ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Վարձկանները ադրբեջանա-իրանյան սահմանին. Թեհրանը կհավատա՞ Բաքվին
19.09.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Ալիեւի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի պատասխանատու, «այլընտրանքային արտգործնախարար» Հիքմեթ Հաջիեւը հանդիպել է Բաքվում Իրանի դեսպանի հետ: Հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ հայտնել բարիդրացիական եւ բարեկամական հարաբերություն զարգացնելու վճռականություն:
Ու՞մ մոտ էր նվազել այդ վճռականությունը, որ առաջացել է այն հավաստելու անհրաժեշտություն:
Մի քանի օր առաջ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը, անդրադառնալով մեղադրանքներին, թե Իրանի տարածքով Հայաստան է մատակարարվում մեծ քանակի սպառազինություն, հայտարարել էր, թե այդօրինակ հայտարարությունները վտանգում են ադրբեջանա-իրանյան բարեկամությունը: Բանն այն է, որ այդ մասին հայտարարել էր Ալիեւը, Պուտինի հետ հեռախոսազրույցում դժգոհելով հուլիսյան մարտերից հետո Հայաստան ՌԴ մեծ ծավալի սպառազինության մատակարարման կապակցությամբ:
Փաստացի, Թեհրանը ակնարկել էր, որ Ալիեւի հայտարարությունը վտանգում է Իրանի հետ Ադրբեջանի բարեկամությունը: Խնդիրը սակայն թերեւս ավելի խորն է, քանի որ Իրան-ադրբեջանական բարեկամությունը վտանգվում է Ադրբեջանի կլանմամբ, որ իրականացնում է Թուրքիան: Հենց այդ ռազմա-քաղաքական հանգամանքներն են նաեւ Թեհրանի համար կարեւոր դարձնում հայկական անվտանգային համակարգի ամրությունը, քանի որ դրան է շաղկապված Իրանի անվտանգությունը հյուսիսում:
Այն, որ Ալիեւն իրանյան ուղղության վրա է «նետում» Հիքմեթ Հաջիեւին, հուշում է, որ Բաքուն այստեղ տեսնում է կարգավորելու լուրջ հարցեր: Դրանք մասնավորապես խորացրել է այն իրողությունը, որ Թուրքիան վարձկաններ է տեղափոխում Ադրբեջանի տարածք, ձեւավորելով այնտեղ համապատասխան կենտրոնակայաններ: Պաշտոնական Երեւանն ԱԳ նախարարի մակարդակով այդ մասին հայտարարեց Եգիպտոսում: Ի դեպ, Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոս մեկնելուց առաջ հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտգործնախարար Զարիֆի հետ:
Ադրբեջանի վերածումը թուրքական վարձկանական «ռազմակայանի» անվտանգային սպառնալիք է Իրանի համար: Հաջիեւն ըստ ամենայնի Բաքվում Իրանի դեսպանին փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա Իրանի հետ բարեկամությանը:
Ամբողջ հարցն այն է, թե ինչ գին ունի ներկայում Ադրբեջանի որեւէ հավաստիացում, երբ այդ պետությունը վերածվել է թուրքական քաղաքականության «մահապարտի» եւ վարձկանական «ռազմակայանի»:
lragir.am/2020/09/19/579822/