Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պահանջել են պատասխանատվության կանչել Թուրքիային
7 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը պահանջել է պատասխանատվության կանչել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հրահրող և բորբոքող Թուրքիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորները հայտարարել են Եվրոպական խորհրդարանի՝ հոկտեմբերի 7-ին կայացած լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ մտահոգ է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությամբ, որով վերջինս կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին:
«Մենք մտահոգ ենք, որ երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին, առավել մտահոգիչ էր Ադրբեջանի նախարարի հայտարարությունը, թե իրենք կանգ չեն առնի, քանի դեռ Հայաստանը չի հանձնվել: Ի՞նչ կարող ենք մենք անել: Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Պետք է Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրել միջամտությունը դադարեցնելու համար»,- նշել է Բորելը:
Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերսն ընդգծել է, որ ԵԽ անդամները սգում են Լեռնային-Ղարաբաղի զոհերի համար, ինչպես նաև աջակցում խնդրի ոչ ռազմական լուծմանը, բայց արդյո՞ք պետք է ձևացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են։
«Ոչ։ Սա բռնապետ Ալիևի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի անարդարությունը։ Պատժամիջոցներ կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից։ Բարեկրթություն ունեցեք Արցախի տառապող ժողովրդին չներկայացնել նախագահ Ալիևի հետ հավասարաչափ ռազմատենչ։ Ինչպես ասում էր Անդրեյ Սախարովը՝ եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը փառասիրության հարց է, ապա Ղարաբաղի հայերի համար դա կյանքի և մահվան հարց է»,- ասել է Վեյմերսը:
Հունաստանի ներկայացուցիչ Լեֆտերիս Խրիստոֆորուն շեշտել է, որ Ադրբեջանն այսօր Թուրքիայի աջակցությամբ ահաբեկիչների է բերել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, ինչը շատ լուրջ խնդիր է:
«Մարդիկ աչքերը փակեցին Հայոց ցեղասպանության, հույների և այլ ազգերի ցեղասպանության հանդեպ՝ չընդունելով Թուրքիայի հանցագործությունները: Հայաստանի ժողովուրդը մեր արժեքների կրողն է, և նրանք պետք է զգան մեր աջակցությունը: Պետք է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները»,- նշել է Խրիստոֆորուն:
Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժոֆրի Դիդիեն նշել է, որ Սիրիայից, Լիբիայից և Միջերկրական ծովի արևելյան մասից հետո հիմա Թուրքիայի կառավարությունը շարունակում է իր ամբողջատիրական քաղաքականությունն, այս անգամ` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
«Ի՞նչ է անում Եվրոպան: Թուրքիան հայերին ցեղասպանության է ենթարկել: Ի՞նչ ենք անում մի երկրի ղեկավարի հանդեպ, որը ցանկանում է սրբել մեր արժեքները: Անընդունելի է շարունակել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Եվրոպան խաղալիք չէ, և մեր արժեքները ոտնահարելն անընդունելի է»,- ասել է Դիդիեն:
Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սպիրակին էլ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը աջակցվում է Թուրքիայի կողմից:
Նմանատիպ հայտարարություններ հնչեցրել են նաև մի շարք այլ երկրների ներկայացուցիչ պատգամավորներ` կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին: Միայն Հունգարիայի ներկայացուցիչն է, որ հանդես է եկել միակողմանի, ադրբեջանամետ դիրքորոշմամբ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:
armenpress.am/arm/news/1030720.html