ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Բաքվին շատ պարզ ասվել է, թե ինչ է լինելու հետեւանքը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Բաքվին շատ պարզ ասվել է, թե ինչ է լինելու հետեւանքը

12.09.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Հայաստանն ուզում է նվաճել Ադրբեջանի նոր տարածքներ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի պատասխանատու Հիքմեթ Հաջիեւը, որը փաստացի կատարում է արտգործնախարարի գործառույթ, ընդ որում ոչ միայն Մամեդյարովից հետո, այլ նաեւ նրա օրոք:

Հաջիեւը Հայաստանի նվաճողական նպատակների վկայություն է դիտարկում ռազմաշունչ հայտարարությունները, նաեւ վարչապետի տիկնոջ նախաձեռնությունը՝ կանանց կրակային եւ մարտական պատրաստության գործողությունը:

Ադրբեջանը փորձում է ամեն կերպ կերտել ագրեսիվ եւ նվաճող Հայաստանի նկարագիր, դրան ծառայեցնելով նաեւ Արցախում լիբանանահայերի բնակեցման մասին տեղեկությունները:

Առաջին հայացքից Ադրբեջանը փորձում է ռազմատենչ քաղաքականության համար իր պատասխանատվությունը տեղափոխել Հայաստանի ու Արցախի վրա: Հուլիսյան մարտերում պարտությունն Ադրբեջանի համար բավականին թանկ արժեցավ, ընդհուպ ինքնիշխանություն: Թուրքիան գործնականում բացեիբաց հայտարարեց, որ չկա Ադրբեջան պետություն՝ կա Թուրքիա, որը կորոշի, թե ինչով պետք է զբաղվի Ադրբեջանը:

Ըստ ամենայնի Թուրքիան էլ որոշել է, որ Ադրբեջանը պետք է զբաղվի Հայաստանի նվաճողական նկարագիր կերտելու գործով: Անկարայի համար դա ռազմավարական խնդիր է, քանի որ լավ պատկերացնում է, որ թուրքական պետության առանցքային հարցը հայկական հարցն է, որքան էլ Անկարան կարող է խնդիրներ ունենալ տարբեր այլ ուղղություններով եւ տարբեր այլ կենտրոնների հետ: Հայկական նվաճողականության նկարագրի կերտումը Անկարայի այն հատուկ ռազմավարության շրջանակում է, որ Էրդողանը նախաձեռնել էր հայկական հարցի միջազգային ճնշումը կանգնեցնելու համար:

Ադրբեջանի վրա դրվել է այդ գործառույթը, ինչն ունի մեկ այլ նպատակ էլ: Ադրբեջանում բոլորը չէ, որ ոգեւորված են թուրքական գերազդեցությամբ եւ Բաքուն Անկարայի կցորդ դարձնելու հեռանկարով: Այստեղ պատճառները շատ են: «Հայկական նվաճողությունը» ունի նաեւ նպատակ զսպել ադրբեջանական հանրությանը, տողատակում ունենալով ազդակը, որ միայն Թուրքիան կարող է զսպել այն:

Այդպիսով, Բաքվի պաշտոնական պրոպագանդայի ձեռքով հենց ադրբեջանցիների համար կերտվում է «հայկական սպառնալիք»՝ «թուրքական փրկությունը» առավելագույնս լեգիտիմացնելու համար:

Իրականում, Ադրբեջանի համար անշուշտ կա հայկական սպառնալիք, սակայն այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքը շարունակի խոսել սպառնալիքի լեզվով: Այդ իմաստով, հայկական կողմը Ադրբեջանին հետեւանքը ներկայացրել է շատ պարզ՝ նոր պատերազմ Հայաստանի եւ Արցախի դեմ՝ նոր տարածքների կորուստ Բաքվի համար: Եթե եղել են այդ առնչությամբ հավաստիության կասկածներ, ապա հայկական բանակը դրանք «փարատել» է 2020 թվականի հուլիսին:

Խնդիրն այլեւս Ադրբեջանի դաշտում է՝ լինել թուրքական ռազմա-քաղաքականության գործիք՝ այդ նվաճողական քաղաքականության առաջին եւ առանց մեկ կրակոցի զոհը դարձնելով Ադրբեջանը իր ներկայիս տարածքով, թե պահպանել Ադրբեջանի ներկայիս տարածքն ու նաեւ ինքնիշխանությունը, որի համար անհրաժեշտ է պարզապես դրսեւորել առանց որեւէ նախապայմանի խաղաղության մասին խոսելու կամք՝ ճանաչելով իրողությունները:

Armenia-davush

lragir.am/2020/09/12/578007/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail