Հայտարարվեց առաջին անգամ – Հայկական բանակը կոտրում է ռեգիոն ներթափանցած միջազգային ահաբեկության ողնաշարը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայտարարվեց առաջին անգամ – Հայկական բանակը կոտրում է ռեգիոն ներթափանցած միջազգային ահաբեկության ողնաշարը

03.10.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Հայկական բանակը այսօր անցել է հակահարձակման եւ մի քանի ուղղությամբ ուժեղ հարվածներ հասցրել հակառակորդին, ուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից ի վեր մինչ այժմ փաստացի առաջին անգամ է, երբ հակահարձակման եւ ուժեղ հարվածների մասին ազդարարվում է վարչապետի ուղերձով:

Այդ հանգամանքն առավել առանձնահատուկ է դարձնում նույն օրն առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ու քայլը: Հայտարարելով, որ հասել է վերջին մարտի պահը եւ կոչ անելով բոլորին կանգնել ի պաշտպանություն հայրենիքի, նա հատուկջոկատայինների հետ մեկնել է առաջնագիծ:

Անկասկած է, որ այդ քայլը լոկ ռազմական չէ, այլ նաեւ քաղաքական: Այդպիսով, հոկտեմբերի 3-ին հայկական երկու պետությունների ղեկավարները հղում են հաջորդական ազդակներ մեկ ամբողջության մեջ՝ հայկական կողմն ունի մեկ նպատակ, եւ այն հաղթանակն է:

Հայկական բանակը կոտրում է ռեգիոն ներթափանցած միջազգային ահաբեկության ողնաշարը, դրա հետ մեկտեղ Ադրբեջան պետության արհեստական կոնցեպտը, որի քայքայումը պետք է շարունակվի հակաահաբեկչական գործողությունների ավարտից հետո էլ՝ ռազմական արդյունքի վրա քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիայով:

Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքը ոգեւորության կամ առավել եւս էյֆորիայի առիթ չէ, մարտահրավերները նոր աշխարհում գեներացվելու են, մինչ կձեւավորվի նոր աշխարհակարգ ամբողջապես, միջազգային հարաբերությունների նոր տրամաբանությամբ ու սկզբունքներով: Սա համաշխարհային ռազմա-քաղաքական կատակլիզմների ժամանակաշրջանն է, որտեղ մեզանից որպես պետություն ու ժողովուրդ պահանջվելու է մշտական զգոնություն, վճռականություն, սթափություն, քաղաքական զարգացումներին համարժեքություն:

Հայկական բանակը գործում է այդ հատկանիշների վրա: Դրանք պետք է փոխանցվեն հայկական հանրությանը:

lragir.am/2020/10/03/584850/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail