ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Թուրքիան ընդունեց Ադրբեջանի պարտությունը. փլուզումն սկսված է

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Թուրքիան ընդունեց Ադրբեջանի պարտությունը. փլուզումն սկսված է

30.09.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ներկայացնելով անհրաժեշտ տվյալներ:

Դե ֆակտո, Թուրքիան ոչ թե ընդունել է Արցախի դեմ պատերազմի ռազմաօդային օպերացիայի կառավարումը, այլ այդ պատերազմում Ադրբեջանի պարտությունը: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսած պատերազմի չորրորդ օրը Ադրբեջանը հանձնվում է Թուրքիային՝ Արցախին չհանձնվելու համար: Բանակի վրա քարոզչական հուժկու ուղեկցությամբ տասնյակ միլիարդ դոլար ծախսած Ադրբեջանը չորս օր շարունակ ստանալով հայկական զինուժի հարվածները, փաստացի ստիպված էր հանձնել օդային օպերացիայի կառավարումը Անկարային՝ ցամաքային տապալումը կանխելու եւ ռազմաճակատում իրավիճակ փոխելու ակնկալիքով:

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի այդօրինակ ներգրավումը հայկական կողմի համար անկասկած անակնկալ չէ: Այդ հեռանկարը զարգանում էր դեռեւս Բաքվի կրած հուլիսյան պարտությունից հետո, երբ Ադրբեջանը քայլ առ քայլ փոխարինվում էր Թուրքիայով: Պատերազմը փաստացի դրա վերջին քայլն է: Ըստ այդմ, Հայաստանի համար արդեն շաբաթներ պարզ է, որ չկա Ադրբեջան, կա Թուրքիա:

Որովհետեւ պատերազմում բանակները ցուցանակ չեն, այլ պետական օրգանիզմի մաս, որ համակարգված գործում են եւ իրենց խնդիրը լուծում այդ օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող մյուս օրգանների հետ ֆունկցիոնալ եւ բարոյահոգեբանական ներդաշնակության մեջ: Մի բան, որի բացակայությունն Ադրբեջանի պարագայում՝ այսինքն պետության բացակայությունը, ակնառու էր դեռեւս հուլիսյան մարտերից:

Մեծ հաշվով, Ադրբեջան պետության բացակայությունը թերեւս պատմական իրողություն է, հարցն այն է, թե ինչ վերջնական ձեւակերպում է այն ստանալու, ինչ ժամկետում եւ ինչ տեսքով: Ընդ որում, պատերազմի ժամկետի հետ այն չունի ուղիղ կապ, քանի որ փլուզումն արդեն առկա է եւ այն շարունակվելու է անկախ նրանից, թե որքան կարունակվի պատերազմն ու որտեղ այն կկանգնի:

lragir.am/2020/09/30/583596/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail