Վանում մի ուրարտացի կնոջ գերեզման է պեղվել, որում շատ զարդեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

Western Armenia – Urartu women's grave buried with jewelry in Van was unearthed

Վանում մի ուրարտացի կնոջ գերեզման է պեղվել, որում շատ զարդեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

10 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Վան նահանգի Հայոց ձոր (թուրք անվանումը՝ Գյուրփընար) գավառում իրականացված պեղումների արդյունքում բացահայտվել է մի ուրարտացի կնոջ դամբարան, որը թաղված է եղել բազմաթիվ զարդերի հետ միասին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական պետական հեռուստառադիոընկերության կայքէջը՝ TRT-ն։

Աղբյուրի համաձայն՝ Վանում պեղումները շարունակվում են «Հարյուրերորդ տարի» համալսարանի Գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆ․ Ռաֆեթ Չավուշօղլուի հսկողության տակ։ Կնոջ կմախքն ուսումնասիրվելու է մարդաբանների լաբորատորիայում, որից հետո միայն կբացահայտվեն նրա մահվան պատճառները և հստակ տարիքը։

Թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում պրոֆ․ Չավուշօղլուն հայտնել է, որ այս պեղումների շնորհիվ մեկ անգամ ևս հավաստիացել են, թե ուրարտացիների համար որքան կարևոր է եղել հանգուցյալին զարդերով թաղելու ավանդույթը, և հավելել․

«Վերջին գերեզմանը, որ պեղել ենք, պատկանում է 20-25 տարեկան մի կնոջ։ Այստեղ հատկապես կարևոր է այն փաստը, որ այդ կինը թաղված է եղել իր բոլոր զարդերով։ Կմախքի վրա կարծես զարդերի մի ամբողջ հավաքածու լինի։ Այս կմախքը ցույց է տալիս, որ ուրարտացի կանանց զարդարվելու արվեստը շատ բարձր մակարդակի վրա է գտնվել։ Մենք նաև համոզվեցինք, որ այս կմախքը պատկանում է ազնվական ցեղից սերած մի կնոջ»։

Թուրք գիտնականը հայտնել է նաև, որ կմախքի վրա հայտնաբերել են երկու ապարանջան, մի բրոնզե մատանի, ականջօղեր ու կիսաթանկարժեք քարերից պատրաստված մի մանյակ։

www.trthaber.com/foto-galeri/vanda-takilariyla-gomulmus-urartulu-kadin-mezari-ortaya-cikarildi/28649/sayfa-15.html

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

akunq.net/am/?p=72830

Facebooktwitterredditpinterestlinkedinmail