Թուրքիան որպես խաղաղության գլխավոր խոչընդոտ ու սպառնալիք. Վերլուծաբանի անդրադարձը
25 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը պատեհ առիթները լիարժեք կարողացավ օգտագործել՝ ներկայացնելու Թուրքիայից եկող վտանգներն ու սպառնալիքները՝ Հարավային Կովկասից մինչև Միջին Արևելք, Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա:
Խոսելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի Եգիպտոս այցից ՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն՝ ավելացնելով, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղության գլխավոր խոչընդոտն ու սպառնալիքն է:
«Դրանից բացի, Հայաստանն իր զորակցությունը հայտնեց Հունաստանին, Կիպրոսին, ինչն օրինաչափ էր, ակնկալելի: Միջազգային միտումները հաշվի առնելով՝ մենք պետք է համակարգենք մեր աշխատանքային սլաքները, ինչը տեսանելի է: Ի դեպ, Հայաստանի համար նպաստավոր ենթահող կարող է ձևավորվել:
Միջազգային մամուլը սկսել է բարձրաձայնել այն, որ ահաբեկիչներին Թուրքիան տեղափոխում է Ադրբեջան: Միջազգային ահաբեկչությունը և ահաբեկիչներ արտահանող երկրները սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի համար: Եվ որքան աշխատի Անկարայի և Բաքվի «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը թեկուզ քարոզչական հարթությունում, այնքան Անկարային ուղղվող քննադատական սլաքները կուղղվեն նաև Բաքվին:
Ահաբեկիչների արտահանման համատեքստում կսկսվի միջազգային ճնշում նաև Բաքվի նկատմամբ: Դա ևս մեկ հնարավորություն է միջազգային շրջանակներում Ադրբեջանի ու Արցախի անհամատեղելիության գաղափարը առաջ տանելու տեսանկյունից»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Լիբանանահայ գործիչը նշեց, որ նախկինում ևս Թուրքիան աջակցել է Ադրբեջանին տարբեր հանգրվաններում: Հայաստանի Տավուշի մարզում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի ներգրավվածությունն աննախադեպ էր:
«Այնպես, որ ներկայում, պատերազմական իրավիճակ ստեղծելով, Հայաստանին մեղադրելով բանակցությունները տապալելու հարցում, Թուրքիան նաև ուղերձներ է ուղղում աշխարհաքաղաքական ուժերին, տվյալ դեպքում նաև Ռուսաստանին, որը չաջակցեց Թուրքիային Արևելյան Միջերկրականում եղած լարված իրավիճակում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին միջազգային հանրության արձագանքին, ապա Շահան Գանտահարյանը նկատեց, որ դեկլարատիվ առումով բավական հնչեղություն են ստանում միջազգային մեղադրանքները՝ ուղղված Թուրքիայի ծավալապաշտությանը: Թեպետ հայտարարություններն ու գործնական քայլերը պատժամիջոցների տեսանկյունից համընթաց ու համարժեք չեն: Վերլուծաբանի կարծիքով ՝ երկրները քաղաքական առևտրի համար որոշակի ուղի են հարթում:
Աննա Գզիրյան
armenpress.am/arm/news/1028813.html