Հավերժական գարնան ու անկատար երազանքի քաղաքը․ Այնթապ – Ինքնություններ փոխելու հարկադրանքը մարդկանց ու սրբավայրերի ճակատագիր
19.09.2020 | Արթդարակ | Սոֆյա Հակոբյան: ԻՆՔՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
Ինքնություններ փոխելու հարկադրանքը մարդկանց ու սրբավայրերի ճակատագիր
Հավերժական Շքեղ, ակնածանք ներշնչող ու բացառիկ ճաշակի քաղաք է Այնթապը․ նույնիսկ հիմա, երբ ավելի քան մեկ դար անց այսքան բան է փոխվել այստեղ, քաղաքի հին կենտրոնով քայլելիս զգում ես քաղաքային մշակույթի ամբողջ ճոխությունը, յուրահատկությունն ու հարուստ կոլորիտը։
«Ային Թաբա»․ արաբերեն «Լավ գարուն» բառերից իր անունը ստացած քաղաքն, անկասկած, արժանի է այդպես կոչվելուն․ այստեղ կարծես միշտ ծաղկած գարուն է։ Այնթապն առաջին իսկ այցից ինձ մոտ ասոցացվել է տեղական թունդ, կծու արևելյան սուրճի սուր հոտով, որը տարածվում է Այնթապի պատմական շուկայի երկնքում՝ խառնվելով հազարավոր համեմունքների, լոխումի ու տեղական լեգենդար կանաչ պիստակի հոտին։
Այնթապցիներն իրենք իրենց մասին կատակում են. «Այնթապում օրվա 20 ժամն ուտում են, իսկ մնացյալ 4 ժամը մտածում, թե ինչ ուտել»։ Իհարկե, Թուրքիայի «գաստրո» զբոսաշրջության անվիճելի կենտրոնը հենց Այնթապն է, ուր մարդիկ հեռավոր քաղաքներից հաճախ մեկ օրով գալիս են հատուկ համտեսելու այնթապցիների պարծանքը համարվող լահմաջունն ու չորացրած բանջարեղենով հայկական տոլման, նշանավոր արևելյան փախլավան ու սերուցքով կաթմերը, որը չնայած հայկական անունը պահպանելուն, գրեթե անծանոթ է Հայաստանում ու շարունակում է մնալ ժամանակակից, հայաթափված Այնթապի այցեքարտերից մեկը։
Իրականում այս քաղաքի պատմությունն էլ նման է տեղի խոհանոցին, որը թեև ոչ այնքան դյուրամարս, սակայն տիպիկ արևելյան է՝ քաղցրը, կծուն ու թթուն երբեմն մեկտեղած։
Անկատար երազանքի քաղաքը
Հետաքրքիր է՝ հայերը երբեք չեն իշխել Այնթապին։ Այն մեզ համար միշտ մնացել է անկատար երազանք։
Կիլիկյան արքաներից Հեթում Ա-ն նույնպես շատ էր ցանկանում տիրել անթիվ բարիքների ու քաղաքակրթությունների կրող այս քաղաքին, սակայն նրա այդ նպատակը նույնպես անկատար մնաց։
20-րդ դարի սկզբին չիրականացած երազանքների համար վճարված գինը, թերևս, շատ ավելի ծանր էր ու այս անգամ՝ անդառնալի։
Այսօր ժամանակակից Այնթապ ոտք դնելու առաջին իսկ պահից այդ անդառնալիության, անկատար երազանքի մեր «սինդրոմի» մասին հիշեցնում է ամեն քար ու տառ։ Նույնիսկ՝ քաղաքի նոր անունը։
«Գազիանթեփ»․ սա է քաղաքի նոր, 1928-ից հաստատված անունը, ասել է թե՝ «քաջ Անթեփ», ասել է թե՝ «ֆրանսիացի զավթիչներից ու նրանց օգնող հայերից քաղաքն ազատագրած հերոս ժողովրդի քաղաք», ինչպես հաճախ գրում է թուրքական մամուլն ու ինչպես ամեն առիթով սիրում են պատմել հենց այնթապցիները։
Հին հայկական թաղամասի բազմաթիվ նեղլիկ փողոցների բոլոր ելքերը տանում են դեպի քաղաքի Մայր տաճար՝ հոյակերտ Սուրբ Մարիամ Աստվածածինը, որն այսօր կոչվում է «Փրկության մզկիթ»՝ ի պատիվ քեմալական շարժման հաղթանակի։
Բալյանների նրբաճաշակ ու յուրահատուկ ձեռագիրն այստեղ աչքի է զարնում դեռևս հեռվից․ սև ու սպիտակի յուօրինակ ու զուսպ համադրությունը, աչք շոյող հրաշագեղ զարդաքանդակներն իրենց կատարելությամբ ու չափավորությամբ, հզոր որմնամույթերին բազմած բարձր սյուներն ու ազդեցիկ գմբեթը․ տաճարն, անկասկած, իշխում է քաղաքին թե՛ որպես եկեղեցի, թե՛ որպես մզկիթ։
Այս երկրում, թերևս, մարդիկ ու սրբավայրերը կրում են նույն ճակատագիրը՝ պարբերաբար ինքնություններ փոխելու հարկադրանքի ճակատագիրը։ Սուրբ Աստվածածինն էլ պատմության համար ակնթարթ համարվող այս կարճ ժամանակահատվածում հասցրել է ծառայել որպես բանտ, մզկիթ, պահեստ ու՝ էլի մզկիթ։
2017 թվականին տաճարի՝ որպես մզկիթ վերաօծման հանդիսավոր ու երկար սպասված արարողության ժամանակ տեղի իմամը հպարտությամբ նշեց․ «Մեր նախնիների կառուցած ցանկացած շինություն մեզ համար անչափ կարևոր է», իսկ Այնթապի քաղաքապետարանի կայքը որոշեց ավելի օրիգինալ գտնվել և «Փրկության մզկիթը» ներկայացել․ «Որպես եկեղեցի կառուցված մզկիթ» ձևակերպմամբ։
«Ինչպես չհամբուրեմ գազիանթեփցիների աչքերը։ Նրանք ոչ միայն Գազիանթեփն են փրկել, նրանք ամբողջ Թուրքիան են փրկել»․ Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի այս խոսքերը սկզբում անհասկանալի, անընդունելի ու առնվազն վրդովվեցնող են թվում։ Բայց դա միայն այն ժամանակ, երբ դեռ լավ չես ճանաչում Թուրքիան։ Հետո հասկանում ես․ այստեղ ոմանց «չգոյությունը» մյուսների «փրկությունն» ու կյանքի միակ երաշխիքն է։ Եվ ինչպես հենց ինքը՝ Քեմալ Աթաթուրքն էր ասում՝ դա ոչ միայն Այնթապի, այլ ամբողջ Թուրքիայի պատմությունն է։
«Մեզ հետ դա չի պատահի»․․․
Թեև Այնթապի երազանքը հայերիս համար միշտ մնաց անկատար՝ իմ խորին համոզմամբ չկա մեկ այլ վայր, որտեղ հայերը հասած լինեն հատկապես քաղաքային մշակույթի զարգացման այն կատարելությանը, որը տեսնում ենք Այնթապում։
Քաղաք, որտեղ 20-րդ դարի սկզբին կար 17 հայկական վարժարան, իսկ 8 փաստաբաններից 6-ը հայ էին։ Քաղաք, որտեղ թե՛ հայ առաքելական, թե՛ հայ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները բազմիցս փոփոխված բոլոր ինքնություններով ապշեցնում են ճաշակի վեհությամբ, և որտեղ հին հայկական թաղամաս զբոսաշրջիկները գալիս են արդեն էլիտար հյուրանոցներ դարձած հին տներից մեկի բակում գոնե մեկ բաժակ սուրճ խմելու՝ վայելելով պատմական Այնթապի շունչը։
Բաց դեղնավուն քարից երկհարկանի տներն իրենց կոկիկ պատշգամբներով ու բարձր, լայն պատուհաններով, նուրբ զարդանախշերով և գույների իդեալական համադրությամբ, ընդարձակ բակերն ու նկուղները, գինու և խաղողի «րախը»-ի (Մերձավոր Արևելքում և Հունաստանում տարածված ոգելից խմիչք) մառանները, ձիթենու ծառերն ու վարդերի չնաշխարհիկ այգիները ստիպում են, որ անկախ քեզնից լսես նաև շուրջ մեկ դար առաջվա աղմուկն ու կյանքի աշխուժությունը, բակերում փռված սեղաններից բարձրացող բաժակների շխշխկոցը, տներից լսվող դաշնամուրի ու եկեղեցուց եկող զանգերի ձայնը։
«Այնթապը մաս էր կազմում այլ նահանգներից աքսորված հայերի քարավանների երթուղու։ Թեև ամեն ինչ հենց մեր շուրջն էր կատարվում՝ քիչ չէին ջայլամի պես գլուխն ավազի մեջ մտցնողները։ Այս մարդիկ իրենք իրենց համոզել էին, որ երջանիկ են և փորձեցին իրենք իրենց խաբել՝ հավատալով, որ նման մի աքսոր Այնթապի համար իրական լինել չի կարող ու իրենց գլխին որևէ վատ բան չի գա»,- ականատեսներից մեկի հիշողություններն է մեջբերում Այնթապի ողբերգության մասին թերևս ամենամանրակրկիտ ու հաջող ուսումնասիրությունների հեղինակ, թուրք պատմաբան Ումիթ Քուրթը 2018 թվականին «Ահվալ» կայքում տպագրված մի հոդվածում։
Չեմ կարող չասել, որ վերը նշված խոսքերը Այնթապի իրականության մասին նույնությամբ, առանց մեկ բառի փոփոխության կարելի է վերագրել ուղիղ մեկ դար անց, մի քանի կիլոմետր այն կողմ պատառ-պատառ այրվող Սիրիային. սահմանից գաղթականների անկառավարելի հոսք, իսլամիստ ահաբեկիչներին թուրքական հիվանդանոցներում ցույց տրվող առաջին բուժօգնություն, սահմանամերձ գյուղերում Մուսուլից բերված եզդի կանանց ազատ առքուվաճառք և «Աման, մեզ հետ դա որևէ կապ չունի» արտահայտությամբ հայացքներ, համառորեն շուրջբոլորը չնկատել փորձող ամենօրյա, ամենասովորական առօրյա։ Մինչև որ չպայթեց․․․
2016-ի ձմռանը Այնթապի թաղամասերից մեկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հարսանիքի ժամանակ իրականացված մահաբեր պայթյունը, որը, տասնյակ կյանքեր խլելով, փշրեց սին պատկերացումները, անտարբերությունն ու կողմնակալ քարոզչությունը, ցնցեց ու ևս մեկ անգամ հիշեցրեց․ թվացյալ երջանկությունն այս քաղաքում էլի 105 տարի առաջվա պես շատ է փխրուն։
Փոքրիկ «Խաթունների» երկիրը․․․
Թուրքիայում հասարակական այդ թվացյալ երջանկության ու սին իդեալների մասին, կարծես թե, կարելի է խոսել անվերջ։ Հայերիս համար այդ տաբուների կոտրման խորհրդանիշը, թերևս, Հրանտ Դինքն է իր կյանքով ու հատկապես մահով։
Հիշում եմ, երբ այս մասին խոսում էինք Տիրան Լոքմագյոզյանի հետ, ով Դինքի հետ միասին համահեղինակն էր ճակատագրական հոդվածի, որը սկիզբ դրեց վերջինիս դեմ սպանության ծրագրի նախապատրաստմանը, պարոն Տիրանը մի կարևոր բան նկատեց․ «Թուրքիայի հանրապետությունը մի բուրգ է, շատ փխրուն։ Հրանտը գնաց ու այդ բուրգի ամենատակից քար հանեց և ահա թե ինչու սպանվեց»։
Հենց այստեղ է, որ ճանապարհները նույնպես մեզ բերում են Այնթապ, ավելի ճիշտ՝ Այնթապի ամերիկյան քոլեջի մանկատուն։
Բայց ամեն բան սկզբից․․․
1915 թվականի ամռան ամիսներին Այնթապի գավառի Ջիբին գյուղից Սեբիլջյան ընտանիքը դեպի Հալեպ շարժվող քարավանի հետ հասավ քաղաք։ Սեբիլջյանների ընտանիքի մայր Մարիամը, համոզվելով, որ 4 երեխաների հետ չի կարողանա հաղթահարել դեպի Հալեպ ճանապարհը, զույգ դուստրերին որոշում է ժամանակավորապես թողնել տեղի ամերիկյան քոլեջի մանկատանը։ Արդեն 1918-ի աշնանը՝ Մուդրոսի համաձայնագրից հետո, երբ այնթապցիների զգալի մասը վերադառնում է հայրենիք, անսահման երջանկության մեջ Այնթապի մանկատուն շտապող Սեբիլջյաններին սպասվում էր բոլորի կյանքը փոխած անսպասելի ցնցումը․ զույգ աղջիկներից Խաթունն այլևս այստեղ չէ։ Առևանգված աղջկան հնարավոր բոլոր ճանապարհներով փնտրող մանկատան տնօրինությունը Պոլսո Հայոց պատրիարքարանի օգնությամբ անցկացվող որոնողական աշխատանքներից հետո պարզում է է՛լ ավելի ցնցող լուր․ աղջիկը Մուսթաֆա Քեմալի մոտ է, որի զորքը լքել է գրավված մանկատան շենքը մինչ անգլիացիները կհասցնեին մտնել քաղաք։
Մյուս աղջիկը՝ Տիրուհին, 1921-ի պարտությունից հետո կրկին Սիրիայի ճանապարհը բռնած այնթապահայության և իր ընտանիքի հետ միասին հասնում է Հալեպ, իսկ ավելի ուշ՝ Խորհրդային Հայաստան։ Փոքրիկ Խաթունին գտնելն ու ընտանիքի վերամիավորումը մնաց Սեբիլջյանների անկատար երազանքների շարքում ամենամեծն ու ցավագինը։
Երկար տարիներ անց քույրերից Տիրուհու դուստրը՝ Հռիփսիմեն, 1990-ականներին աշխատանքի նպատակով Ստամբուլում հայտնվելով, որոշում է այստեղ հրատարակվող հայկական թերթերից «Ակօս»-ի խմբագիր Հրանտ Դինքի մոտ բացահայտել Խաթուն մորաքրոջ պատմությունը, որը Թուրքիայում խնամքով թաքցվող և պետական նշանակության կարևորագույն գաղտնիքներից մեկն էր, մինչդեռ աշխարհի տարբեր անկյուններում ցրված Սեբիլջյանների համար օրվա հացի պես ամեն օր իրենց կյանքում ներկա ու ոչ մի պահի չմոռացված իրականություն։
Ինչո՞ւ է այդ գաղտնիքն այդքան «փխրուն» Թուրքիայի հանրապետության անցած, ներկա և ապագա բոլոր իշխանությունների համար։ Որովհետև Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը 9 տարեկան հայ աղջի՞կ է առևանգել Այնթապի մանկատնից։ Ոչ միայն։ Որովհետև այդ աղջիկն առաջին թուրք կին օդաչու, աշխարհում առաջին ռմբակոծող կին օդաչու, աշխարհիկության, քեմալականության ու ժամանակակից թուրք կնոջ խորհրդանիշ Սաբիհա Գյոքչենն է՝ ըստ պաշտոնական պատմագրության՝ Բուրսայում պաշտոնաթող երիտթուրք գործչի ընտանիքում ծնված և կրթություն ստանալու նպատակով Աթաթուրքի կողմից որդեգրված բազմաթիվ երեխաներից մեկը։
Մի բան էլ կա։
«Դերսիմում առաջին ռմբակոծության տված ոգևորվածությունը երբեք չեմ մոռանա։ Կենդանի թիրախի վրա ռումբ նետելը մարդու մեջ ոչ մի խղճի խայթ չի արթնացնում։ Դու միայն հանձնարարությունդ կատարելու համար մտածում ես փնտրելու ու հարվածելու մասին»,- 1937-ին թուրքական «Թան» պարբերականին տված հարցազրույցում այսպես էր պատմում Դերսիմում ալևիների և հայերի սարսափելի կոտորածների մասին Սաբիհա Գյոքչեն դարձած Խաթուն Սեբիլջյանը։
Փոքրիկ «խաթունների» այս երկրում, որտեղ դեպի Այնթապ ճամփորդությունը սկսում ու ավարտում եմ ճակատագրի հեգնանքով Սաբիհա Գյոքչենի անունը կրող ստամբուլյան օդանավակայանում, կիսատ մնացած ինքնությունների, թվացյալ երջանկության ու անկատար երազանքների հոտը փչում է ամեն անկյունից։ Ի՞նչ կցանկանար իրականում պատմել Խաթուն Սեբիլջյանը՝ այլևս երբեք չենք իմանա։ Սակայն խաթունների ճիչն այստեղ ամեն կողմում է՝ Գյոքչենի օդանավակայանի բազմության մեջ չերևացող անծանոթի, Կարսում շարքային հացթուխի, Բիթլիսում ճանապարհին մեզ ձեռքով անող խոտ հնձող գյուղացու, Էրզրումում Էրդողանի հանրահավաքին եկած երիտասարդի, Մարաշի շուկայում նստած ոսկերչի, հայտնի բժիշկի կամ դպրոցի տնօրենի ներսում։ Միայն թե նկատենք ու լսենք այդ «ճիչը»։
«Եկեք մի քիչ էլ ոչ թե սպանողների ու սպանվողների, այլ կենդանի մնացածների մասին խոսենք»․ կասեր Դինքը, որն այդ մասին գրելիս դեռ չգիտեր, որ իր իսկ նահատակությամբ «վախվորած աղավնիները» մի օր առավել համարձակ են դառնալու իրենց ճիչը լսելի դարձնելու հարցում։
Հեղինակ՝ Սոֆյա Հակոբյան
art-collage.com/post/Haverjakan-garnan-u-ankatar-erazanqi-qakhaqy.-Ajntap?