Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ. Վարչապետ
3 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդն ապրում է իր հազարամյա պատմության թերեւս ամենավճռորոշ փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին հայ ժողովրդին հղված իր ուղերձում ընդգծեց ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետեւից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, եւ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու:
«Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլեւս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբեւէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ»,-վստահություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա դրանում համոզվել է նաեւ երեկ երեկոյան հեռախոսազրույց ունենալով Արցախի Պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի շարք շարքայինների, սպաների եւ ենթասպաների հետ: «Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ եւ կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել են հաղթանակի անզուգական համը, այլեւս համաձայն չէ որեւէ ուրիշ ճակատագրի»,-նշեց ՀՀ վարչապետը:
armenpress.am/arm/news/1030165.html