանը, պաշտպանելով «եղբայրական Ադրբեջանի» ռազմական հռետորաբանությունը, նաև իր այս գործելաոճն է փորձում գործի դնել: Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքով, որ ակնհայտ տեռորի դրսևորում էր, նույնպես իր «եղբոր» կողքին էր:

-Շատ ճիշտ նշեցիք, որ Մուսթաֆա Քեմալը որոշել էր հարձակվել Հայաստանի վրա դեռևս 1920 թ. փետրվարին: Ես իմ «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921 թթ.)» գրքում գաղտնի փաստաթղթերի հիման վրա ցույց եմ տալիս սա: Կլիմայական անբարենպաստ պայմանները թույլ չէին տվել: Սա մինչև Սևրի պայմանագիրն էր:

Երկրորդը 1920 թ. նոյեմբերի 8-ի գաղտնի փաստաթուղթն է՝ հրամանը, որ ստանում է Կարաբեքիրը Անկարայից՝ քեմալականների մայրաքաղաքի կառավարությունից: Այդտեղ բառացիորեն ասվում էր. «Հայաստանը պետք է ոչնչացվի թե՛ քաղաքականապես և թե՛ իրապես»: Այսինքն` դա ոչ միայն պատերազմ էր Հայաստանի դեմ, այլեւ հենց բառի բուն իմաստով երիտթուրքերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունը: Քեմալականներն, ըստ էության, իրենց նպատակին հասան. դադարեց գոյություն ունենալ անկախ հայկական պետականությունը: Հայաստանը, ինչպես արդեն նշեցի, բաժանվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև: Ներկա պայմաններում իրավիճակի որոշակի նմանություն տեսնում ենք, բայց կա շատ սկզբունքային տարբերություն: Երբ այն ժամանակ Հայաստանը վերացնելու հրաման էր տրվել, թուրքական բանակը, Կարաբեքիրի ղեկավարությամբ, արդեն ներխուժել էր Հայաստան և կանգնած էր Ալեքսանդրապոլի մատույցներում: Հիմա Ադրբեջանը փորձում է ագրեսիաներ կազմակերպել Հայաստանի դեմ: Բայց հզոր հակահարված է ստանում ու հետ է շպրտվում: Եվ արդեն դիմում է բացահայտ տեռորի: Իրենց կարճ մտքով մեզ փորձում են վախեցնել, որ իբր կհարվածեն մեր ատոմակայանին: Կարծում եմ՝ մեր իշխանությունները պետք է սկզբունքորեն հետամուտ լինեն, որ սա որակվի որպես ծանրագույն հանցագործություն և այս հարցը լրջորեն բարձրացնեն միջազգային ատյաններում:

Իհարկե, ՀՀ արտգործնախարարությունը իր հայտարարության մեջ նշեց և հենց այդպիսի ձևակերպում տվեց՝ «Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները», բայց դա երևի թե քիչ է:

-Քիչ է: Ես չեմ հիշում, որ երբևէ որևէ պետություն պաշտոնապես Ադրբեջանի նման հայտարարություն արած լինի մեր օրերում: Սա աննախադեպ տեռորիզմ է:

Ի՞նչ դասեր ենք մենք քաղել պատմությունից: Նոր իրողությունների շրջանակներում Սևրի պայմանագիրը ի՞նչ հնարավորություններ ունի:

-Սևրի պայմանագիրը մեր շահերի տեսակետից Հայկական հարցի լուծման գագաթնակետն էր: Եթե մենք նայենք մեր ժողովրդի զինված պայքարին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, դա պայքար էր նաև «Սևրի համար», այսինքն` Սևրի պայմանագիրը մեր զինված պայքարի արդյունքն էր: Երկրորդը՝ մենք աշխարհի տարբեր երկրների հետ ստորագրեցինք մի պայմանագիր, որը մեր բնօրրանում ինքնուրույն պետականություն ունենալու իրավունք էր տալիս մեզ: Եվ Օսմանյան կայսրությունը ստիպված էր դա ստորագրել: Բայց… Սևրը մնաց թղթի վրա: Սա մեզ համար պատմական կարևոր դաս պետք է լինի, որ եթե մենք միջազգային թատերաբեմում հասնում ենք հաջողությունների, ինչպես, օրինակ, Սևրն էր, մենք ամեն գնով պետք է կարողանանք տեր կանգնել դրանց, առաջին հերթին՝ մեր զինված ուժերով: Պետք է թույլ չտանք, որ միջազգային ատյաններում բանակցությունների միջոցով ձեռք բերված հաղթանակները հետնահանջ ապրեն կամ չեղարկվեն: Սա՝ որպես մեր պատմության կարևոր դասերից մեկը, պետք է լա՛վ սերտենք:

Խնդրում եմ, համառոտ ներկայացնեք Ազգային ակադեմիայում կայացած «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» գիտաժողովի ընթացքում Ձեր ելույթում տեղ գտած կարևոր շեշտադրումները:

– Զեկուցումը, որով հանդես եկա, նվիրված էր հետևյալ հարցին. փորձել հասկանալ, թե ովքե՞ր էին ներկայացնում թուրքական կողմը, որ Օսմանյան կայսրության անունից ստորագրեցին Սևրի պայմանագիրը: Քեմալականները սրանց դավաճաններ հայտարարեցին և մահապատժի դատապարտեցին: Այդ մարդիկ թուրքական իշխող դասի որոշակի խմբավորում էին ներկայացնում: Սուլթանը հրավիրել էր խորհուրդ, որ Թուրքիայի պատմության մեջ միայն երկու անգամ է եղել: Դրան մասնակցել են 45 ամենահարգված քաղաքական գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ՝ գեներալներ, որոնք բոլորը, բացի մեկ հոգուց, կողմ էին դաշնագրի ստորագրմանը: Ինչո՞ւ, որովհետև նրանք հակաերիտթուրքեր էին: Մինչդեռ, քեմալականները երիտթուրքերի հետնորդներն էին, որոնք շարունակեցին ցեղասպանության քաղաքականությունը: Սևրի պայմանագիրը ստորագրած մարդիկ հույս ունեին, որ Համաշխարհային պատերազմից հետո ստեղծվող նոր աշխարհում Թուրքիան՝ թեկուզ փոքր տարածքով, բայց կկարողանա իր տեղը գտնել և նորմալ հարաբերություններ ստեղծել հարևանների՝ Քրդստանի, Հայաստանի և մյուսների հետ: Նրանք փորձում էին աշխարհում Թուրքիայի համար երկընտրանքային դիրք ապահովել, բայց պարտվեցին:

Այսօր Էրդողանի գիծը ո՞ւր է տանում:

– Սևրից հետո իշխանության եկած քեմալական վերնախավի մեջ խորը վախ առաջացավ, թե կարող է կրկնվել Սևրը: Ամբողջ աշխարհը, Անտանտի երկրները, Թուրքիային մեկուսացնելով, ստորագրել էին Սևրի պայմանագիրը: Եվ արդեն 100 տարի է, ինչ նրանք վախենում են, որ կարող է Սևրը կրկնվել և մասնատել Թուրքիայի Հանրապետությունը: Էրդողանն իր այդ վախը, որ «Սևրի սինդրոմ» անվանումն է գտել, սկսեց օգտագործել Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Այժմ Թուրքիան իր զինված ուժերը պահում է երկրի սահմաններից դուրս՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Բահրեյնում, Աֆրիկյան երկրներում, Հյուսիսային Կիպրոսում 40000-անոց բանակ ունի: Թուրքական զինված ուժերի մասնակցությունը տեսնում ենք տարբեր զինված հակամարտություններում: Էրդողանն իր այսօրվա ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականությունն սկսում է հիմնավորել այսպես՝ որ իբր իր գործելաոճն ուղղված է նրան, որ աշխարհն իրենց դեմ երկրորդ Սևր չկազմակերպի:

Անգամ Լոզանի պայմանագիրն է քիչ համարում, և ինչպես Դուք գիտաժողովում նշել էիք, Սուրբ Սոֆիայի տաճարում նամազի ընտրության օրը, որ Լոզանի պայմանագրի ստորագրման օրվան էր համընկել, պատահական չէր, այլ սիմվոլիկ արտահայտումը Էրդողանի այն պնդման, որ «Արևմուտքը պարտադրեց մեզ Սևրը, մենք համաձայնեցինք Լոզանի հետ: Մենք մի ազգ ենք, որը ապրում է Լոզանով, մեր կորուստների ցավով, եթե կանգ առնենք, մենք կվերադառնանք Սևրի պայմանագրին»:

-Աթաթյուրքը, 1920 թ. հունվարին օսմանյան վերջին խորհրդարանին ընդունել տվեց իր կազմած «Ազգային ուխտը»: Այնտեղ նախանշված էին ապագա Թուրքիայի Հանրապետության սահմանները: Հետագայում Թուրքիան չկարողացավ այդ սահմաններն ամբողջացնել՝ Հյուսիսային Սիրիան, Հյուսիսային Իրաքը, Բաթումը, Արևմտյան Թրակիան, Կիպրոսը, Նախիջևանը, Հայաստանը դուրս մնացին այդ «ազգային ուխտի» սահմաններից: Թուրքիայի Հանրապետության սահմանները Լոզանի պայմանագրով ճանաչվեցին առանց այդ տարածքների: Այդ է պատճառը, որ Էրդողանն ասում է, թե Լոզանը չիրականացրեց իրենց մեծ «ազգային ուխտը», և հիմա իրենք պետք է ավարտին հասցնեն այդ գործը:

Արդեն տեսնում ենք, որ որոշ չափով դա իրականություն է դարձել, օրինակ՝ Հյուսիսային Սիրիայի դեպքում: Հիմա Նախիջևանում են ուզում ռազմաբազա ստեղծել: Այսինքն՝ այսօր Թուրքիան Էրդողանի շուրթերով հայտարարում է, որ Լոզանը իր պարտությունն էր, (թեև մի ժամանակ դա իրենց հաղթանակն էին համարում), և որ հիմա ժամանակն է իրենց «ազգային ուխտը» իրականացնելու:

Մեր քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեն այս պայմաններում, և դիվանագիտական ի՞նչ քայլերի հնարավորություն ունենք:

-Ամենամեծ դասը, որ արդեն քննարկեցինք, այն է, որ առաջին հերթին մեր հույսը մեր ուժերի վրա պետք է դնենք, մեր բանակի վրա, որը մեր անվտանգության, անկախության առաջին և միակ հաստատուն գրավականն է: Որքան մեր բանակն ավելի հզոր լինի, այդքան մեր անվտանգությունն ավելի ամուր կլինի: Երկրորդը՝ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ է՛լ ավելի ամուր հիմքերի վրա դնելն է: Երրորդը՝ պետք է պատրաստ լինենք ամեն պահի ադրբեջանական կողմից ագրեսիայի սանձազերծմանը, քանի որ Ադրբեջանի ագրեսիան նաև Թուրքիայի ագրեսիան է: Վստահ եմ, որ հուլիսյան ագրեսիան նախապատրաստվել էր Թուրքիայի հետ համատեղ: Պետք է ոչ միայն հակահարված տանք, այլև կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք: Նաև պետք է խորացնենք մեր մեծ գաղափարը` կերտենք մեր պետականությունը Հայկական բարձրավանդակում: Սևրի պայմանագիրը, անկախ իր վերջնարդյունքից, միջազգայնորեն ճանաչեց մեր ժողովրդի` իր բնօրրանում պետականություն ունենալու իրավունքը: Այնպես որ, Սևրը միշտ աչքի առաջ պետք է պահենք: Ես մեծ կարևորություն եմ տալիս այն բանին, որ դա լինի աշխարհի ամբողջ հայության պայքարը: Իհարկե, սա հեշտ չի լինելու: Հրեաները 2000 տարի պայքարեցին, մինչև իրենց պետությունը հիմնեցին իրենց բնօրրանում: Մենք ավելի մեծ նախադրյալներ ունենք՝ երկու պետականություն ունենք՝ Արցախում և ՀՀ-ում: Մեզ փոխարինելու եկող երիտասարդ սերունդը, մեր այս ձեռքբերումներն իր շտեմարանում ունենալով, կարող է մեր պայքարը շատ ավելի բարձր մակարդակով, ժամանակակից լեզվով առաջ մղել միջազգային թատերաբեմում, ցույց տալ մեր դերն ու նշանակությունը՝ որպես հին քաղաքակրթության կրողներ:

Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով հաշվի էր առնվում նաև հայ ժողովրդի քաղաքակրթական ներուժը:

-Շատ ճիշտ է: Ես ուսումնասիրել եմ այն հիմնավորումները, որոնք դրված էին Վիլսոնի փաստաթղթում: Դրա վրա աշխատել էին ԱՄՆ-ի երեք լավագույն մասնագետներ: Հաշվի էր առնված ոչ միայն Հայաստանի աշխարհագրական տեղանքի անվտանգությունը՝ լեռ, ձոր, գետ և այլն, այլև այն հանգամանքը, որ խաղաղ պայմաններում հայ ժողովուրդը շատ արագ, իր քաղաքակրթական հատկանիշներից ելնելով, կզարգանա, կհզորանա և խաղաղ ճանապարհով գերիշխող կդառնա ամբողջ այդ տարածքում: Ի դեպ, հայ ժողովրդի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին իր առաջին ուղերձում ասել է. «Հայ ժողովուրդը ստեղծել է հին աշխարհում ամենահզոր քաղաքակրթություններից մեկը»:

Վիլսոնի իրավարար վճիռն այն փաստաթուղթն է, որ, կարծում եմ, արդեն կարող ենք հետևողականորեն և հիմնավորված օգտագործել որպես հակափաստարկ Թուրքիայի հարկադրման քաղաքականության դեմ, երբ իր առաջադրած նախապայմանների մեջ նա ձգտում է ճնշում իրականացնել մեզ վրա և հիշատակում է Կարսի պայմանագիրը:

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

www.hayzinvor.am/79676.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail