ՊԲ-ն չի թիրախավորի Թալիշստանն ու Լեզգիստանը. Արցախի նախագահը դիմել է թալիշ ու լեզգի ժողովուրդներին
4 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Պաշտպանության բանակ, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում` դիմելով թալիշ և լեզգի եղբայրներին ու քույրերին:
«Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր, մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել»,- գրել է նախագահը:
Արայիկ Հարությունյանը հավելել է, որ Արցախը կարևորում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ Արցախյան հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:
«Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը: Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում»,- նշել է Հարությունյանը:
#RUS #TL #ENG #AZE ⬇️Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրերՄենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող…
Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Sunday, October 4, 2020
armenpress.am/arm/news/1030312.html