Հերոսության օրինակներ. Հայկ Սմոյանի դիմագրաված գրոհում հակառակորդը դիրքում թողել է 9 զինծառայողի դի
3 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը պատմել է, որ սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ:
«Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք:
Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցրել հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպել գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ստեփանյանը: