Ինձ համար համաներում բառը վիրավորական է․ ՀՅԴ հեռացված անդամները չեն վերադառնա կուսակցություն
04 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 –
ՀՅԴ բյուրոն կուսակցության 130-ամյակի կապակցությամբ համաներում է հայտարարել է բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, որոնք հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից: Խոսքը վերաբերում է միայն նրանց, որոնք ՀՅԴ-ից հեռանալուց հետո չեն գործել կուսակցության դեմ, իսկ գործընթացի վերջնաժամկետը մինչև տարեվերջ է:
ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ շատ դիմողներ կլինեն, իսկ կընդունեն միայն նրանց, որոնք «Դաշնակցության որոշումների, հռչակած քայլերի դեմ խափանարար գործունեություն չեն ծավալել»:
Մենք զրուցեցինք դեռևս 2018-ի մայիսին ՀՅԴ-ից արտաքսված ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Աբո Պողիկյանի հետ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը՝ Դաշնակցության վարկանիշի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմավարության արդյունքը համարելով։ Աբո Պողիկյանը մանավանդ մեղադրվել էր, որ թավշյա հեղափոխության օրերին Հրանտ Մարգարյանի գլխավորած ՀՅԴ հայաստանյան կառույցի սխալ քաղաքականությունը քննադատող հոդվածներ է տպագրել «Ասպարեզ» օրաթերթում։
Անդրադառնալով ՀՅԴ-ի հայտարարած համաներմանը, Պողիկյանն ասաց. «Պարզապես ուզում եմ ասել, որ ինձ համար համաներում բառը վիրավորական է: Ինձ հեռացրել են ոտնակոխելով ՀՅԴ կանոնագիրը։ Նույն հեռացնողներն են հայտարարության հեղինակները և հավանաբար (թերևս վստահաբար) չեն պատրաստվում ինձ ընդունել, եթե նույնիսկ ուզենայի դիմել: Հայտարարության մեջ կա իրենց կամայական վերաբերմունքի հիմք տվող տող։ Իմ տրամադրությունն այս հարցի վերաբերյալ լավագույնս արտահայտել է Նազարեթ Բերբերյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ»:
Նշենք, որ Բերբերյանն այս առիթով նշել էր. « Ի՜նչ «համաներում», երբ զայն «շնորհելու» ելած այս ինքնակոչները նախ իրե՛նք պէտք է դատուին յաչս հայ ժողովուրդին Հ․Յ․Դ․ն այս աստիճան ՎԱՐԿԱԶՐԿԵԼՈՒ իրենց յանցանքին համար, ապա և ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺ կրեն ԺՈՂՈՎՈՒՐԴը իր պաշտած ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵՆԷՆ խորթացնելու իրենց անպատասխանատու վարքուբարքին համար»:
Այս խնդրի շուրջ զրուցեցինք նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախկին անդամ Միհրան Ասատրյանի հետ, որին իր ընկերների հետ հեռացրել էին ՀՅԴ-ից, քանի որ միության անդամները չէին ցանկացել մասնակցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցույցերին:
Նա ևս մտադիր չէ վերադառնալ Դաշնակցության շարքերը, ավելին՝ վստահ է, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության իր ընկերներից ևս վերադարձողներ չեն լինի:
«Ոչ, չեմ վերադառնա, քանի որ ներելու հարց չունեմ, հանցանք չեմ գործել: Եթե Դաշնակցությունը ներողություն խնդրի, իր վարած քաղաքականության, սերժաքոչարյան իշխանության հետ համագործակցելու համար, գուցե այդ ժամանակ մտածելու բան լինի: Այլապես իմաստ չեմ տեսնում այս հայտարարություններին արձագանքելու»,-ասաց Միհրան Ասատրյանը:
Հարցին, թե ՀՅԴ-ի գործունեության մեջ փոփոխություն նկատո՞ւմ է, թե՞ ամեն բան առաջվա նման է, նա պատասխանեց. «Այնքան էլ առաջվանը չի, որոշ բաներ արդեն բացահայտ են դարձել, ընդգծված հակահեղափոխական գիծը բացահայտ է դառնում»:
Ասատրյանը նշեց, որ ՀՅԴ-ից հեռացողները շատ ավելին են, քան հայաստանյան կառույցում մնացածները. «Դուրս եկողները հիմնականում շատ ավելի կայուն, կայացած մարդիկ են: Նրանք իրենց քանակով շատ ավելին կլինեն, քան այստեղի Դաշնակցությունը: Ցավոք, չնայած կուսակցությունն ինքը պետք է տարածի դաշնակցական գաղափարները, բայց այս պահին կարծես շեղվել է դրանցից»:
Աղբյուրը՝ Lragir.am
mer-oughin.am/2020/09/04/ինձ-համար-համաներում-բառը-վիրավորակա/