ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ադրբեջանը հրաժարվեց զորավարժությունից. «բացառիկ անկեղծություն»
06.09.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Ադրբեջանը չի մասնակցի Կովկաս 2020 զորավարժությանը, որը կայանալու է սեպտեմբերին Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Դա լինելու է բազմազգ զորավարժություն, որին մասնակցելու են ԱՊՀ, ՀԱՊԿ եւ Շանհայի գործակցության կազմակերպության երկրների զինված ուժերը: Զորավարժությունը ուղղված է լինելու հակաահաբեկչական պայքարին:
Այդ առնչությամբ Բացառիկ զորավարժություն. թիրախում ինքնաբերաբար Ադրբեջանն է հրապարակման մեջ անդրադարձել է իրավիճակի այն առանձնահատկությանը, որ զորավարժությանը հնարավոր է մասնակցի նաեւ երկիր, որի պետական քաղաքականությունն ու նաեւ զինված ուժերի մարտավարությունը էապես առնչվում է ահաբեկչական մեթոդների: Խոսքն իհարկե Ադրբեջանի մասին է, որ թիրախավորում է հայկական խաղաղ բնակչությանը, հովանավորում քնած անձանց կացնով գլխատող մարդասպաններին եւ հերոսացնում նրանց, իսկ գագաթնակետը՝ պաշտոնական մակարդակով սպառնում հարվածել ատոմակայանի եւ հետո որեւէ ներողություն չի խնդրում այդ այդ հայտարարության համար, ընդ որում ոչ միայն հայերից, այլեւ ռեգիոնի բոլոր ժողովուրդներից: Այդ թվում եւ սեփական ժողովրդից, որովհետեւ սպառնալ հարվածել Հայաստանի ատոմակայնին, նշանակում է սպառնալ թե հայերին, թե իրանցիներին, թե վրացիներին, թե թուրքերին եւ թե ադրբեջանցիներին: Որովհետեւ ատոմակայանին հարվածը դա ռեգիոնալ աղետ է:
Եվ ահա պարզվում է, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել երեք կազմակերպությունների համատեղ հակաահաբեկչական բնույթի զորավարժությանը:
Այդ որոշումը, հաշվի առնելով Ադրբեջանի պետական քաղաքականության եւ զինուժի գործողությունների բնույթը, գործնականում ստացվում է բացառիկ «անկեղծ»: Այն իմաստով, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը այդպիսով կամա, թե ակամա խոստովանում է, որ ինքը չէ, որ պետք է պայքարի ահաբեկչության դեմ:
Իսկապես, կարիք կա պայքարել այդ իշխանության քաղաքականության ահաբեկչական մեթոդների դեմ: Մեթոդներ, որոնք ընդ որում կիրառվել են ոչ միայն Հայաստանի եւ հայերի հանդեպ:
Միաժամանակ, զորավարժությանը չմասնակցելու որոշումը կարող է անկեղծ համարվել նաեւ այն իմաստով, որ ներկայումս Ադրբեջանը մեծ հաշվով վերածվել է թուրքական քաղաքականության կցորդի: Տավուշյան մարտերից հետո Անկարան ամբողջապես ցույց տվեց Ադրբեջանը յուրացնելու հանգամանքը, ըստ այդմ ներկայումս մի վիճակ է, երբ ռազմա-քաղաքական իմաստով չկա Ադրբեջան պետություն, կա Թուրքիա:
lragir.am/2020/09/06/576466/