Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է՝ ագրեսոր պետություն է Ադրբեջանը և Թուրքիան հայերի դեմ օգտագործում է ջիհադիստների
05.10.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է ֆրանսաբնակ քաղաքագետ Կայծ Մինասյանը
Պարոն Մինասյան, այսօր Փարիզում ադրբեջանական գործողությունները դատապարտող ցույցեր են տեղի ունեցել: Նախկին նախագահ Օլանդը պահանջում էր անհապաղ դատապարտել շփման գծում պատերազմական գործողությունները: Ինչպես եք գնահատում ընդհանրապես Ֆրանսիայի արձագանքը և Ֆրանսիան ինչ կարող է անել իրավիճակի վրա ազդելու առումով:
Ֆրանսիայի դիրքորոշումը շատ հստակ է՝ ագրեսոր պետություն է Ադրբեջանը և Թուրքիան հայերի դեմ օգտագործում է ջիհադիստների: Այդ պատճառով Անկարան պետք է հաշիվ տա ՆԱՏՕ-ին, որովհետև իր կեցվածքով Թուրքիան ամբողջ ՆԱՏՕ-ն է վտանգի տակ դնում: Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները նույն տրամաբանության մեջ պետք է բացատրել: Ֆրանսիայի նախկին նախագահը ավելի հեռու գնաց՝ ասելով, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ աթոռ ունենան: Դա անուղղակի ձևով Արցախի անկախության ճանաչումն է:
Վերջին օրերին քննարկվում է ռուս խաղաղապահներ տեղակայելու թեման, որին անդրադարձել է նաև Պեսկովը: Ինչպես եք գնահատում այդ հայտարարությունները, ինչու են դրանք շրջանառվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը դրա վերաբերյալ:
Եթե օտար ուժեր տեղափոխվեն Արցախ, դա պետք է լինի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մեջ՝ ունենալով իր մեջ ռուսներ, ինչու ոչ՝ ֆրանսիացիներ և ուրիշ երկրների ներկայացուցիչներ:
lragir.am/2020/10/05/585255/