Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
21 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԸ:
21 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մեծարգո վարչապետ,
Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ Սեպտեմբերի 21-ի՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ:
Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը հաջորդած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին ու աջակցել է ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանն ուղղված Ձեր ջանքերին: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում:
Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը: Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս:
Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում։
armenpress.am/arm/news/1028287.html