Վարդան Պետրոսեան – Հայեցակարգային հակասութիւններ կամ հայագիտութեան «հինգերորդ շարասիւնը» (Մաս 1-ին )

Վարդան Պետրոսեան – Հայեցակարգային հակասութիւններ կամ հայագիտութեան «հինգերորդ շարասիւնը» (Մաս 1-ին )

10 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 – Վարդան Պետրոսեան:

Հանրակրթութեան հայագիտական պլոքին առնչուող տխրահռչակ չափորոշիչների շուրջ ծաւալուող բանավէճ-քննարկումները վերջին շրջանում նոր դրսևորումներով են վերաբացայայտում որոշ գաղափարներ, որոնք այս կամ այն չափով հնչել են նաև նախկինում: Այժմ դրանք ձեռք են բերում առանձնայատուկ հնչեղութիւն, որովհետև աւելի պարզորոշ են դառնում դրանց աղբիւրը, շարժառիթներն ու նպատակները: Մենք նկատի ունենք, մասնաւորապէս, ՀՀ առաջին նախագահ Լ. Տէր-Պետրոսեանի հակիրճ, բայց հայեցակարգային նշանակութեան խօսքում տեղ գտած որոշ մտքեր, որոնք ոչ միայն պատմագիտական, այլև, աւելին, գոյաբանական որոշակի հայեցակարգի բաղադրիչներ են, հետևաբար առանձնայատուկ կարևորութիւն ունեն ինչպէս մեր պատմական անցեալի արժևորման, այնպէս էլ ապագայի համազգային տեսլականի առումով:

Դրանք են.

1) Հայոց պետականութիւնը 2500 տարեկան է, այսինքն՝ սկիզբ է առնում Երուանդունիների թագաւորական հարստութեան շրջանից:
2) Արդի հայ պատմագիտութիւնը «հայդատական» է և ոչ մի աղերս չունի ակադեմիական, այսինքն՝ իրապէս գիտական պատմագիտութեան հետ, որի արժէքների կրողներն էին Ն. Ադոնցը, Յ. Մանանդեանը, Ս. Երեմեանը և Գ. Սարգսեանը: Որպէս այդպիսին՝ արդի հայ պատմագիտութիւնը նոյն հարթութեան վրայ է խորհրդային ժամանակների «գռեհիկմադերիալիստական» պատմագիտութեան հետ:

Նշուած հարցերի շուրջ արդէն իսկ հնչել են մի շարք ծանրակշիռ հակադարձումներ, որոնք, մեր կարծիքով, ՀՀ առաջին նախագահի կողմից բարձրաձայնուած հարցադրումները շոշափել են միայն պատմագիտական տեսանկիւնից, այնինչ, ինչպէս նշեցինք, դրանք ունեն նաև այլ հայեցակերպեր, որոնց վերաբերեալ գրեթէ ոչինչ չի ասուել: Ուստի աւելորդ չենք համարում մեր տեսակէտի շարադրումը վերոյիշեալ հարցադրումների կապակցութեամբ:

Ըստ առաջին նախագահի՝ խորհրդային պատմագիտութիւնը «գռեհիկմադերիալիստական» էր: Թէպէտև խորհրդային ողջ պատամագիտութեանը տրւող այդպիսի կտրուկ գնահատականի հետ դժուար է համաձայնել, բայց նրանում կայ ճշմարտութեան բաժին, ուստի հակադրուելն անիմաստ ենք համարում: Սակայն պիտի նկատի ունենալ, որ խորհրդային (այդ թւում՝ խորհրդահայ) պատմագիտութիւնը հայ ժողովրդի և հայկական պետականութեան կազմաւորման ժամանակի հարցերում պաշտպանել է նոյն տեսակէտը, որն ընդունում է նաև ՀՀ առաջին նախագահը: Ինչպէս որ վերջինս է հայկական պետականութեանը վերագրում 2500-ամեայ կենսագրութիւն՝ նրա կազմից դուրս թողնելով ոչ միայն մ.թ.ա. 3-րդ հազարամեակում Հայկական լեռնաշխարհում ձևաւորուած հնագոյն հայկական պետութիւնը՝ Արատտան, նրան յաջորդած համեմատաբար փոքր տարբեր պետական կազմաւորումները (Գուտի, Հայասա-Ազզի, Արմէ-Շուպրիա), այլև Արարատեան (Վանի/Բիայնայի) թագաւորութիւնը կամ Ուրարտուն, այդպէս էլ վարւում էր նաև «գռեհիկմադերիալիստական» յորջորջուած խորհրդային պատմագիտութիւնը, այդ թւում՝ այն, յիրաւի, վաստակաշատ պատմաբանները, որոնց մասին յիշատակում է առաջին նախագահը: Այդ ցանկից մենք, այնուամենայնիւ, բացառութիւն կ’անէինք Ն. Ադոնցի և Յ. Մանանդեանի համար, որոնցից յատկապէս առաջինի գիտական կենսագրութիւնը որևէ կերպ չի առնչւում խորհրդային պատմագիտութեանը: Ուստի այն կաշկանդումները, որ յայտնի պատճառներով ունէին խորհրդահայ պատմագիտութեան ներկայացուցիչները, չունէին Ն. Ադոնցն ու Յ. Մանանդեանը:

Գիտական իւրաքանչիւր դրոյթ զգալի չափով իր ժամանակի ծնունդն է, եթէ նոյնիսկ իր ժամանակից առաջ է անցնում և նոր հուն է բացում գիտութեան տուեալ բնագաւարում: Ասուածը վերաբերում է յատկապէս հումանիտար գիտութիւններին, այդ թւում՝ պատմագիտութեանը: Ըստ այդմ, եթէ խորհրդահայ պատմագիտութիւնը հայ ժողովրդի կազմաւորման աւարտի և հայկական առաջին պետականութեան կազմաւորման ժամանակի հարցերում, մի կողմից, կաշկանդուած էր նախկին ԽՍՀՄ պատմագիտութեան մէջ ձևաւորուած կարծրատիպերով, որոնց հիմքում ընկած էին բազմազգ կայսրութեանը բնորոշ գաղափարախօսական նկատառումներ, միւս կողմից, սակայն, նա կրողն էր դեռևս նախախորհրդային շրջանում ձևաւորուած գիտական պատկերացումների՝ ի դէմս նաև ադոնցեան, մանանդեանական, իսկ եթէ աւելի հեռուն գնանք, կրեչմերեան պատմալեզուաբանութեան: Վերջինի համաձայն նոյնպէս, ինչպէս և ըստ խորհրդային պատմագիտութեան, հայ ժողովուրդը եկուոր էր իր պատմական հայրենիքում. նա փոքրասիական տարածաշրջանում յայտնուել էր մ.թ.ա. 2-րդ հազարամեակի կէսերին՝ «ծովի ժողովուրդների»՝ փռիւգեացիների, թրակացիների, խէթերի, թերևս՝ նաև յունական առանձին ցեղախմբերի հետ միասին: Հայ ժողովրդի ծագումնաբանութեան այդպիսի ըմբռնման հիմքում հնդեւրոպական նախահայրենիքի տեղադրութեան եւրոպական վարկածն էր, որն ընդհուպ մինչև 20-րդ դարի կէսերն ընդունել է ժամանակի նշանաւոր լեզուաբանների ու պատմաբանների ճնշող մեծամասնութիւնը, այդ թւում՝ հայագէտները (Հ. Հիւբշման, Ա. Մեյէ, Հ. Պեդերսըն, Հ. Աճառեան, Ն. Ադոնց, Յ. Մանանդեան և ուրիշներ): Այդ առումով բացառութիւն էր Գ. Ղափանցեանը, որը, լինելով Ն. Մառի դպրոցի ներկայացուցիչ, ի սկզբանէ մերժողական դիրք ընդունեց պատմահամեմատական հնդեւրոպական լեզուաբանութեան և լեզուաբանական այդ ուղղութեան հետ «համագործակցող» պատմագիտութեան նկատմամբ (հմմտ. «… հայոց լեզուն իր գերակայող ծագումնաբանական բովանդակութեամբ գտնւում է այդ ասիանիկ լեզուների խուռի-ուրարտական, խէթա-լուվիական և վրացական լեզուական խմբերի միջև … Հայերէնը խիստ յագեցած է հնդեւրոպական լեզուական բաղադրիչներով, որոնք այդ լեզուին տալիս են խառն ծագումնաբանական բնոյթ»): Հնդեւրոպական նախահայրենիքի եւրոպական վարկածն այսօր էլ հետևորդներ ունի հնդեւրոպաբանութեան մէջ: Հետևապէս հայ ժողովրդի հնագոյն պատմութեան վերաբերեալ գիտական պատկերացումները, 19-րդ դարի վերջերից սկսած, զգալի չափով ձևաւորուել են հնդեւրոպական համեմատական լեզուաբանութեան ազդեցութեամբ: Ասուածի ուղղակի հաստատումն են Ն. Ադոնցի հետևեալ տողերը. «այնուամենայնիւ, անժխտելի է, որ էթնիկական մեծ շարժումները, սեմականներից բացի, ուղղուած են եղել հիւսիսից դեպի հարաւ»: Աւելի որոշակի. «Որ հայերն իսկապէս եկել են Արևմուտքից, դրա լաւագոյն ապացոյցն է նրանց լեզուն, որը պատկանում է հնդեւրոպական լեզուների մեծ ընտանիքին և յատկապէս նրա արևմտեան կամ եւրոպական ճիւղին (ընդգծ. իմն են՝ Վ. Պ.)»: եթէ ընդգծուած առաջին միտքը հնդեւրոպական նախահայրենիքի եւրոպական վարկածի ուղղակի հաստատումն է, ապա երկրորդը, որ սկիզբ է առնում թերևս Հ. Հիւբշմանից, վաղուց հնացած պատկերացում է, որովհետև դեռևս 20-րդ դարի սկզբներից՝ Մեյէ-Պեդերսընի ժամանակներից, Հայերէնը դասւում է հնդեւրոպական լեզուների արևելեան՝ սատըմ խմբի մէջ, ի հարկէ, նկատի առնելով, որ այդպիսի խմբերի տարբերակումը բացարձակ չէ: Հնդեւրոպական նախահայրենիքի տեղորոշման հարցում Ն. Ադոնցի հետ համամիտ է նաև Յ. Մանանդեանը. « … այժմեան հայերի նախահայրերը հնդեւրոպական արմէններն են, որոնք Փոքր Ասիայից գաղթել են Հայաստան, հաւանօրեն, եօթերորդ դարում կամ վեցերորդ դարի սկզբներում մեր թուականութիւնից առաջ»: Իսկ Փոքր Ասիայում, այդ տեսութեան համաձայն, հնդեւրոպական արմէնների նախնիները, ինչպէս արդէն նշեցինք, յայտնուել էին Եւրոպայից «ծովի ժողովուրդների» մեծ գաղթի ժամանակ:

20-րդ դարի առաջին կէսին ինչպէս առհասարակ լեզուաբանութեան, այնպէս էլ, մասնաւորապէս, համեմատական լեզուաբանութեան նոր ձեռքբերումները նախադրեալներ ստեղծեցին աւանդական հնդեւրոպաբանութեան մէջ ամրագրուած մի շարք պատկերացումների վերանայման, այդ թւում՝ համեմատական լեզուաբանութիւնը «դասական» հռչակուած լեզուների՝ հին հնդկերէնի, հին յունարէնի և լատիներէնի պատանդի կարգավիճակից ազատագրելու համար, որում նա յայտնուել էր դեռևս Ֆ. Բոպի ժամանակներից՝ պատմահամեմատական լեզուաբանութեան ձևաւորման սկզբնական փուլում: Հնդեւրոպական նախաձևերը վերականգնելիս նախկինում լուսանցքային համարուած լեզուների (Հայերէն ի, ալբաներէնի, փռիւգերէնի, խեթա-լուվիական, թոխարական, դարդեան /իմա՝ հնդիրանական – Վ.Պ./ լեզուների և այլն) տուեալների կարևորումը հ.-ե. նախալեզուի հնչոյթային և քերականական համակարգերի ճշգրտման առումներով հանգեցրին նաև լեզուների միջև մերձաւոր ցեղակցական կապերի մասին ձևաւորուած պատկերացումների վերանայման և հ.-ե. նախահայրենիքի տեղորոշման հարցերը այլ մեկնակէտերով քննելու գաղափարներին: Ամենևին չհետապնդելով հարցի քննութիւնը համեմատական լեզուաբանութեան դաշտ տեղափոխելու նպատակ, քանզի սոյն յօդուածը նախատեսուած է ընթերցողների լայն շրջանակի համար, միայն ասենք, որ ինչպէս առհասարակ հնդեւրոպաբանութեան, այնպէս էլ հայ ժողովրդի նախահայրենիքի տեղորոշման և որպէս էթնիկական հանրույթ՝ կազմաւորման ժամանակի առումներով, պատմագիտական, հնագիտական, մշակութաբանական և մարդաբանական նոր նուաճումների կողքին, շրջադարձային նշանակութիւն ունեցաւ խորհրդային լեզուաբաններ Թ. Գամկրելիձէի և Վեաչ. Իւանովի հեղինակած «Հնդեւրոպական լեզուն և հնդեւրոպացիները» (1984) մեծարժէք աշխատութիւնը, որում առաջին անգամ փորձ արուեց հայեցակարգային մօտեցումով հիմնաւորել հնդեւրոպական նախահայրենիքի առաջաւոր ասիական վարկածը: Ի հարկէ, նրանք այդ վարկածը պաշտպանող առաջին գիտնականները չէին: Հ.-ե. նախահայրենիքի ասիական վարկածն իր տարբերակներով առաջադրուել էր դեռևս պատմահամեմատական լեզուաբանութեան ձևաւորման փուլում՝ 19-րդ դ. առաջին կէսին: Երկրորդ անգամ նոյն դարի վերջերին այդ վարկածին վերադարձաւ գերմանացի լեզուաբան Ի. Շմիդտը, իսկ 20-ի առաջին կէսին՝ Զ. Ֆայստը: Իսկ Եւրոպան հնդեւրոպացիների նախահայրենիք համարող վարկածը առաջադրել է Ռ. Լէթէմը 1862 թ.:

Դեռևս 1967-ին լոյս տեսած «Ակնարկներ Հայերէն ի նախագրային շրջանի պատմութեան» գրքում յօգուտ հ.-ե. նախահայրենիքի ասիական վարկածի արտայայտուել էր նաև ակադ. Գ. Ջահուկեանը: Ի հարկէ, հետագայում էլ, ընդհանուր առմամբ լինելով նախահայրենիքի ասիական վարկածի կողմնակից, նա ձեռնպահ մնաց այդ տեսակէտը լրացուցիչ փաստարկներով հիմնաւորելու փորձերից:

Բնական է, որ հայոց պետականութեանը 2500-ամեայ կենսագրութիւն վերագրողները չճանաչեն նաև Արարատեան (Վանի/Բիայնայի) թագաւորութեան կամ Ուրարտուի հայկականութիւնը:

Հայագիտութիւնը վաղուց է նկատել, որ Բեհիսթունի եռալեզու՝ էլամերէն, հին պարսկերէն, աքադերէն (աւելի ստոյգ՝ ասուրաբաբելերէն) արձանագրութեան մէջ, որ կազմուել է մ.թ.ա. 520 թ. Աքեմենեան տէրութեան հիմնադիր Դարեհ I-ի թելադրանքով, աքադական «Ուրաշտու/Ուրարտու» (Uraštu/Urartu)-ին հին պարսկերէն տարբերակում փոխարինում է «Արմինա/Արմինիա» (Armina/Arminia)-ն, այսինքն՝ Արմենիան: Այդպէս Հայաստանն անուանել են օտարները, այդ թւում՝ պարսիկները, դեռևս հին ժամանակներից: Հետևաբար Ուրարտուն, որ Արարատի աքադական տարբերակն է, Հայաստան է, իսկ ուրարտացին էլ՝ հայ: Պիտի ուշադրութիւն դարձնել այն իրողութեանը, որ Բեհիսթունի արձանագրութեան ժամանակն ընդամէնը 6-7 տասնամեակով է յաջորդում ուրարտական պետութեան կործանմանը (590-585 թթ.), իսկ դա նշանակում է, որ մարդկանց գիտակցութեան մէջ դեռևս թարմ էին յիշողութիւնները Ուրարտուի՝ որպէս տարածաշրջանի պետական կազմաւորման և ուրարտացու՝ որպէս այդ պետութեան բնակչի մասին:

Ամենևին ցանկութիւն չուենալով հանդէս գալու խորհրդահայ պատմագիտութեան պաշտպանի դերում՝ այնուամենայնիւ, չենք կարող չասել, որ «գռեհիկմադերիալիստական» որակուած այդ պատամագիտութեան էջերում ուշադիր ընթերցելու դէպքում առնուազն 60-ական թթ. յետոյ կը տեսնենք նաև իրական գիտութեան և ազգային մտածողութեան ոչ քիչ դրսևորումներ: Որքան էլ զարմանալի թուայ, ասուածը վերաբերում է նաև Ուրարտուի և ուրարտական քաղաքակրթութեան մեկնաբանութիւններին: Հմմտ. «… հայ ժողովուրդը կազմաւորուել է Հայկական լեռնաշխարհում դեռևս այն ժամանակաշրջանից, երբ այդ տերիտորիայի վրայ և նոյնիսկ նրա շուրջը գոյութիւն չունէին հնդեւրոպական լեզուներով խօսող ցեղեր և ժողովուրդներ (1): Հայ ժողովուրդը իր ֆիզիկական կերպարանքով պատկանում էր արմենոյիդ մարդաբանական տիպին, որին պատկանում էին Հայկական լեռնաշխարհի ամբողջ տերիտորիայով տարածուած տեղաբնակ խուրրի-ուրարտական ցեղերը (2): Նոյնը պիտի ասել հայերի մշակութային աւանդոյթների մասին: Սակայն լեզուի խնդրում մեծ ներդրում են արել եկուոր հնդեւրոպական տարրերը : Սրանց ցեղային լեզուներն են, որ Հայկական լեռնաշխարհում սկիզբ են դրել հայոց լեզուի ձևաւորմանը» (ընգդծ. իմն է՝ Վ.Պ.): Այս տողերի հեղինակը Ս. Տ. Երեմեանն է, իսկ դրանց համար պատասխանատուութիւն է ստանձնել հատորի խմբագրակազմը, այդ թւում՝ Գ. Սարգսեանը, եթէ չասենք՝ նաև «բազմահատորեակի խմբագրական կոլեգիան», որի գոնէ մի մասը ժամանակի հայ պատմագիտութեան երևելիներն էին: Մեր կողմից համարակալուած (1) և մտքերը, որոնցում ամրագրւում է Հայկական լեռնաշխահում հայերի բնիկ լինելու դրոյթը, վերաբերում են մի հայեցակարգի (պայմանականօրեն անուանենք «ազգային»), իսկ (3)-ը՝ մէկ այլ հայեցակարգի (պայմանականօրեն անուանենք «ոչ ազգային»):

Ըստ իս՝ առաջին երկու մտքերն արտայայտում են հեղինակների՝ հայկականի և այսպէս կոչուած ուրարտականի նոյնական լինելու համոզումը, իսկ (3)-ը տուրք է Հայկական լեռնաշխարհում հայերի եկուորութեան վարկածին: Պիտի նկատի ունենալ, որ այդ հատորի ստեղծման ժամանակներում Գամկրելիձէ–Իւանով տանդեմի՝ հնդեւրոպական նախահայրենիքի առաջաւոր ասիական վարկածը նոյնիսկ իր նախնական տեսքով դեռևս առաջադրուած չէր: Ինչպէս ամբողջ աշխարհում, այնպէս էլ խորհրդային լեզուաբանութեան և պատմագիտութեան մէջ բացարձակ տիրապետող էր նախահայրենիքի եւրոպական վարկածը: Եթէ նոյնիսկ Թ. Գամկրելիձէ–Իւանովի վարկածը առաջադրուած լիներ, միւս տեսակէտի կրողները հեշտութեամբ չէին հրաժարուելու իրենց համոզումներից: Առաջիններից մէկը հ.-ե. նախահայրենիքի նրանց հայեցակարգը, որը նոյնիսկ այդ տեսակէտին ընդդիմացողների գնահատմամբ ունի «համալիր» բնոյթ, քննադատեց Ի. Դիակոնովը:

«Հայ ժողովրդի պատմութիւն» բազմահատորեակի 1-ին հատորի հեղինակները, մեր կարծիքով, տուեալ դէպքում գնացել են անհաշտելիները միմեանց հետ հաշտեցնելու և, ըստ էութեան, կիսաճշմարտութիւն ասելու ճանապարհով, որը հաւանաբար միակ հնարաւորն էր իրենց ժամանակներում: Պարզապէս տոնքիշոտութիւն կը լինէր բացայայտօրեն դէմ գնալ պաշտօնականի կարգավիճակի բարձրացուած տեսակէտին, ըստ որի՝ Ուրարտուն հայկական պետութիւն չէր և ուրարտացին հայ չէր, ու պաշտպանել մի հայեցակէտ, որը ապացուցելու ամենից մեծ դժուարութիւնը «ուրարտական» կոչուած արձանագրութիւնների լեզուի բնոյթի հարցն էր:

Մանաւանդ, երբ դեռևս չկային նաև օտար հեղինակաւոր մասնագէտների՝ ի նպաստ հ.-ե. նախահայրենիքի առաջաւոր ասիական վարկածի արտայայտուած կարծիքներ: Ուստի ոչ պատահականօրեն այնպիսի մեծ գիտնական, որպիսին է Գ. Ղափանցեանը, որը հետևողականօրէն պաշտպանել է իրենց պատմական հայրենիքում հայերի բնիկ լինելու վարկածը և իր ժամանակի ճանաչուած ուրարտագէտներից էր, Ուրարտուի էթնիկ նկարագրի, աւելի ստոյգ՝ ուրարտացու ծագումնաբանութեան և ուրարտերէնի՝ Հայերէն ի հետ առնչութիւնների հարցերում նոյնպէս մնում է ընդհանուր տարածում ունեցող ըմբռնման շրջանակներում:

Վերոշարադրեալից բխում են հետևեալ տրամաբանական հարցադրումները. 1) եթէ հայերը հնդեւրոպացիներ են (առնուազն հայոց լեզուի հնդեւրոպական բնոյթը այդ մասին է վկայում), իսկ հնդեւրոպացի հայերը ինչ-որ ժամանակ (ընդունուած կարծիքի համաձայն՝ մ.թ.ա. 2-րդ հազարամեակի կէսերին) փոքրասիական տարածք են ներթափանցել Եւրոպայից, ապա նրանք միաժամանակ չեն կարող բնիկ լինել Հայկական լեռնաշխարհում, 2) եթէ, այնուամենայնիւ, հայերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է և նրանք խուռի-ուրարտական ցեղերի հետ պատկանում են մարդաբանական նոյն՝ արմենոյիդ տիպին, ապա եկուորութեան հնդեւրոպաբանական տեսութեան համաձայն նրանք չեն կարող հնդեւրոպացի լինել, որովհետև «պաշտօնական» վարկածը ուրարտացիներին չի համարում հնդեւրոպական ժողովուրդ: Այսինքն՝ ուրարտացիները հայեր չէին, այլ բոլորովին ուրիշ ծագման ժողովուրդ: Ակնյայտ է, որ նշուած երկու պատկերացումները անհամատեղելի են, որովհետև դրանք վերաբերում են տարբեր հայեցակարգերի՝ «ազգային» և «ոչ ազգային»:

Ինչպէս նշեցինք, այդ անհամատեղելի պատկերացումները փորձել են համատեղել «Հայ ժողովրդի պատմութեան» ակադեմիական (խորհրդային) հրատարակութեան 1-ին հատորի հեղինակները, որոնք առաջին նախագահի գրառման տրամաբանութեան համաձայն պիտի դասուէին «գռեհիկմադերիալիստական» պատմագիտութեան ներկայացուցիչների կարգում, սակայն նրանցից երկուսին՝ Ս. Երեմեանին և Գ. Սարգսեանին, այնուամենայնիւ, նա համարում է ակադեմիական, հետևաբար՝ իրական գիտութեան ներկայացուցչիներ:

Վերոյիշեալ հակասութիւնը, սակայն, բնորոշ էր ոչ միայն խորհրդահայ պատմագիտութեանը: Ըստ էութեան՝ այն բնորոշ էր նաև նախախորհրդային շրջանի պատմագիտութեանը, այդ թւում՝ Ն. Ադոնցի և Յ. Մանանդեանի ուրարտագիտական հայացքներին, իսկ խորհրդահայ պատմագիտութիւնը զգալի չափով նախախորհրդայինի շարունակութիւնն էր:

Վարդան Պետրոսեան
ԵՊՀ ընդհանուր լեզուաբանութեան ամպիոնի վարիչ

«Դրօշակ», թիւ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.

horizonweekly.ca/en/հայեցակարգային-հակասութիւններ-կամ-հ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail