ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ – Թուրքիան Զզուեցրել Է Բոլորին. Հերթական Անգամ Ջրից Չոր Դուրս Կը Հա՞յ
07 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020
Իր պատմութեան ամբողջ ընթացքում Թուրքիային մշտապէս յաջողուել է ջրից չոր դուրս գալ նոյնիսկ անելանելի թուացող իրավիճակներից: Նոյնիսկ պարտուելով` Թուրքիան յաջողեցրել է ոչ միայն առաւելագոյն հնարաւորը «քամել» ստեղծուած իրադրութիւնից, այլեւ գործնական օգուտ ստանալ: Հիմնական սկզբունքը, որով առաջնորդւում է դարերի պատմութիւն ունեցող թուրքական դիւանագիտութիւնը (անկախ իշխանութիւնից ու երկրի կառավարման համակարգից), որեւէ սկզբունքի ու բարդոյթի բացակայութիւնն է: Բազմաթիւ պետութիւնների երբեմն դժուար է ընկալել թուրքական քաղաքականութեանը բնորոշ նենգութիւնը, դաժանութիւնը, ճկունութիւնը, դաւաճանելու ունակութիւնը: Եւ եթէ այլ երկրների համար դա ընդամէնը չափազանցութիւն է, դարեր շարունակ թուրքերի հարեւանութեամբ ապրողների համար (հայեր, յոյներ, իրանցիներ, արաբներ) դա իրենց պատմութեան կրկնուող մասն է: Առաջին աշխարհամարտը յանգեցրեց մի քանի կայսրութիւնների, այդ թւում` Օսմանեան, փլուզմանը: Պատերազմելով Գերմանիայի եւ Աւստրո-Հունգարիայի կողմից եւ յուսահատօրէն դիմադրելով փլուզմանը՝ Օսմանեան կայսրութիւնը չէր խորշում այնպիսի յանցագործութիւններից, ինչպիսիք են իր տարածքում ապրող ժողովուրդների բնաջնջումն ու էթնիկ զտումները: Այդ քաղաքականութեան արդիւնքն էր Հայոց ցեղասպանութիւնը 1915 թուականին:
Անտանտի (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) բնական դաշնակիցները` հայերը, համարւում էին Օսմանեան կայսրութեան գոյութեան հիմնական սպառնալիքներից մէկը: Սակայն 1918ին հայ ժողովրդի ողջ մնացած մասին բնաջնջելու բոլոր փորձերը յաջողութիւն չունեցան` հայերը յետ մղեցին թուրքական բանակի յարձակումները մայիսեան մարտերում եւ նուաճեցին անկախ լինելու իրաւունքը: Եւ այդժամ, երբ թւում էր, որ Անտանտը յաղթում է, իսկ դաշնակից պետութիւններն արդէն կանխորոշել են Օսմանեան կայսրութեան ապագան, Ռուսաստանը, որտեղ իշխանութեան եկաւ բոլշեւիկեան կառավարութիւնը, ոչ միայն դուրս եկաւ պատերազմից եւ հրաժարուեց յաղթանակի` իր մասնաբաժնից, այլեւ սկսեց օգնել նոր` քեմալական Թուրքիային:
Լենինը, որը պատերազմը որակում էր որպէս անարդարացի, անհրաժեշտ էր համարում իմպերիալիստական (կայսերապաշտական-Խմբ.) պատերազմը վերածել քաղաքացիականի: Աթաթուրքի` Լենինին ուղղուած բարեկամական ուղերձը` իմպերիալիստական պատերազմում օգնելու խնդրանքով, Քեմալի աջակցութեամբ պրոլետարական (բանուոր-Խմբ.) յեղափոխութիւնն Արեւելք տեղափոխելու միամիտ յոյսեր արթնացրեց: Թուրքիան խոշոր ռազմական ու ֆինանսական օգնութիւն ստացաւ` զէնքի, նաւերի, ռազմական արտադրութեան կազմակերպման տեսքով: Այդ քաղաքականութեան զոհը դարձան յոյները, որոնք պարտուեցին ու իրենց հողերը զիջեցին թուրքերին, նաեւ` Հայաստանը, որի տարածքը առեւտրի առարկայ դարձաւ: 1921 թուականի Մոսկուայի պայմանագրով թուրքերին մնաց ոչ միայն Արեւմտեան Հայաստանը, այլ նաեւ Արեւելեան Հայաստանի մի մասը, այդ թւում` Արարատ լեռը, Կարսը, Արդահանը եւ այլն, որոնք մինչ այդ Ռուսական կայսրութեան մաս էին: Իսկ Նախիջեւանը եւ Ղարաբաղը, Թուրքիայի պնդմամբ, ընդգրկեցին Ադրբեջանի կազմում:
Հետագայում քեմալական Թուրքիան արեւմտամէտ դիրքորոշում որդեգրեց, դրժեց Ռուսաստանի հետ պայմանաւորուածութիւնները, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում կրկին կանգնեց Գերմանիայի կողքին: 1945ին ֆաշիստական Գերմանիայի պարտութիւնից յետոյ թւում էր, թէ Թուրքիան նոյնպէս իր բաժին պատիժը կը ստանայ: Խորհրդային Միութիւնը տարածքային յաւակնութիւններ ներկայացրեց Թուրքիային եւ արդէն պատրաստ էր լուծել հարցը, բայց… Թուրքիան արագ կողմնորոշուեց, անդամագրուեց ՆԱՏՕ-ին եւ ձեռք բերեց այն երկրների աջակցութիւնը, որոնց դէմ պայքարել էր երկու համաշխարհային պատերազմներում:
Երբ 2015 թուականին թուրքերը ռուսաստանեան ինքնաթիռ խոցեցին, իսկ թուրքամէտ թուրքմենները (ի դէպ, որոնք ներկայումս կռւում են Ադրբեջանի կողմից) սպանեցին ռուսաստանցի օդաչուին, Ռուսաստանի հասարակութեան շրջանում հակաթուրքական տրամադրութիւններ արթնացան` ջարդուփշուր էին անում պոմիդորով (լոլիկի-Խմբ.) արկղերը, երդւում այլեւս երբեք Անթալիայում չհանգստանալ եւ այլն: Զգացմունքը` զգամունք, բայց փորձը ցոյց տուեց, որ մի քանի ամիս անց, երբ թուրքերին ինչ-որ բան պէտք եղաւ, յամառօրէն խնդրեցին, համոզեցին ու ստացան: Անշուշտ, կարող է տպաւորութիւն ստեղծուել, թէ ծնկաչոք են խնդրել… Բայց խնդրել են ու ստացել` ատոմակայեաններ, գազատար, Ս-400 զենիթահրթիռային համակարգեր եւ այլն: Յետոյ դարձեալ կը սպանեն ու դարձեալ ներողութիւն կը խնդրեն…
Ներկայումս Թուրքիան Ադրբեջանին սադրում է խոշորամասշտաբ ռազմական գործողութիւնների` փորձելով դրանցում ներգրաւել ինչպէս Հայաստանին, այնպէս էլ Ռուսաստանին: Ադրբեջանին աջակցութիւն է յայտնել ոչ միայն Անկարան, այլ նաեւ Իսլամաբադը: Բայց Թուրքիան արդէն զզուեցրել է բոլորին, նոյնիսկ` հանդուրժողական Եւրոպային, որտեղ յոգնել են մոլագար Էրդողանի արկածախնդրութիւններից եւ ծաւալապաշտական արարքներից Եւրոպայում, Լիբիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Արեւելեան Միջերկրականում, հիմա էլ` Հարաւային Կովկասում: Այդ պատճառով թէեւ Թուրքիան երրորդ համաշխարհային պատերազմ է սադրում, յոյս ունենալով իրագործել պանթիւրքիստական վաղեմի ծրագրերը, այդ թւում` Հայաստանի` այդ ճանապարհին գլխաւոր խոչընդոտի բնաջնջումը, գերտէրութիւնների հետ թուրքամէտ բլոկ չի ուրուագծւում: Բայց ինչպէս միշտ, երբ մի խումբ երկրների` Թուրքիային պատժելու ժամանակը գայ, նա կը գնայ կա՛մ Ռուսաստանի մօտ, եթէ հարկ է փրկուել Արեւմուտքից, կա՛մ` Արեւմուտքի, եթէ Ռուսաստանի դէմ օգնութեան կարիք ունենայ: Թուրքիան կը ստանայ այն, ինչ իրեն հարկաւոր է, ապա «կը գցի» իր դաշնակցին: Անպայման «կը գցի»: Այլապէս Թուրքիան Թուրքիա չի լինի:
«ԱՌԱՒՕՏ»
asbarez.com/arm/377598/թուրքիան-զզուեցրել-է-բոլորին-հերթակա/