Լևոն Շիրինյան – Մեր բանակի ստրատեգիան փայլուն է, կշարժվենք առաջ – եւ կստեղծվի ֆեդերալ ադրբեջանական պետություն
02.10.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
Պարոն Շիրինյան, պատերազմի ինչպիսի՞ ելք եք կանխորոշում: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները համատեղ հայտարարություն տարածեցին և կոչ արեցին անհապաղ վերադառնալ բանակցային սեղան: Սա իրավիճակ փոխո՞ւմ է, թե ոչ:
Ըստ էության, եթե Թուրքիան չմիջամտեր, Ադրբեջանն արդեն ջախջախված էր: Սա մեր բարեկամներին, չարակամներին սթափեցրեց, և սկսեցին նայել լրջորեն: Ռուսները մտածում էին, որ մենք կջախջախվենք, իրենք էլ խաղաղապահներ կմտցնեին: Հիմա, ինձ թվում է՝ այդ մտքից հրաժարվել են, իրենց դաշնակիցը շատ ավելի մարտունակ է իր չափի ու ձևի մեջ, քան ցանկացած բանակ: Հիմա ով որ Թուրքիայով շահագրգիռ է, կսկսեն խոսել: Ես կուզենայի, որ առաջինը Հունաստանը, Ֆրանսիան խոսեին ՆԱՏՕ-ում և Թուրքիային դուրս վռնդեին այդ կառույցից: Չեն անի, իհարկե, բայց դա կարևոր է: Ես նաև կարծում եմ, որ Վրաստանը չափավորվելու է:
Այդուհանդերձ եռանախագահող երկրների հայտարարությունն իրավիճակ փոխո՞ւմ է:
Փոխում է այնքանով, որ խոսեցին, որովհետև մինչև հիմա չէին խոսում: Երեխան լացում էր, չէին լսում: Հիմա երբ երեխան ձեռքը դանակ վերցրեց, սկսեցին խոսել: Բայց դա բանակի հետ կապ չպետք է ունենա: Բանակը պետք է խփի ռազմավարական կետերին ու վերցնի: Որովհետև ամեն մի հաշտություն, խաղաղություն, զինադադար կնքվում է որոշակի գծի վրա: Այդ որոշակի գծերը այդ պահին պետք է լինեն, ասենք, Վարազաթումբից (Լելե Թեփե) մինչև Տավուշի բարձունքը: Կենտրոնում էլ մի քանի բարձունք, և Ադրբեջանը ծնկներիդ տակ է: Վրաստանը կդառնա սիրելի Գյուրջիստան:
Արդեն խոսվում է որոշակի դիրքեր գրավելու մասին: Ինչպիսի՞ առաջխաղացման արդյունքում հնարավոր կլինի հրադադար հաստատել:
Հրադադար պետք չի: Հիմա պետք է Ադրբեջանի բանակը հյուծել, ինչը հիմա անում ենք: Մեր բանակի ստրատեգիան փայլուն է, հյուծում են Ադրբեջանի բանակը, իսկ որտեղ հնարավոր է՝ շարժվում են առաջ: Երբ որ նա իր պոտենցիալը կորցնի, կշարժվենք առաջ: Այդ ժամանակ խառնված բարեկամներ կհայտնվեն:
Հիմա ակնհայտ երևում է, որ Հայաստանի բանակը աշխարհի լավագույն բանակներից մեկն է, իսկ նրա ռազմաքաղաքական վերնախավը բացարձակ ադեկվատ է ժամանակին: Ես կարող եմ ասել, որ ունենք լավագույն զինվորական ղեկավարությունը: Երեքը հայտնի են՝ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը: Էլ չեմ ասում ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը: Պատերազմի ավարտը հարմար դիրքերով զինվորականները կորոշեն, դա ուժերի հետ է կապված, բանակը ամբողջությամբ շուռ պետք է գա և երկրում արդար կյանք հաստատենք, որպեսզի մեր ժողովուրդն արժանի խաղաղություն ունենա: Եթե դա լինի, պատերազմն արդեն մեզնից հեռանում է: Բայց այսօր ոչ մի բանի մասին չպետք է կմտածենք, քան խփելը:
Իսկ Թուրքիայի ներգրավվածությունն ինչպես կարող է ազդել զարգացումների վրա:
Ինձ թվում է, որ Թուրքիան այն չափով, որ չափով ներգրավվել է, ինքը վաղուց կա: Այնպես չի, որ միայն հիմա է, միշտ էլ եղել է, բայց հիմա ինչ կարող էր՝ արեց: Հիմա վտանգն ուրիշ տեղ է: Ռուսները խոսեցին, և իրենց խոսեցրեց ոչ թե մեր վիճակը, այլ այն, որ հասկացան, որ եթե Հայաստանը տատանվի, իրենց ռազմավարական որովայնը թափվելու է: Թուրքերը դանակահարելու են: Ադրբեջանը 1918 թվականին արել է, էլի կանի: Հետևաբար շարժվեցին ռուսները: Այստեղ երեք շահագրգիռ ուժ կա, որոնք այս կամ այն չափով դաշնակիցներ են: Առաջինը հայերն են, Հայաստանը, Ադրբեջանի բնիկ ժողովուրդներն են՝ թալիշներ, լեզգիներ, ցախուրներ, թաթեր և այլն, որոնք ազգային գիտակցություն ունեն, և Ռուսաստանը՝ հանուն Կովկասը չկորցնելու: Ռուսաստանը Կովկասը կորցնելու վտանգի տակ է, Թուրքիան դա անելու է: 1918 թվականին Թուրքիան Բաքվով մտել մինչև Մախաչկալա է հասել: Ես Ադրբեջանի բնիկ, տեղաբնակ ժողովուրդներին ուզում եմ հետևյալն ասել. Ձեր ազատությունը կամ ոչնչանալը կախված է ուղղակի իմաստով Արցախի ազատագրական բանակի գործողություններից: Դրա համար դուք պետք է գործողություններ անեք: Պետությունը հենց այնպես նվեր չեն ստանում: Ես թալիշ, լեզգի և այլ ազգությունների զինվորներին կոչ եմ անում՝ գնդակահարեք թուրք սպաներին և զանգվածաբար անցեք հայկական բանակի շարքերը: Այդ դեպքում դուք կունենաք ազատ, անկախ հայրենիք՝ Թալիշստան և այլն, եւ կստեղծվի ֆեդերալ ադրբեջանական պետություն:
lragir.am/2020/10/02/584279/