թուրքագէտ Յակոբ Չաքրեան – Թուրքիան Ծանր Պարտութիւններ Է Կրում, Իսկ Տնտեսական Վիճակն Ահաւոր Է
25 սեպտեմբեր, 2020
«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԹՐՔԱԳԷՏ ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ
Մեր զրուցակիցն է թուրքագէտ Յակոբ Չաքրեանը:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿում ունեցած իր ելոյթում, ինչպէս նաեւ իր երկրի նախարարների հետ հանդիպմանը քննադատել է Հայաստանին՝ մեղադրելով Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան համար ամէնամեծ խոչընդոտը լինելու մէջ, նաեւ նշել է, որ Ղարաբաղի խնդիրը վայրկեան առաջ պէտք է լուծուի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, ՄԱԿի ու ԵԱՀԿ որոշումներին համապատասխան: Ինչպէս էք գնահատում այս ելոյթները, ինչու է Թուրքիայի թիրախում յայտնուել Հայաստանը:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ.- Միջերկրական ծովի արեւելքում առաջացած ճգնաժամի պատճառով Թուրքիան ԵՄի հետ իր յարաբերութիւնները լրիւ փչացրել է եւ ԵՄից լրիւ օտարուել է: Եգիպտոսը, ԱՄԷն Յունաստանի հետ լաւ յարաբերութիւնների մէջ են, կարծեմ Օգոստոսին Եգիպտոսը պայմանագիր է ստորագրել Յունաստանի եւ Կիպրոսի Հանրապետութեան հետ՝ ջրային տնտեսական տարածքների սահմանազատման մասին: Հետեւաբար արաբական աշխարհի հետ էլ Թուրքիայի յարաբերութիւնները վատ են: Դրութիւնը փրկելու համար Էրդողանը Լիբիայի հետ պայմանագիր ստորագրեց էլի ջրային տարածքների վերաբերեալ, բայց դա վարի է գնացել: Լիբիայի Ազգային համաձայնութեան կառավարութեան (ԱՀԿ) ղեկավար Ֆաիզ Սարաջը վերջերս այցելել էր Անկարայ, որտեղ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ իրեն հարցրել էին, թէ ինչու ՆԳ նախարարին պաշտօնից ազատեցիր, իսկ այդ նախարարին Թուրքիան էր հովանաւորում: Իսկոյն ձերբազատուել էին նրանից: Սարաջը ՄԱԿի միջնորդութեամբ հրադադար ստորագրեց Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆայ Հաֆթարի հետ, որից յետոյ ասել էր, որ ինքը ստիպուած է եղել Թուրքիայի հետ համագործակցել, սխալ է եղել եւ եթէ հնարաւորութիւն ունենար՝ համագործակցութեան պայմանագիր չէր ստորագրի ջրային, տնտեսական տարածքները սահմանազատելու վերաբերեալ: Այսինքն Լիբիայում էլ է ձախողուել, Սիրիայում էլ է ձախողուել:
Երկրի տնտեսական վիճակն էլ ահաւոր ծանր է: Մէկ դոլարը դարձել է 8 լիրայից աւելի: Թուրքիան մինչեւ տարեվերջ պարտքի տոկոսները պէտք է մուծի, մօտաւորապէս 180 մլրդ դոլար: Դրա համար նա պէտք է վարկ գտնի, իսկ Եւրոպան չի վարկաւորում, ԱՄՆը նոյնպէս չի վարկաւորում, միայն Կատարից որոշակի գումար է վերցրել, որ պետական գանձարանը լցնի: Կատարն էլ իր ազգային արժոյթով՝ ռիալով է տուել, Թուրքիան չի կարող այդ ռիալն իրացնել, դարձնել դոլար: Թուրքիայի պահուստային պաշարները մինուս 60 մլրդ դոլար է: Այսպիսի իրավիճակում գործազրկութիւնը 13 տոկոսի է հասել երկրում, 38 մլն մարդ ապրում է սովի շեմին: Մի խօսքով, Թուրքիայի վիճակը շատ ծանր է, Էրդողանի վարկանիշն անընդհատ ընկնում է, ինքը դրութիւնը փրկելու համար Լիբիայի ու Յունաստանի հետ է յարաբերութիւնները սրում, որ համախմբի իր ընտրազանգուածը, մէկ Կիպրոսի վրայ է յարձակւում, Եւրոպայի երկրների ղեկավարների վրայ է յարձակւում՝ Մերկել, Մակրօն: Անհաւասարակշիռ ու սանձարձակ յայտարարութիւններով իր բոլոր յարաբերութիւնները փչացրել է: Միակ յոյսը Թրամփն է, բայց հարցախոյզները ցոյց են տալիս, որ Թրամփը երկրորդ անգամ չի ընտրուի: Իսկ յայտարարութիւնները, թէ մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, անվերապահ աջակցում ենք, 1991 թուականից Թուրքիան արել է եւ միշտ էլ Ադրբեջանը պարտուել է մեր բանակի առջեւ: Եթէ դու անվերապահ աջակցում ես եւ միշտ Ադրբեջանի կողքին ես, փաստօրէն միջնորդաւորուած պատերազմ ես վարում Հայաստանի դէմ, ապա Ադրբեջանի ամէն մի պարտութեան դէպքում նաեւ դու ես պարտուել:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Կարելի՞ է ասել, որ տարածաշրջանում Թուրքիան դառնում է գերվտանգաւոր:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ.- Ոչ, Թուրքիան դեռ իր ներքին խնդիրները պէտք է կարգաւորի: Տարածաշրջանում բոլորի հետ յարաբերութիւնները լարուած են, Իրանի հետ յարաբերութիւնները բարւոք չեն, Սիրիայիում, Իսրայէլում ու Եգիպտոսում Թուրքիան դեսպան չունի: Խճճուել է Եմենում, զօրք է ուղարկել ու հիմա չի կարողանում այնտեղից դուրս գալ: Այնպէս որ, կողքից աւելորդ մեկնաբանութիւններ են անում, որ իբր Թուրքիայի հետ յարաբերութիւնները փչացնում է Փաշինեանը: Մի անգամ ես հարցրի՝ բայց մենք յարաբերութիւններ ունե՞նք, որ փչացնի: Թուրքիան մեզ շրջափակել է, դիւանագիտական յարաբերութիւններ չունենք, իսկ չեղած բանը Փաշինեանը ո՞նց կարող է փչացնել: Մէկ էլ իրենց զայրացրել էր, որ Հայաստանը Յունաստանին ու Կիպրոսին իր համերաշխութիւնն էր յայտնել՝ զօրավարժութիւնների հետ կապուած: Բայց մենք այդ երկրների հետ համագործակցութեան պայմանագրեր ունենք: Մենք ընդամէնը մի յայտարարութիւն ենք արել, զօրք չենք ուղարկել: Վերջապէս Նիկոլ Փաշինեանը անընդհատ զիջողական դիրքերից դուրս եկաւ: Անընդհատ զիջում ես, Թուրքիան աւելի է լկտիանում: Կան ժողովուրդներ, որոնց եթէ դու չես պատժում, նրանք չեն զգում իրենց կատարած չարագործութիւնը: Այդ ժողովուրդներից առաջինը ադրբեջանցի հրոսակներն են, միւսներն էլ անասնական բնազդով տառապող թուրքերը: Ինչո՞ւ պէտք է իրենց զիջենք: Թուրքերը շարժւում են «որքան վատ Հայաստանի համար, այնքան լաւ մեզ համար» սկզբունքով:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Թուրքիան վերջին շրջանում ակտիւացել (աշխոյժացած-Խմբ.) է եւ փորձում է միջամտել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը: Արդեօք սա մտահոգիչ չէ եւ ինչ կարող է անել Թուրքիան:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ.- Ոչինչ չի կարող անել, որովհետեւ մի քանի անգամ ասել եմ, նորից ասեմ, որ ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման նախաձեռնութիւնը ՄԱԿի անվտանգութեան խորհուրդը տուել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին՝ Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ: Թուրքիայի որեւէ միջամտութիւն այս երկրների կողմից կը դիտարկուի որպէս ոտնձգութիւն իրենց նախաձեռնութեանը, եւ իրենք դա չեն հանդուրժի: Հետեւաբար, Թուրքիան 1991 թուականից նոյն բանն ասում է, բայց ոչինչ չի կարող ձեռնարկել:
asbarez.com/arm/377352/Թուրքիան-Ծանր-Պարտութիւններ-Է-Կրում/