ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ուժերի լրացուցիչ կուտակումներ սահմանին. Իրանը վտանգներ է զգում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ուժերի լրացուցիչ կուտակումներ սահմանին. Իրանը վտանգներ է զգում

30.09.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, նրան ներկայացնելով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված վիճակը եւ դրան Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը: Ըստ տեղեկության, վարչապետ Փաշինյանը ներկայացրել է դրա մանրամասները, իսկ հատկապես ինչպիսի, չի հայտնվում:

Միեւնույն ժամանակ, իրանական համացանցային տիրույթից որոշ մանրամասներ են հայտնվում այն մասին, որ Թեհրանը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում Ադրբեջանի հետ սահմանին, այն բանից հետո, երբ Իրանի տարածքում խոցվել է անօդաչու թռչող սարք՝ ենթադրաբար ադրբեջանական զինուժի: Իրանական աղբյուրները նշում են, թե հավանաբար դրա թիրախում է եղել Մալեկան բնակավայրից 30 կմ հեռավորության վրա գտնվող ատոմակայանը:

Պատահաբա՞ր է հայտնվել ԱԹՍ-ն Իրանի երկնքում, թե Ադրբեջանը, Թուրքիան կամ գուցե Բաքվին անօդաչուներ մատակարարող Իսրայելն են փորձել օգտվել առիթից, դժվար է ասել: Աներկբա է այն, որ Իրանի հյուսիսային սահմանում Թուրքիայի սանձազերծած պատերազմը Թեհրանի համար առաջ է բերել լրջագույն ռազմավարական մարտահրավերներ:

Այդ իմաստով, հայկական ուժերը պատերազմում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ գործնականում նաեւ Իրանի անվտանգության համար, խոշոր հաշվով ընդգծելով, թե անվտանգային ինչ համակարգի պարագայում է Թեհրանն իրեն առավել հանգիստ զգալու կովկասյան ռեգիոնի ուղղությամբ: Դա կարող է լինել միայն հայկական առանցքով անվտանգային համակարգի դեպքում, որտեղ կչեզոքացվի թուրքական եւ իսրայելական գործոնը, միաժամանակ կարող են համադրվել եւ Հայաստանի հետ հարաբերության առանձնահատկությունների համատեքստում համակարգվել ռուսական եւ ամերիկյան գործոնները:

Ինչով է պատրաստ այդ իմաստով աջակցել Թեհրանը Հայաստանին, թե՞ Իրանը կնախընտրի սպասել, քանի դեռ Հայաստանը ինքնուրույն չեզոքացնում է վտանգները: Սպասել իհարկե, թե ինչպես է զարգանալու իրավիճակը ռուս-թուրքական հարաբերության դաշտում, որովհետեւ Թեհրանը մշտապես զգայուն է այդ երկու երկրների հարաբերության եւ պայմանավորվածությունների հանդեպ: Դա վառ դրսեւորվեց Սիրիայում:

Բայց որպեսզի չլինեն Թեհրանի համար մտահոգիչ պայմանավորվածություններ, հարկավոր է հայկական ուժերի հաղթանակ ռազմաճակատում: Ադրբեջանի պարտությունը թե Անկարային, թե Մոսկվային կստիպի հետագա քննարկումներում հաշվի նստել Իրանի հետ, նկատի ունենալով ադրբեջանական հանրության մեջ Իրանի ազդեցությունն ու դրա առանձնահատկությունները:

Ավելին, հաշվի առնելով հայ-իրանական հարաբերության բնույթը, Հայաստանի հաղթանակը Իրանին թույլ է տալու ռեգիոնալ առավելություն ստանալ Թուրքիայի նկատմամբ:

lragir.am/2020/09/30/583548/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail