Առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը. ԱԳ նախարար
10 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղ բանակցությունների գործընթացում Հայաստանի Հանրապետության համար առաջնայինը եղել և մնում է Արցախի մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը: Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի նրանց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփելիս:
«Խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը եղել և մնում է մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը, որը կբերի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ այդ կարևոր նպատակին հասնելուն, որը ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը, ամրագրում է այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը, ճակատագիրը այդ կարգավիճակում որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով, որպես անկախ պետություն»,- ասել է նա։
Ըստ պայմանավորվածության հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ է մտել Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Այն ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ: Հայտնի է, որ անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
armenpress.am/arm/news/1031123.html