Սիրիայի նախագահն Էրդողանին համարում է ԼՂ գոտում նոր լարվածության գլխավոր նախաձեռնողն ու դրդողը
6 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության թեժացման գլխավոր նախաձեռնողն ու դրդողը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Սիրիայի նախագահը նշել է «Sputniknews»-ի հետ զրույցում:
«Եկեք լինենք ուղիղ և պարզ: Էրդողանն աջակցել է ահաբեկիչներին Սիրիայում, նա աջակցել է ահաբեկիչներին Լիբիայում և նա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին բռնկման գլխավոր նախաձեռնողն ու դրդողն է: Այսպիսով ես նրա պահվածքը տարբեր պատճառներով համարում եմ վտանգավոր»,-ասել է Բաշար Ալ-Ասադը:
Նրա խոսքով, Դամասկոսը կարող է հաստատել, որ Թուրքիան Սիրիայից Ադրբեջան է ուղարկել ջիհադիստների` կռվելու Ղարաբաղի դեմ: Դրանից բացի, Սիրիայի նախագահը նշել է, որ Էրդողանը պատերազմում է տարբեր տարածքներում՝ շեղելով Թուրքիայի հասարակության ուշադրությունն իր պահվածքի վրա կենտրոնանալուց, հատկապես Սիրիայում ԴԱԻՇ-ի հետ իր աղմկահարույց կապերից հետո:
armenpress.am/arm/news/1030522.html