Հակոբ Չաքրյան – Թուրքիայի միջամտելու հնարավորությունները սահմանափակ են, Ռուսաստանինը՝ ոչ

Հակոբ Չաքրյան

Թուրքիայի միջամտելու հնարավորությունները սահմանափակ են, Ռուսաստանինը՝ ոչ

29.08.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

Մեր զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում և ընդհանրապես, վերջին շրջանում Անկարան Արցախի հետ կապված անընդհատ հայտարարություններով է հանդես գալիս: Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է Թուրքիան անընդհատ փորձում միջամտել, մասնավորապես, Տավուշի դեպքերից հետո նման փորձ արվեց:

Տավուշի դեպքերի ժամանակ Թուրքիայի կողմից անմիջական միջամտություն չկար, հայտարարություններով սահմանափակվեց, որ մենք մշտապես եղել ենք Ադրբեջանի կողքին, էլի ենք լինելու: Բայց այդ խոսակցությունները 1991-ից ի վեր կրկնվում են: Թուրքիան սկսած 1991 թվականից մշտապես հայտարարել է, որ Ադրբեջանի կողքին է, և ինչ հաջողության են հասել ադրբեջանցիները:

Եթե Ադրբեջանը ամեն անգամ պարտվում է, դա Ադրբեջանի կողքին մշտապես գտնվող Թուրքիայի պարտությունն է նաև: Փաստորեն Թուրքիան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանով միջնորդավորված անուղղակի պատերազմ է վարում, և եթե ադրբեջանական կողմը պարտվում է, հետևաբար այդ պարտությունից իր բաժինն ունի նաև Թուրքիան:

1991-ից սկսած անընդհատ նույն բանն են կրկնում և անընդհատ պարտվում են, անգամ զարմանում ես՝ այդ մարդիկ գլխով են մտածում, թե ինչով:

Թուրքիան անընդհատ խոսում է Ադրբեջանի ռազմավարական թիվ մեկ գործընկերը լինելու մասին, մյուս կողմից Սերգեյ Լավրովն է տարբեր հայտարարություններ անում: Որքանո՞վ է Ռուսաստանը փորձում այս պահին Ադրբեջանի վրա ազդեցության համար պայքարել:

Արդեն ասացի, որ 1991-ից սկսած Թուրքիան անընդհատ նույն բանը կրկնում է և Ադրբեջանն անընդհատ պարտվում է: Ժամանակին Թուրքիան Ադրբեջանին օգնել էլ է. օրինակ 1992 թվականին 30 մլրդ դոլարի վարկ է տվել, որ զենք գնեն: Հետո 3 հազար կամավորականներ, նաև բուժօգնության, սննդամթերքի քողի տակ զենք էլ է ուղարկել և այլն, բայց որևէ հաջողություն չի ունեցել:

Հետևաբար, այդ հայտարարությունները, հավանաբար, Էրդողանի վարած քաղաքականության արդյունքն են: Նա բոլորի հետ հարաբերությունները սրել է՝ Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի հետ, իսկ տարածաշրջանում կատարյալ մեկուսացել է:

Սիրիայում, Իսրայելում, Եգիպտոսում դեսպան չունեն: Եգիպտոսը Հունաստանի, Կիպրոսի հետ պայմանագիր է ստորագրել բնական գազի հորատման հարցերով:

Թուրքերը դա անվանում են արժանապատիվ մեկուսացվածություն: Մի բան էլ է ասել. Արցախյան խնդրի կարգավորման նախաձեռնությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին: Ինչքան էլ Անկարայից վայնասուն բարձրացնեն, այդ երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, մեծ տերություններ են և նախաձեռնության հարցում շատ խանդոտ են:

Այսինքն նրանք չեն թողնի, որ Թուրքիան գործնական քայլեր կատարի այդ ուղղությամբ, որովհետև դա կդիտարկվի որպես ոտնձգություն իրենց նախաձեռնության դեմ: Նույնն էլ Ալիևի պարագայում է. եթե նա ուզենա լայնամասշտաբ պատերազմ սկսել, դա նույնպես դիտարկվելու է համանախագահ երկրների կողմից որպես ոտնձգություն իրենց նախաձեռնությանը:

Հետևաբար, ինձ ավելի են մտահոգում Լավրովի հայտարարությունները: Այսինքն Թուրքիայի՝ գործնական միջամտելու հնարավորությունները սահմանափակ են, իսկ Ռուսաստանինը՝ ոչ: Հիմա Լավրովը սիրաշահում է Ադրբեջանին, քանի որ, գիտեք, Ռուսաստանի գերխնդիրը Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ներկայություն պահպանելն է:

Ռուսական ռազմակայանը, որ կա Գյումրիում, ինչպես նաև սահմանին կանգնած ռուսական զորքը, ապահովում է Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Կովկասում: Այսինքն, եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, ստիպված է լինելու հեռանալ Հարավային Կովկասից: Իսկ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար ծառայում է որպես կամուրջ ներթափանցելու համար Մերձավոր և Միջին Արևելք:

Ռուսներն էլ դեռ ցարական ժամանակներից երազել են հասնել տաք ծովեր՝ մինչև Միջերկրական ծով: Այդ առումով արդեն իրենց առաջադրանքը կատարել են. Հմեյմիմ ռազմաբազաներում են: Իսկ ահա Լավրովի հայտարարությունները մտահոգիչ են: Մենք ասում ենք՝ դաշնակից ենք Ռուսաստանի հետ, բայց իրականում Ռուսաստանը մեր դաշնակիցը չի, մենք ենք Ռուսաստանի դաշնակիցը:

Երբ ռազմավարական դաշնակցության մասին պայմանագիր են կնքում, կողմերը պարտավորություններ են ստանձնում: Այս պարագայում, երբ մենք ենք միայն Ռուսաստանի դաշնակիցը և ոչ հակառակը, ապա մենք կկատարենք մեր պարտավորությունները, իսկ Ռուսաստանը կկատարի իր պարտականությունները միայն այն ժամանակ, երբ դա ցանկանա, երբ դա բխի իր շահերից: Այսինքն, ավելի վտանգավոր է:

Կարո՞ղ ենք ասել, որ Արցախի հարցում վտանգն ավելի շատ Ռուսաստանից է գալիս, քան Թուրքիայից:

Առայժմ կոնկրետ վտանգ չկա, բայց եթե վտանգ գալու լինի, Ռուսաստանից կգա: Չեմ ասում՝ Ռուսաստանը մեզ սպառնում է, բայց եթե վտանգ լինի, այնտեղից կարող է գալ: Դրա դեմ պայքարելը մեզ համար դժվար կլինի: Թուրքիայի կողմից վտանգի դեպքում Մինսկի խմբի եռանախագահող երկրները խանդոտ վերաբերմունք ունեն, և դու կարող ես նրանց աջակցությունն ակնկալել, նաև Եվրամիությունը կմիջամտի, քանի որ Մինսկի խմբի եռանախագահների մեջ Ֆրանսիան ներկայացնում է ոչ միայն իր երկիրը, այլև ԵՄ-ն:

Այսինքն երբ եռանախագահներին թվարկելիս ասում ենք՝ Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, պետք է ասենք՝ Եվրամիություն, Ռուսաստան, ԱՄՆ: Շատ լավ է, որ այդպես է, որովհետև մենք հավասարակշռելու խնդիր ունենք: Ռուսական բացասական դիրքորոշումը հակակշռելու համար ԵՄ-ի ներկայությունը մեզ պետք է:

lragir.am/2020/08/29/574940/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail