Ռեգիոնալ հարցերը այլեւս չեն կարող լուծվել հայկական շահերի եւ անվտանգության հաշվին՝ ինչպես 100 տարի առաջ

Ռեգիոնալ հարցերը այլեւս չեն կարող լուծվել հայկական շահերի եւ անվտանգության հաշվին՝ ինչպես 100 տարի առաջ

Ադրբեջանի առաջին պարտությունը. հայկական ռազմական խնդիրը

27.09.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Վերջին շաբաթներին գործնականում ակնառու էր Ադրբեջանի ինտենսիվ նախապատրաստությունը պատերազմին: Բաքվի գործողությունը չունի մեկ պատճառ կամ շարժառիթ, դրանք շատ են, սակայն այդ բոլորի հիմքում գործնականում Ադրբեջանի պարտությունն է:

Ադրբեջանի սկսած պատերազմը Ադրբեջանի պարտության վկայությունն է, որովհետեւ պատերազմը Ադրբեջանի համար որեւէ ելք կամ լուծում չէ, միաժամանակ հետեւանք է այն ռազմա-քաղաքական անելանելիության, որում հայտնվել է Բաքուն:

Իլհամ Ալիեւը խորքային փակուղում է արդեն մի քանի տարի: Ապրիլյան քառօրյա պատերազմում ստանալով հայկական բանակի ուժգին հակահարվածը, բայց այդուհանդերձ մի շարք պատճառներով զերծ մնալով այդ հակահարվածի քաղաքական կապիտալիզացիայի հետեւանքից, տարեցտարի փորձեց դուրս գալ փակուղուց:

Ավելին, Ալիեւը թերեւս ռազմական գործուն շանտաժի էր պատրաստվում 2018 թվականի աշնանը, ինչի համար նա այդ տարվա հոկտեմբերին նախատեսված նախագահի հերթական ընտրությունը առաջ տվեց նույն թվականի ապրիլ, այդպիսով գործնականում ազատելով ձեռքը աշնան համար: Սակայն, Հայաստանում թավշյա հեղափոխությունը խառնեց նրա սպասումները, դնելով բավական անհարմար փաստերի առաջ:

Ալիեւը տեւական ժամանակ հրաժարվում էր Նիկոլ Փաշինյանի հետ շփումից, որը 2018-ի մայիսից փաստացի սկսեց արցախյան կարգավորման բանակցային եղած բովանդակությունն ու փիլիսոփայությունն ապամոնտաժելը: Բովանդակություն ու փիլիսոփայություն, որ «մադրիդյան սկզբունքներ» պայմանական ձեւակերպման ներքո գործնականում ավելի քան քառորդ դար կառուցվել է հայկական շահերի, իրավունքների եւ անվտանգության հաշվին:

Երեւանը թավշյա հեղափոխությունից հետո սկսեց բանակցային գործընթաց բերել հայկական իրավունքները, միաժամանակ բավականին հստակ կերպով ցույց տալով, որ ամենեւին հակված չէ մերժել բանակցությունը եւ անգամ կարող է խոսել, որ լուծումը պետք է ընդունելի լինի ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ ադրբեջանցիների համար:

Փակուղուց դուրս գալու Ադրբեջանի հույսը շրջվեց փակուղում առավել խորանալու հուսահատության: Դա էլ իր հերթին սկսեց խորացնել հայերի հանդեպ ատելության ու «գաղափարախոսության» վրա կառուցված ալիեւյան իշխանության ճգնաժամը: Այդ ճգնաժամի ծանրությունն իր հերթին բազմապատկվում էր մի քանի ավելի լայն ճգնաժամային հանգամանքներով՝ աշխարհքաղաքական ճգնաժամ, դրա հետեւանքով ռուս-թուրքական հարաբերության առնվազն տակտիկական ճգնաժամ՝ որ դրսեւորվում էր նաեւ Սիրիայում ու Լիբիայում, նոր գերակա՝ ամերիկա-չինական աշարհարքաղաքական կառուցվածքի ընդգծում: Այդ ամենի ներքո տեղի էին ունենում նաեւ ռեգիոնալ բնույթի ռազմա-քաղաքական անվտանգային այլ վերանայումներ, այդ թվում մերձավորարեւելյան ուղղությամբ:

Այդ պայմաններում, Ադրբեջանում Ալիեւի իշխանության ճգնաժամը դառնում է լրջագույն խնդիր, առնվազն Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար:

Թուրքիան հուլիսի 12-ից հետո փորձեց ադրբեջանական պարտությունն օգտագործել քաղաքական բլից-կրիգի համար եւ կլանեց Ադրբեջանը, առերեւույթ օգնլով, սակայն իրականում էլ ավելի բարդացնելով Ալիեւի իշխանության ճգնաժամը եւ նրան վերածելով արդեն թուրքական ռազմա-քաղաքականության «մահապարտի»:

Այժմ Ալիեւը գործում է հենց այդ դերում, դառնալով Թուրքիայի շանտաժը Ռուսաստանի հանդեպ՝ Հայաստանին ու Արցախին նետված պատերազմական մարտահրավերի միջոցով: Հայկական բանակի, պետականության եւ համայն հայության խնդիրն է ցույց տալ, որ ռեգիոնալ հարցերը այլեւս չեն կարող լուծվել հայկական շահերի եւ անվտանգության հաշվին՝ ինչպես 100 տարի առաջ, եւ Ալիեւի ռազմա-քաղաքական անելանելիությունն ու պարտությունը կնքել արդեն ռազմական դաշտում:

lragir.am/2020/09/27/582084/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail