Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի. Նիկոլ Փաշինյան
27 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի, հայրենիքը ոչ մի միլիմետր չի զիջի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում իր ելույթում վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:
Փաշինյանը արձանագրեց՝ տեղի ունեցածի մեջ, ըստ էության, ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա: «Որովհետև, ըստ էության, այս պատմության կոնտեքստը հետևյալն է՝ մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում և շարունակում է դրվել, երկընտրանք է դրվում և դեռ կդրվի՝ ըստ էության հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ:
Ես ուզում եմ՝ մենք շատ հստակ արձանագրենք, որ այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումն, ըստ էության, եղել է այսպիսին:
Եվ բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը. կամ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կամ ստանում ենք պատերազմ: Եվ այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի:
Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը, կարծում եմ, պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում: Չափազանցություն չհնչի ասել՝ սա մեր հազարամյա գոյամարտի հերթական և գուցե ամենակարևոր հանգրվանն է»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը պետք է ամուր կանգնի իր ոտքերի վրա և պաշտպանի այս սրբազան հողի վրա ապրելու իր իրավունքը:
Նա նշեց, որ որպես գերագույն հրամանատար ԱԺ չի եկել ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: «Այսօր, ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի: Հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա: Եվ, երբ որ ասում ենք, որ մենք բոլորս զինվորներ ենք, և երբ որ ծափահարում ենք այդ խոսքերի վրա, մենք ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, պաշտոնյա, թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին:
Մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի: Մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք:
Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի և Արցախը պետք է լինի ինքնորոշված, անկախ, ինքնուրույն, հզոր և հպարտ՝ ինչպես այսօր է, ինչպես եդել է»,-շեշտեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այսօրվա նիստը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է: «Պատրաստեք ձեզ հաղթանակի, պատրաստեք ձեզ նվիրումի, պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է: Եվ մենք միասնական ենք, քան երբևէ:
Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը և կեցցեք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում, փառք Հայոց բանակին, փառք Հայոց զինվորին»,-եզրափակեց Փաշինյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:
ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացվել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն:
Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաները. Շուշան Ստեփանյան
https://www.facebook.com/watch/?ref=search&v=799342557483464
armenpress.am/arm/news/1029071.html