Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված տղաներին կոչ արեց զինվորագրվել Հայոց բանակին

Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված տղաներին կոչ արեց զինվորագրվել Հայոց բանակին

5 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զինծառայությունից զորացրված տղաներին կոչ արեց ներկայանալ Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել Հայոց բանակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Այսօր մեր հանրության ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներն են: Հիմա կոչ եմ անում վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված այդ տղաներն` այս պահից սկսած ներկայանալ Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել Հայոց բանակին: Նրանք պետք է իմանան, որ հրավիրվում են Հայրենիքի համար կենաց- մահու կռիվ տալու»,- ասաց Փաշինյանը:

Մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, October 5, 2020

Վարչապետը նշեց, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի ագրեսիան ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն:

«Այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք Ցեղասպանությունից»,- նշեց վարչապետը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

armenpress.am/arm/news/1030439.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail