Էդիկ Բաղդասարյան – Ռազմաճակատ. սեպտեմբերի 28
30 սպտ 2020
«ՈւԱԶ»-ը միանգամից հայտնվում է հարավ-արեւելյան սահմանի փոշու մեջ: Որքան առաջ ենք գնում, հրետակոծության ձայներն ուժեղանում են: Դիմացի մեքենան արագությունն ավելացնում է, փոշու միջով առաջ ենք գնում: Հասնում ենք սահմանի դիրքերից մեկը, որտեղ արդեն երկու օր մարտեր են ընթանում:
Մի քանի րոպե հետո «ֆագոտչիկը» խփում է երրորդ տանկը (լուսանկարում այդ պահն է): Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, որ չենք հասցնում ծանոթանալ զինվորների հետ: Նախկինում մի քանի անգամ եղել էինք սահմանի այս հատվածում, եւ ակնառու է, որ շփման գիծը խառնվել է իրար, տեղ-տեղ մերոնք հետ են քաշվել, տեղ-տեղ առաջ են գնացել:
Ու առաջին պահին դժվար է հասկանալ՝ հակառակորդը որ մասից է կրակում: Անօդաչուն հայտնվում է մեր գլխավերեւում: Զինվորները խաչաձեւ կրակ են բացում:
Դրոնը թեքվում է մի կողմի վրա, մի քանի րոպե անց նորից հայտնվում մեր գլխավերեւում, եւ սկսվում է ինտենսիվ հրետակոծությունը. սկզբում ականանետների արկերը պայթում են դիրքերի հարեւանությամբ, հետո նրանց հրանոթներն են սկսում, հետո՝ տանկերը, կրակը դանդաղ մոտենում է:
Կամավորական ջոկատից երկու հոգի վիրավորվել էին հարեւան դիրքում: Արդեն ակնհայտ է, որ տեղը «վառված է», եւ պետք է տեղափոխվել: Դիրքերի տեղափոխման հրաման է տրվում: Հրետակոծության տակ զինվորները դիրքավորվում են այլ հատվածում:
2016-ի ապրիլին ադրբեջանական կողմն իր զինվորների դիակներն ամեն գնով ցանկանում էր հանել ռազմադաշտից: Այժմ նրանք իրենց զինվորների դիակները կարծես թե չեն ուզում տանել: Խփված տանկը վառվում էր, եւ ոչ մեկը չէր մոտենում տանկին: Իսկ շրջակայքում մի քանի տանկեր էին կանգնած եւ մեկ զրահամեքենա: Իլհամ Ալիեւի գերնպատակն է ինչ-որ բան պոկել այս պատերազմում, այլապես չի կարողանալու դուրս գալ այսքան կորուստների տակից: Պատերազմը ծավալվում է անկանխատեսելի հետեւանքներով: Հնարավոր չէ գուշակել, թե որն է լինելու Ադրբեջանի հաջորդ քայլը, նրա զինանոցում դեռ չօգտագործված զինատեսակներ կան: Հայկական զինուժն էլ ունի նման զինատեսակներ:
hetq.am/hy/article/122255