Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ. ՀՀ ԱԳՆ
2 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային չի դիտարկում որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջնորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Թուրքիան իր պահվածքով, կարծես, իրապես ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը՝ երկիր, որը չի ճանաչում և, անգամ, արդարացնում է Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ որպես տուժած կողմ»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ և իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ իրականացնում է հենց այս գնահատականի հիման վրա:
Նորայր Շողիկյան
armenpress.am/arm/news/1026499.html