Ընկերվարական Երիտասարդներու Միջազգային Միութեան Բանաձեւ` Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակին Առիթով
10 ՄԱՅԻՍ 2015 – Երիտասարդական – ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: – ԾՐԱԳԻՐ – ՈՐՈՇՈՒՄ:
Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը (ԸԵՄՄ) լինելով հաւատարիմ հետեւորդ` արդարութեան սկզբունքներին, ժողովրդավարութեանը, հաւասարութեանն ու մարդու իրաւունքներին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ, հաշուի առնելով այն, որ այս տարի` աշխարհում յիշատակւում է 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:
Հայոց ցեղասպանութիւնը մի շարք այլ ցեղասպանութիւնների նախադէպ դարձաւ, քանի որ դարասկզբի առաջին ցեղասպանութիւնն անպատժելի մնաց: Հայոց ցեղասպանութեան ընթացքում կիրառուած միջոցներն ու ձեւերը օրինակ դարձան նաեւ հետագայ ցեղասպանութիւնների համար:
Միջազգային իրաւունքի համաձայն, ցեղասպանութիւնը յանցագործութիւն է եւ հակառակ ԸԵՄՄ-ի ոգուն եւ նպատակներին:
Հետեւաբար`
- ԸԵՄՄ-ն դատապարտում է հայ ժողովրդի դէմ իրականացուած ցեղասպանութիւնը, որը նախատեսուել եւ իրականացուել է Օսմանեան կայսրութեան եւ թուրքական տարբեր իշխանութիւնների կողմից` 1915-1923 թուականներին: Այս տարիների ընթացքում աւելի քան 1,5 միլիոն հայեր, որոնք ապրում էին իրենց նախնիների հայրենիքում (որն այսօր յայտնի է որպէս Արեւելեան Թուրքիա) դաժանօրէն ոչնչացուել են, իսկ ժառանգութիւնը առգրաւուել կամ հիմնականում աւերուել է: Փոքր թուով հայեր, ովքեր ողջ մնացին, սփռուեցին ամբողջ աշխարհով մէկ:
- ԸԵՄՄ-ն խստօրէն դատապարտում է թուրքական կառավարութեան ժխտողականութիւնը, եւ բոլոր այն փորձերը, ուղղուած` լռեցնելու եւ կաշառելու ցանկացած նախաձեռնութիւն, որոնք տարւում են Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման դէմ: ԸԵՄՄ-ն հաւատում է, որ ցեղասպանութեան ժխտումը կրկնակի յանցագործութիւն է, որը պէտք է պատժուի:
- ԸԵՄՄ-ն աջակցում է ՀՅԴ Երիտասարդականին եւ հայ ժողովրդին` կոչ անելով Թուրքիային սկսել անյապաղ գործընթացներ հետեւանքների վերացման համար, ինչպէս նաեւ կազմակերպել գործընթաց հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման համար: ԸԵՄՄ-ն հաւատում է, որ սա միակ յուսալի ճանապարհն է երկու երկրների եւ ժողովուրդների հաշտեցման համար:
- ԸԵՄՄ-ն կրթութիւնը դիտում է որպէս էական եւ կառուցողական միջոց ցանկացած ծայրայեղութեան դէմ պայքարելու համար: Այսպիսով մենք կոչ ենք անում մեր անդամ կազմակերպութիւններին Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ իրազեկման աշխատանքներ տանել, քանի որ միայն տեղեկացնելով անցեալի ցեղասպանութիւնների մասին եւ դրանք դատապարտելով, կարող ենք կանխել նորերի իրականացումը:
9 մայիս 2015
arfd.am/news/29290/?lang=arm