Կուսակցությունն իրեն դաժան քննադատության ենթարկողին ոչ թե գտնում ու պատժում էր, այլ նրա քննադատությունը հրապարակում էր

Կուսակցությունն իրեն դաժան քննադատության ենթարկողին ոչ թե գտնում ու պատժում էր, այլ նրա քննադատությունը հրապարակում էր իր պաշտոնաթերթում

04 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 – Գաղափարախօսութիւն:

ՆՈՐԱՅՐ ՄԵԼՔՈՄ ՄԵԼՔՈՄՅԱՆ

Անդրադարձ

Կարդալով Հ․Յ․Դ․ Բյուրոյի հայտարարությունը` Հ․Յ․Դ․ հիմնադրման 130-ամյակի առիթով Հ․Յ․Դ․ շարքերից հեռացված կամ հրաժարված բոլոր նախկին դաշնակցականներին ներելու եւ շարքերում նրանց վերընդունելու մասին` երկար ժամանակ չէի կարողանում դադարել դրա մասին մտորելուց։

Վերջում համոզվեցի, որ Հ․Յ․Դ․ Բյուրոն էլ ճիշտ չի հասկանում, թե հատկապես վերջին տասնամյակում կուսակցության շարքերից դուրս հայտնվածների ճնշող մեծամասնությունը ի՞նչ պատճառներով է հեռացել կամ հեռացվել, եւ թե ինչո՛ւ է անհավանական, որ ներկա պայմաններում, նրանք ցանկանան կուսակցությանը վերանդամակցել։ Լավ չի պատկերացնում, թե կուսակցությունը, հատկապես Հայաստանի կազմակերպությունը, արդեն վաղուց ինչպիսի՛ վիճակում է գտնվում*։ Իսկ եթե այդ բոլորը պատկերացնում ու հասկանում է, և կա վերափոխելու ազնիվ ցանկություն, ապա արդյոք դրա համար անհրաժեշտ ուժն ու խիզախությունն իր մեջ գտնո՞ւմ է` դեռ մի կողմ թողած հաջողելու հավանականությունը։

Ծանր, շատ ծանր է կուսակցության վիճակն այսօր։

Հ․Յ․Դ․ գաղափարախոսությունից տակավ առ տակավ խոտորելով` նրա հավատո հանգանակի հիմերը կազմող ժողովրդավարական եւ ընկերվարական սկզբունքները համարյա իսպառ մոռացության տալով, կազմակերպական կանոնները ոգեզուրկ` ի չարս օգտագործելով եւ տասնամյակների ընթացքում ձեւավորված Դաշնակցական բարոյականությունը խաթարելով, կուսակցության ՙընտրված՚ մարմինները, ինչպես արևմտահայերենով է ասվում, քիչ մը ամեն տեղ դադարել են ղեկավարներ լինելուց ու վերածվել ինքնարտադրող իշխանությունների, իսկ ըստ կարգի իրենցից հաշվառու, իրենց ուղղություն տվող եւ իրենց ընտրող ժողովներին, ժամանակի ընթացքում հետևողական ներգործությամբ, վերածել են առավելապես բովանդակազուրկ ծեսերի։

Կուսակցության համար այսօր կուրծք ծեծողներն ու կոկորդ պատռողները թող ասեն` այդպես չէ՛, որ կուսակցությունը ժողովրդավարական է, եւ որ պարկեշտության պահպանմամբ՝ ամեն կուսակցական տեղին կարող է ցանկացած հարցի մասին իր մտքերն անկաշկանդ արտահայտել, ընդհուպ` կուսակցական ժողովում հաշվետու մարմնին սուր քննադատել` առանց խորթ վերաբերմունքի արժանանալու, պիտակավորվելու, մեկուսացվելու: Որ՝ նրանց չեզոքացնելու գործին չեն լծված կուսակցական իշխանությունների ՙհավատարիմները՚, ովքեր հետեւում են, լսում, զեկուցում, որ ՙհակադաշնակցականները՚ հանկարծ իշխանափոխություն չիրականացնեն։

Սրանք Դաշնակցությանը նվիրվածությունը շփոթում են կուսակցության իշխանություններին նվիրվածության հետ։ Ինչպես իմ երջանկահիշատակ դաստիարակներից մեկն էր ասում` ՙմարդու մարդիկ են՚։

Իսկ նման պայմաններում միտք չի դրսեւորվի, ո՜ւր մնաց քննադատական միտք, ինչն անհրաժեշտ պայման է եղածից դասեր քաղելու և ճիշտ որոշումների հանգելու համար։

Մշտապես ճիշտ եղողների համար սեփականից բացի այլ մտքերի արծարծումը ո՜չ անհրաժեշտ է, ո՜չ էլ հաճելի, հատկապես քննադատական մտքի դրսևորումը, ինչն արդեն վտանգավոր է` անաթեմա։

Իրենք արդեն ճիշտ են, ուստի եւ` անում են ամե՜ն ինչ իրենց ճշտի շարունակականությունը ապահովելու համար․– Ճիշտ ուղղություն, այդ ուղղությունը պահող ճիշտ մարդիկ ու այդպես շարունակ…

Հեղափոխությունների դարն անցած համարողները, ընկերվարությունը հարցականի տակ առնողները, ժողովրդավարությունը ծանակողներն ու ուժեղ ձեռքի ջատագովները, ովքեր ՙիրատեսությունը՚ դրոշ դարձրած մի կողմ են դնում Դաշնակցության գաղափարական սկզբունքներն ու բարոյական ըմբռնումները, այսօր տիրական են կուսակցության մեջ։

Այդպիսի՛ն է նրանց հայեցողությունը եւ վերաբերմունքը թե՛ պետությանը, եւ թե՛ կուսակցությանը վերաբերող հարցերի նկատմամբ։ Իսկ նրանց ՙսխալ եք անում՚ ասողները բացասական վերաբերմունքի են արժանանում, պատժվում` ընդհուպ հեռացվում կուսակցությունից։

Վերջնարդյունքը`

– Ինքն իրեն ժողովրդավար համարող կուսակցություն, որում ընդդիմախոս եւ ընդդիմախոսություն չկա, դրանք լավ չեն ընդունվում, չեն հանդուրժվում։ Ժողովրդավարությունը վերածվում է ընկերՙա՚վարության` գործը համախոհ, վստահելի ընկերներով (ախպերներով) փոխնիփոխ վարելուն։

Ընդդիմախոսությանը արժեք տալու Դաշնակցության` իմ գիտեցած բարձրակետը Հրայր Դժոխքի քննադատական նամակի` ՙԴրօշակի՚ մեջ հրապարակումն է։

Հայ ժողովրդին անմնացորդ նվիրված անմահանուն այս դյուցազնը ՙՀնչակ՚ին և ՙԴրօշակ՚ին 1895 Մայիսի 2ին ուղարկած նամակով իր տեսակետներն է հայտնում հայ հեղափոխության մասին և իր վերաբերմունքը դրսեւորում Հնչակյան եւ Դաշնակցական կուսակցությունների, նրանց գործունեության եւ միմյանց նկատմամբ պահվածքի հանդեպ։

Տեսե՜ք, թե մեկիկ-մեկիկ ծանրագույն ինչպիսի մեղադրանքներ է նա ուղղում այդ կուսակցություններին։ Ի տես եւ ի լուր (անշուշտ իր կարծիքով) նրանց թույլ տված սխալների, որքան անխնա՛ դատապարտում է ու խարազանում նրանց։ Որքա՜ն մերկացումներ է անում, ամոթանքի սյունին գամում ու ի՜նչ լուտանք է թափում նրանց գլխին…

Կշշմե՜ք։

Ապա՝ տեսե՜ք, թե ի՛նչ բարձունք է նվաճում ՙԴրօշակ՚ը, որ, ի տարբերություն ՙՀնչակ՚ի, ամբողջությամբ տեղ է տալիս նամակին նույն թվականի հուլիսին լույս տեսած իր համարում։

Որքան գիտեմ, սրանից հետո է, որ Հրայրը անդամագրվում է ՀՅԴ-ին։

Եւ ինչու՞ զարմանալ։

Կուսակցությունն այդ ժամանակ իրեն դաժան քննադատության ենթարկողին ոչ թե գտնում ու պատժում էր, այլ նրա քննադատությունը հրապարակում էր իր պաշտոնաթերթում։

Գաղափարա-բարոյական հզորության ինչպիսի՜ դրսևորում։

Հիմա քննադատողներին վերանդամակցության են հրավիրում` նրանց ՙներելով՚, իսկ Դաշնակցության անմիտում փառակերտման ժամանակներում նրանց անդամակցության առջև դուռ էին բացում` նրանց քննադատությունները ի լուր հանրության հրապարակելով։

Ո՛ւր էինք, ո՜ւր հասանք։

Հ․Յ․Դ․ Բյուրոյի հայտարարության հետ կապված` բացատրվելու կարոտ է մնում նաև այն, որ եթե ՙներվում՚ են կուսակցությունից հեռացվածներն ու հրաժարվածներն այն պայմանով, որ շարքերից դուրս գտնված ժամանակ Դաշնակցության դեմ չեն գործել, ապա ի՞նչ վերաբերմունքի են արժանանալու շարքային այն կուսակցականները, որոնք մեղանչելով Դաշնակցության գաղափարական սկզբունքների ու բարոյական ըմբռնումների դեմ, Դաշնակցության ծրագրի, ասել է թե նույն ինքը` Դաշնակցության դեմ են գործում։

* Այս նախադասության գրառման ավարտին հիշեցի Լիբանանի երբեմնի վարչապետ Ռաֆիք Հարիրիի հետեւյալ արտահայտությունը` «Եթէ մէկը ձեզի ըսէ, թէ ինք Լիբանանի խնդիրները լաւ հասկցած է, կը նշանակէ, որ իրեն լաւ չեն բացատրած…»։

Կարդացե՛ք նամակը՝ Hrayr.pdf

mer-oughin.am/2020/09/04/կուսակցությունն-իրեն-դաժան-քննադատո/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail