Հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է. Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սփյուռքին

Le président de la République d'Arménie Armen Sargsyan - Le crime du génocide arménien n'a pas de délai de prescription. Les Ottomans ont perpétré le génocide le plus horrible de l'histoire

Հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է. Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սփյուռքին

4 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սփյուռքին՝ նշելով, որ հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագան իր ուղերձում ընդգծել է.

Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր և եղբայրներ,

Մեծ հիացմունք, խորը հուզմունք և անսահման հպարտություն եմ ապրում՝ տեսնելով, լսելով ու զգալով համերաշխության, միասնության այն հուժկու ալիքը, որ բարձրացել է Սփյուռքում՝ ի արձագանք Արցախում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ սանձազերծված պատերազմի։

Ուզում եմ, որ իմանաք՝ Հայրենիքը լսում է և զգում յուրաքանչյուրիդ ձայնը, յուրաքանչյուրիդ խոսքը, ձեր սրտերի անհանգիստ բաբախյունը, ուր էլ դուք լինեք, ինչքան էլ հեռու գտնվեք։

Այսպիսի հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։

Հայրենիքը երախտապարտ է այն օգնության համար, որ ցուցաբերում եք Ձեր նյութական աջակցությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին ձեր ակտիվ մասնակցությամբ:

Ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի և Արցախի դեսպանն է դրսում: Դուք բոլոր հնարավոր միջոցներով՝ հավաքներով, կոչերով, դիմումներով և ելույթներով ամեն ինչ անում եք ճշմարտությունը, Արցախի ձայնը հասցնելու միջազգային հանրությանը, այդ թվում՝ ձեր երկրների կառավարություններին՝ ներկայացնելու Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի սանձազերծված հարձակման անմարդկային էությունը:

Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ներկա իրավիճակում պետք է շարունակենք բազմապատկել մեր ջանքերը:

Շարունակե՛ք նույն ոգով և նույն նվիրվածությամբ, որովհետև այս անգամ մեր դեմ՝ Արցախի ազատատենչ ժողովրդի դեմ ելել է ոչ միայն Ադրբեջանը, այլև ցեղասպան Թուրքիան՝ իր զենքով, զինվորականով ու վարձկան ահաբեկիչներով, իր հայատյաց խոսքով ու գործով: Սա այն նույն Թուրքիան է, որը 105 տարի առաջ հայերի էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացրեց Օսմանյան կայսրությունում:

Այս անգամ դա չի անցնելու, մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն:
Մեր համաշխարհային ազգը հզոր է իր միասնությամբ ու հավաքական ուժով։

Որևէ կասկած չկա, որ մենք հաղթելու ենք:

Մենք անհաղթ ենք մեր ամենահաղթ միասնությամբ։

Հաղթանակը մերն է լինելու։

Աստված պահապան բոլորիս:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail