ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայկական Աշխարհազօրի Առաջին Էֆեկտը. Մեծ Խաղ Ադրբեջանի Տարածքում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայկական Աշխարհազօրի Առաջին Էֆեկտը. Մեծ Խաղ Ադրբեջանի Տարածքում

10 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որով հերքել է ռուսական «Նեզաւիսիմայա Գազետա» պարբերականի հրապարակած Սիրիայից 500 թուրքոմեն վարձկանների Ադրբեջան տեղափոխման մասին, ինչպէս նաեւ Նախիջեւանում թուրքական ռազմակայանի առկայութեան մասին տեղեկութիւնը, որի մասին գրել է թերթը:

Միաժամանակ, Ադրբեջանի ՊՆն յայտարարել է, թէ աւելի լաւ է ուշադրութիւն դարձնել Հայաստանում աշխարհազօրի ստեղծման նախաձեռնութեանը, որով ըստ ադրբեջանցիների Երեւանը ստանում է բանակը վարձկաններով համալրելու հնարաւորութիւն, այդ թւում մերձաւորարեւելեան գօտուց:

Ադրբեջանն անշուշտ փորձում է պարզունակ նենգափոխումով ստանալ բումերանգի էֆեկտ (ազդեցութիւն-Խմբ.): Բայց, աշխարհազօրի հանգամանքը Բաքուին անհանգստացրել է խիստ եւ այստեղ լոկ քարոզչական «վերահասցէագրման» խնդիր չէ, որ լուծում է Ադրբեջանը:

Հայաստանում աշխարհազօրի ստեղծման նախաձեռնութիւնը ազդակ է այն մասին, որ Երեւանը գնում է անվտանգային ինքնաբաւութեան ընդլայնման: Երեւանն էապէս նուազեցնում է իր անվտանգութեան ապահովման հարցում այլ երկրի, մասնաւորապէս այդ դէպքում Ռուսաստանի աջակցութեան հրատապութիւնը:

Դա ամենեւին չի նշանակում, որ աշխարհազօրը Հայաստանում հնարաւորութիւն է տալու առանց ռուսական դաշնակցային աջակցութեան լուծել օրինակ թուրքական ագրեսիայի (յարձակումի-Խմբ.) խնդիր:

Աշխարհազօրը կարող է լինել միայն առաջին քայլերից մէկը անվտանգային ինքնաբաւութեան երկար ճանապարհին, որ պէտք է անցնի Հայաստանը: Անշուշտ, թուրքական ագրեսիայի հնարաւոր զսպող առանցքային գործօններից մէկը, ոչ միակը, բայց առանցքայիններից մէկը շարունակում է լինել Ռուսաստանը: Սակայն, այդ հանգամանքն էլ հասկանալի է դարձնում, որ Թուրքիան հազիւ թէ դիտարկի ուղիղ դիմակայութիւն, առնուազն առաջիկայ շրջափուլում, ուժերի հաւասարակշռութեան եւ յարաբերակցութեան ներկայիս իրավիճակում:

Գլխաւոր հարցն այն է, որ Հայաստանում աշխարհազօրի նախաձեռնութիւնը մեծ հաշուով ուղղուած է Հայաստանի անվտանգային անմիջական շահերի տիրոյթում ռուս-թուրքական միջնորդաւորուած բախման ռիսկին (վտանգին-Խմբ.): Երեւանը յայտարարել է, որ որեւէ բախում արագօրէն տեղափոխելու է Ադրբեջանի տարածք: Տաւուշեան մարտերը գործնականում վկայեցին, որ դա լոկ խօսք չէ եւ յետ-յեղափոխական երկամեակում Հայաստանն էական քայլեր է արել այդ ռազմավարութեան իրագործելիութեան ուղղութեամբ:

Այստեղ է, որ առանցքային է դառնում ռուսական վարքագծի դերը եւ դրանից է, որ տաւուշեան մարտերի առաջին իսկ օրից տարակուսում էին Անկարան ու Բաքուն: Ռուսաստանը չի հրաժարւում նրանց հետ խաղալուց, բայց հրաժարւում է Հայաստանի տարածքում խաղալուց: Մոսկուան ունի դրա մի շարք պատճառներ ու շարժառիթներ, որոնք մի կողմից Հայաստանում տեղի ունեցած փոփոխութիւնների բերումով են, միւս կողմից համաշխարհային վերափոխումների, եւ ամերիկա-չինական աշխարհակարգային գերակայութեան պայմաններում առաջանում են ռեգիոնալ (շրջանային-Խմբ.) «նեղուածքներ»: Ռուսաստանն ու Թուրքիան զգում են հէնց դա եւ այդ հանգամանքը առաջ է բերում էական խնդիրներ նրանց միջեւ:

Ադրբեջանում լաւ են պատկերացնում, որ հայկական տարածքում խաղալու հարցում չափազանց բարդ է լինելու Ռուսաստանի ռազմա-քաղաքական համաձայնութիւնը վերականգնելը: Իսկ առանց դրա, իրադարձութիւնները կենտրոնացել են Ադրբեջանի դաշտում, որտեղ մրցակցեն ռուսները թուրքերի հետ, թէ խաղան միասին, Բաքուի համար գործնականում նոյն «էֆեկտն» է՝ ի յայտ է գալիս Ադրբեջան պետութեան դատարկութիւնը:

Բաքուն այժմ Մոսկուային փորձում է համոզել, որ այն լցուած չէ Թուրքիայով եւ թուրքերով ու պէտք չէ մտածել ադրբեջանական նոր տարածքներ հայկական աշխարհազօրի տրամադրութեան տակ դնելու մասին: Բաքուն այդ հարցում միայն Մոսկուային չէ, ի հարկէ, որ պէտք է համոզի: Ալ գործնականում անմիջական բոլոր հարեւաններին, այդ թւում առաջին հերթին իրանին, ու նաեւ համաշխարհային ուժային գերակայ կենտրոններին, նոր աշխարհակարգի օրակարգում Ադրբեջանի կազմաքանդման հարցը կանխելու համար:

«ԼՐԱԳԻՐ»

lsbarez.com/arm/376245/Հայկական-Աշխարհազօրի-Առաջին-Էֆեկտը-Մ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail