Կայծ Մինասյան – Դրսից ոչ մի բան պետք չի սպասել: Իրականությունը դա է
28.09.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը
Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի հրետակոծությունը խաղաղ բնակչության ուղղղությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարություններով հանդես եկել, Ֆրանսիան, ՌԴ–ն, ՆԱՏՕ–ն, այս հայտարարություններով դարձյալ կողմերի միջև հավասարության նշան է դրվում։ Ինչո՞ւ, ինչպե՞ս եք գնահատում։
Քանի դեռ թուրք-ադրբեջանցիները չեն հաջողել փոխել դիվանագիտական հավասարակշռությունը, պիտի հարձակվեն: Բոլոր միջազգային կազմակերպություններն այլ տարբերակ չունեն, քան չեզոքություն պահելը, քանի որ իրենց համար Արցախի հարցը օրակարգի առաջին կետը չէ:
Ի վերջո, կկարողանա՞ միջազգային հանրությունը զսպել Ադրբեջանին, թե ոչ։
Դրսից ոչ մի բան պետք չի սպասել: Իրականությունը դա է:
Ձևով ի՞նչ տեսակ պատերազմ է սա։ Տեսակետ կա, որ սա հերթական դավադրությունն է Հայաստանի դեմ, որի նպատակն է այնպես անել, որ Հայաստանը դիմի ՌԴ-ին, որ փոխվի Ղարաբաղյան ճակատի կոնֆիգուրացիան, և խաղաղապահ զորքեր հայտնվեն։
Մոսկվայի կողմից կա այդ հնարավորությունը, բայց դա կնշանակի, որ Ռուսաստանը «ծառայում է» Թուրքիայի շահերին ընդդեմ Արեւմուտքի:
Օրերս մեզ տված հարցազրույցում նշում էիք, որ Մոսկվան ստիպված կլինի ընտրություն կատարել: Եվ որ մենք շրջադարձային փուլում ենք։ Մոսկվան հօգուտ ո՞ւմ որոշում կկայացնի։
Այո, ռուսները ո՞ւր պետք է ձգեն, որ Անկարա-Բաքու շահերն իրականացվեն: Մոսկվան միայն իր շահերն է հետապնդում: Ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը:
Ընդհանրապես որքանով է իրատեսական Արցախի անկախության ճանաչումն այս փուլում, դա վտանգներ պարունակո՞ւմ է:
Այո, հնարավոր վտանգներ կան, բայց ի՞նչ ենք մենք ուզում: Պարզ է, որ ազերիները շարունակելու են հարձակվել մինչեւ որ փոխեն իրավիճակը: Մենք ի՞նչ անենք, դիմադրենք ճանաչելով Արցախի անկախությո՞ւնը, թե՞ չճանաչենք Արցախը եւ սպասենք հաջորդ հարձակմանը:
lragir.am/2020/09/28/582321/