ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ինչ է առաջարկել Թուրքիան. ռուսական ռազմակայանը գործի մեջ
01.10.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Մենք խոսել ենք Պուտինի հետ, Լավրովի հետ, առաջարկել ենք այս հարցում աշխատել միասին, ինչպես Սիրիայում, բայց չի հաջողվել, Ռուսաստանն ասում է, որ պետք է դադարեցնել պատերազմը, հետո քննարկել հարցերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որը հարցազրույց է տվել Անադոլու գործակալությանը:
Ի՞նչ է առաջարկել Թուրքիան Ռուսաստանին, ինչպես Սիրիայում: Կոնկրետ ի՞նչ խոսակցություն է եղել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Խոսքը վերաբերում է արցախյան հարցի համատեքստում քննարկումների համատեղ ձեւաչափ ստեղծելու՞ն , թե՞ ձեւաչափից բացի նաեւ բովանդակային կոնկրետ առաջարկների՝ որոշակի ազդեցության գոտիների եւ ընդհուպ ռազմական ներկայության բաժանումների վերաբերյալ:
Արդյոք ռուս-թուրքական հնարավոր այդ սցենարը չէ պատճառը, որ բավականին կոշտ հայտարարություն է արել Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիմելով հայ ժողովրդին եւ ասելով, որ Ֆրանսիան կխաղա իր դերը: Նա հայտարարել է, թե անընդունելի է Թուրքիայի միջամտությունը:
Մակրոնը իրավիճակը քննարկել է Պուտինի հետ, պատրաստվում է խոսել նաեւ Թրամփի հետ:
Կրեմլի խոսնակ Պեսկովը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է Ադրբեջանին Թուրքիայի քաղաքական աջակցությունը: Պեսկովը նաեւ հայտարարել է, թե ռուս զինվորականները ուշադրությամբ հետեւում եւ ուսումնասիրում են ռազմական իրադրության զարգացումները, հավաքագրում եւ մանրամասն վերլուծում տեղեկատվությունը:
Որտե՞ղ են դա անում ռուս զինվորականները՝ Մոսկվայում կամ հարավային ռազմական օկրուգում համակարգիչների առա՞ջ, Գյումրու ռուսական ռազմակայանո՞ւմ, թե՞ ռազմական իրադարձություններին ավելի մոտ:
Այդ համատեքստում հատկանշական է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում, որ Հայաստանը չի քննարկել Ռուսաստանին օգնության համար դիմելու հարցը, սակայն անհրաժեշտության դեպքում Գյումրու ռուսական ռազմակայանը կներգրավվի, քանի որ այն Հայաստանի Հանրապետության անվտանգության բաղկացուցիչ է:
Խոշոր իմաստով, Գյումրու ռուսական ռազմակայանը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի բաղկացուցիչ է, թեեւ դե յուրե Հայաստանում է հայ-ռուսական պայմանագրով: Հայաստանն ուզում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություն, հայտարարել է Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ, ասելով, որ չեն քննարկել ռուսական ռազմական օգնության հարցը:
Հայաստանում ռուսական ռազմակայանը ռուս-թուրքականից հայ-ռուսական դաշտ կտեղափոխվի այդ որակական փոփոխության պարագայում: Հայկական բանակը ռազմաճակատում ներկայում զբաղված է ոչ միայն ուղիղ անվտանգային խնդիրների լուծումով եւ խաղաղության պարտադրանքով, այլ նաեւ մի շարք լայն նշանակության ռազմա-քաղաքական խնդիրներ, այդ թվում հայ-ռուսական հարաբերության որակ փոխելով:
lragir.am/2020/10/01/583667/