Ստեփանակերտի ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը ամուր են ու պինդ. Աննա Հակոբյան

Ստեփանակերտի ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը ամուր են ու պինդ. Աննա Հակոբյան

29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով Ստեփանակերտի ապաստարաններում գտնվող կանայք, երեխաներն ու տարեցներն ամուր են և պինդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ ապաստարաններում գտնվող խաղաղ բնակիչներն ունեն սնունդի և տարբեր կենցաղային խնդիրներ:

«Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սնունդի կազմակերպումից մինչև մահճակալներ: Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ կզբաղվի ապաստարաններում մարդկանց սնունդի ապահովման խնդրով: Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է հուզված էին, բայց ամուր էին ու պինդ»,- գրել է Հակոբյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

armenpress.am/arm/news/1029432.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail