Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայր է ստեղծվել. Համաշխարհային բանկի հարցման արդյունքները

Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայր է ստեղծվել. Համաշխարհային բանկի հարցման արդյունքները

18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բիզնեսն ավելի քիչ է առնչվում կոռուպցիոն երևույթների հետ, երկրում առավել բարենպաստ միջավայր է ձևավորվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ձեռնարկությունների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հարցմանը Հայաստանից մասնակցել է 500-ից ավելի փոքր, միջին և խոշոր տնտեսվարող՝ պատասխանելով ամենատարբեր հարցերի:

«Հարցումը եղել է բազմաթիվ ուղղություններով՝ սկսած կոռուպցիայից, հարկային վարչարարությունից, վերջացրած ֆինանսերի հասանելիությամբ, գենդերային խնդիրներով և այլն՝ կապված տնտեսվարողների հետ: Եթե նայենք, թե Հայաստանում քանի կազմակերպություն է ասել, որ որոշակի տեսքով կոռուպցիոն երևույթների հետ է առնչվել, ապա կտեսնենք, որ դա 1.4 տոկոս է: Այս ցուցանիշը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 9.4, իսկ ընդհանուր աշխարհի երկրներում 16.3 տոկոս է»,-ասաց նախարարի տեղակալը:

Մեկ այլ ցուցանիշով ևս բարենպաստ պատկեր է: Մասնավորապես, պետական գնումների շրջանում քանի ընկերություն է զեկուցել, որ իրենք ստիպված են եղել ինչ-որ մեկին նվեր տալ կամ մեկի հետ լավ հարաբերություն հաստատել, որ հաղթեն գնումների գործընթացում: Այս ցուցանիշը զրո է եղել: Եվրոպայում և Միջին Ասիայում դա 10 տոկոս է, աշխարհում այս ցուցանիշը 23.6 տոկոս է: Տնտեսվարողները պատասխանել են նաև հարցին, թե պաշտոնյային տրվող նվերը պայմանագրի ընդհանուր գնի քանի տոկոսն է կազմում: Այստեղ ևս ցուցանիշը զրո է, թեպետ շինարարական թույլտվությունների դեպքում հարցվածների մեկ տոկոսն ամեն դեպքում նշել է նվեր տալու սպասումների մասին: Այս ցուցանիշը Եվրոպայում և Միջին Ասիայում 12 տոկոս է, աշխարհում կազմում է 20.6 տոկոս:

Հարցված տնտեսվարողները պատասխանել են նաև խնդիրներին վերաբերող հարցերին: Պատասխանները վկայում են, որ բիզնեսի համար ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ ֆինանսերի հասանելիությունը: Դրանից բացի, տնտեսվարողները բարձրաձայնել են հարկերի բարձր մակարդակի հարցը: Այդ մասին նշել է հարցվածների 12.2 տոկոս: Այս ցուցանիշը Եվրոպայում, Միջին Ասիայում 19.2 տոկոսն է, աշխարհում՝ 12.5 տոկոս:

«Եթե նայենք այն տեսանկյունից, թե որքան արագ է հնարավոր մեզ մոտ բիզնես սկսել, ապա կարող ենք ասել, որ անգամներով արագ ենք, քան Եվրոպայի ու Միջին Ասիայի կամ աշխարհի միջին ցուցանիշը: Ասեմ, որ մեզ մոտ ընկերություններում աշխատակազմի վերապատրաստաման մակարդակը շարունակում է մնալ ցածր: Խնդիր է նաև ենթակառուցվածքների հարցը: Մասնավորապես, մեզ մոտ էլեկտրաէներգիայի անջատումների ցուցանիշը որոշակիորեն բարձր է, թեպետ, կորուստներն անջատումների հետևանքով շարունակում են ցածր մնալ»,-ասաց նախարարի տեղակալը:

Ավագ Ավանեսյանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, սա կարևոր հարցում է ինչպես ներդրումային դաշտի, այնպես էլ գործարար միջավայրի տեսանկյունից: Այն ցույց է տալիս Հայաստանի ցուցանիշների հարաբերակցությունն աշխարհի միջին ցուցանիշների հետ: Այն ունի ոլորտային բացվածքներ, որը թույլ է տալիս տեսնել, թե որ ոլորտում ինչ է կատարվում և ինչ խնդիրներ կան:

«Այս հարցման առավելությունն այն է, որ կարողանում ենք մեր երկրի հաջողությունները, դրական արդյունքները համեմատել միջազգային միջին ցուցանիշների հետ, հասկանալ, թե որտեղ ունենք առաջընթաց, որտեղ ունենք խնդիրներ, որտեղ է, որ ժամանակին եղել են խնդիրներ ու այսօր լուծված են: Ենթակառուցվածքների, կրթության, արտաքին առևտրի կազմակերպման տեսանկյունից, այո, խնդիրներ ունենք, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Այս հարցումը կարող է ուղենիշային լինել հետագայում տնտեսական քաղաքականության շեշտադրումների վերանայման տեսանկյունից: Այն բավական խորը, բավական շատ հարցերի անդրադարձող զեկույց է»,-հավելեց Ավագ Ավանեսյանը:

Հարցումն անցկացվել է 546 ընկերությունների շրջանում 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Ոլորտներն են՝ սնունդ, այլ արտադրություն, մանրածախ առևտուր, այլ ծառայություններ և այլն: Հարցումն անցկացվել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում:

Աննա Գզիրյան

armenpress.am/arm/news/1028153.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail