ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ – Ուշագրավ զարգացումներ կրոնափոխ հայերի ինքնության այլակերպումներում
10 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
Վերջին տարիներին հետաքրքիր զարգացումներ են նկատվում Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններում ապրող կրոնափոխ հայության ինքնության այլակերպումներում։ Չնայած ենթադրվում էր, թե հատկապես 2015 թվականից Թուրքիայում վերսկսված ճնշումները պետք է որ կանգնեցնեին կրոնափոխ հայերի՝ ինքնության վերադարձի գործընթացը, սակայն ուշագրավ է, որ թեև ոչ ակնհայտ, այնուամենայնիվ այս առումով նկատվում է որոշ տեղաշարժ։
Անդրադարձը մասնավորապես վերաբերում է Դիարբեքիրի և Դերսիմի հայության այն հատվածին, ովքեր 2014-2015 թթ․ ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ և կանադահայ դաշնակահար ու բարերար Րաֆֆի Պետրոսյանի հովանավորությամբ եկան Հայաստանի Հանրապետություն և մասնակցեցին Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին։ Հիշեցնենք, որ հատկապես 2015 թ․ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցեցին Դիարբեքիրից, Դերսիմից, Սասունից և Խոպայից այստեղ ժամանած շուրջ 85 իսլամացած հայեր։
Նկատելի է, որ 2014-2015 թթ․ դեռևս ինքնության փնտրտուքի մեջ գտնվող այս հայերի մեծ մասը ներկայում ոչ միայն վերագտել է իր հայությունը, այլ նաև, առանց երկմտանքի, հպարտանում է իր ծագմամբ։ Դա հատկապես դրսևորվում է սոցիալական ցանցերում։ Այսպես, օրինակ, իմ դիտարկումների համաձայն՝ այդ ծրագրին մասնակից հայերի մի մասը նույնիսկ սկսել է իր անունը հայատառ ներկայացնել ֆեյսբուքում և այլ սոցցանցում։ Ի դեպ՝ հայատառ ներկայացող, ավելին՝ երբեմն նաև հայկական անունով գրանցված այդ հայերի մեծամասնությունը, ցավոք, չի տիրապետում հայերենին։ Բայց և այնպես նրանք փորձում են այդ կերպ որպես հայ ներկայանալ և բացահայտ ձևով հպարտանում են իրենց արմատներով։
Մեկ այլ էական զարգացում է այն փաստը, որ դարձյալ Դիարբեքիրի հայերից մի քանիսը վերջին տարիներին սկսել են պարբերաբար հայկական հեռուստաալիքներ դիտել։ Եւ նրանց այս հարցում բոլորովին հետ չի պահում մայրենի լեզվին լավ կամ ընդհանրապես չտիրապետելու հանգամանքը․ հայկական հաղորդումներ կամ ֆիլմեր դիտելով՝ իրենք փորձում են կապ ստեղծել կամ պահել հայրենի երկրի, մշակույթի և ազգակիցների հետ։
Դիարբեքիրի հայերից Կարոտ Սասունյանը ինձ հետ մասնավոր զրույցում մանրամասնեց, թե հատկապես որ հայաստանյան հեռուստաալիքները և հայկական հաղորդումներն ու ֆիլմերն են իրենք նախընտրում․ «Հատկապես հետևում ենք Առաջին ալիքին (Հանրային հեռուստատեսությանը)։ Ավելի ուշ իմացա, որ դա Հայաստանի պետական հեռուստաալիքն է։ Այդ ալիքով դիտում ենք ազգային կամ ժողովրդական երգերին և պարերին նվիրված հաղորդումներն, ինչպես նաև հին հայկական ֆիլմեր։ Այնուհետև սկսեցինք հետևել նաև «Երկիր մեդիա» հեռուստատեսության ալիքին։ Վերջինս ավելի հոգեհարազատ էր մեզ, քանի որ հաղորդումների մեծ մասն Արևմտյան Հայաստանին էին վերաբերում։ Բացի այդ՝ Հայաստանի շրջանները ներկայացնող մի հրաշալի հաղորդում կար՝ «Երկիրը երկիր է» խորագրով։ Հետագայում այդ հեռուստաալիքի արբանյակային հեռարձակումը դադարեցվեց։ Սկսեցինք այլընտրանքային ալիքներ որոնել, ինչպես, օրինակ, «Արմենիան», «Շանթը»։ Դիտում էինք նաև «Կենտրոն» հեռուսատաալիքը, որովհետև վերջինս «Հայֆիլմի» հին հայկական ֆիլմերն էր ցուցադրում»։
Կրոնափոխ հայերի մի մասի վերադարձը դեպի ինքնություն վերջին տարիներին դրսևորվում է նաև Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին հետզհետե ավելի մեծ նշանակություն տալու հանգամանքով։ Ուշագրավ է, որ Մեծ եղեռնի տարելիցի օրը նրանցից մի քանիսը փորձում են ավելի մոտիկից կապ հաստատել Հայաստանի և հայության հետ։ Մասնավորապես դարձյալ դիարբեքիրցի հայերից մի քանի հոգի այս տարվա ապրիլի 24-ին ինձ գրեցին, որ ամբողջ օրը հետևել են հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող հաղորդումներին։
Իսկ ինչու՞ են ինքնության այս դրսևորումները նկատելի հատկապես Դիարբեքիրում․ դրա պատճառներից ամենաէականը Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումն է։ Թեև սույն եկեղեցին մինչ օրս չունի հոգևոր սպասավոր, սակայն նրա՝ գործող եկեղեցի լինելու հանգամանքն անգամ բավարար եղավ այս նահանգի և շրջակա բնակավայրերի հայության մի մասի զարթոնքի համար։ Կարևոր էր նաև, որ այս եկեղեցում, թեև ոչ երկարատև, այնուամենայնիվ 2014 թ․ կազմակերպվեցին հայոց լեզվի դասընթացներ։ Էական գործոն եղավ նաև այդ դասընթացին մասնակցած և այլ դիարբեքիրցի հայերի այցը Հայաստանի Հանրապետություն 2014 և 2015 թվականներին։ Ինչպես հայտնի է, նախքան Սուրբ Կիրակոսի փակվելը՝ այստեղ սկսված թուրք-քրդական բախումների հետևանքով այս եկեղեցին նաև հավաքատեղի էր դարձել դիարբեքիրցի հայերի համար, ովքեր այստեղ էին գալիս ոչ միայն տաղավար տոներին, այլև գրեթե ամեն կիրակի։ Նույնիսկ սկսել էր մի փոքրիկ հայկական համայնք ձևավորվել եկեղեցու շուրջ։ Սուրբ Կիրակոսում գրեթե ամեն կիրակի կազմակերպվող նախաճաշերին մասնակցում էին ոչ միայն Դիարբեքիր նահանգի, այլ նաև շրջակա նահանգների և գավառների հայեր։
Այս գործընթացի վրա, բնականաբար, էական ազդեցություն են թողնում սոցիալական ցանցերը։ Ընդհանրապես համացանցը և ժամանակակից տեխնոլոգիաները մեծ հնարավորություն են ընձեռում Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցներին՝ ինքնության վերադարձի հարցում աջակցելու առումով։ ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրին մասնակից հայերի մեծ մասի ինքնության հետագա դրսևորումները ևս հավաստում են, որ այս հարցի հանդեպ անհրաժեշտ է նաև պետական հոգածություն։
Ամփոփելով՝ հարկ է ընդգծել, որ Թուրքիայի կրոնափոխ հայության համար հայրենիքից եկած մի փոքր կայծն անգամ կարող է էական ներգործություն ունենալ նրանց զարթոնքի և ինքնության վերադարձի համար։ Այս առումով կարևոր են նաև նրանց և Հայաստանի ու Սփյուռքի հայության փոխադարձ այցերը, որոնց վերսկսումը բնականաբար հնարավոր կլինի համավարակի ավարտից հետո միայն։ Անհրաժեշտ է՝ ՀՀ պետությունը հայեցակարգային ծրագիր մշակի, որն իրագործելիս, սակայն, հարկ է հաշվի առնել, որ մեր կրոնափոխ հայրենակիցները բնակվում են Թուրքիայի Հանրապետությունում, որի ներկայիս իշխանություններն՝ իրենց ռազմատենչ հռետորաբանությամբ և ծավալապաշտական նկրտումներով, խաղաղ համակեցության պայմաններ չեն ներշնչում։ Ցանկալի կլիներ, որ հայկական հեռուստաալիքները նոր եթերաշրջանին նախապատրաստվելիս նկատի ունենային նաև կրոնափոխ հայերի գործոնը և փորձեին ավելի մեծ տեղ հատկացնել հին ու նոր հայկական ֆիլմերին և հայկական մշակույթին նվիրված հաղորդումներին։ Եւ առհասարակ կարևոր է, որ հայկական տեղեկատվական դաշտը ծրագրերի մշակման և իրականացման ժամանակ հաշվի առնի նաև մեզ համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեցող այս հիմնահարցը։
Akunq.net