Հադրութի վարչակազմի ղեկավարը ներկայում քաղաքի վարչակազմի շենքում է. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան
11 Հոկտեմբեր, 2020
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հոկտեմբերի 10-ին կարողացել է մուտք գործել Արցախի Հադրութ քաղաք և քաղաքի մոտակա տարածք՝ ժամերի ընթացքում քաղաքը գրավելու նպատակով: Սակայն հայկական ուժերի վերադասավորման արդյունքում Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը ներկայում քաղաքի վարչակազմի շենքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Քանի որ Ալիևը հայտարարել էր (հոկտեմբերի 9-ին, երբ Մոսկվայում բանակցում էին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները- խմբ.) իբր գրավել են Հադրութը և հրադադարից ժամեր առաջ հասկացել է, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածը հասցրել է Հադրութ քաղաքին:
Նրանք հաստատ ունեցել են պատրաստված ստորաբաժանումներ, պատրաստված վարձկաններ և այլ երկրների երևի հատուկ ծառայություններից ուժեր: Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք համատեղ ձևավորել են դիվերսիոն մի խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել, այլ հրադադարը սկսելու ժամերի ընթացքում գրավել Հադրութը»,-ընդգծեց Հարությունյանը:
Նա ասաց, որ հակառակորդին հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք, քաղաքի մոտակա տարածք և առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ: Արցախի Հանրապետության նախագահը շեշտեց, որ հայկական ուժերին հաջողվել է վերաձևավորվել, վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը քաղաքի վարչակազմի շենքում է: Արցախի նախագահը ասուլիսից անմիջապես առաջ է նրա հետ զրուցել:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը
Posted by Armenpress on Saturday, October 10, 2020
Հոկտեմբերի 9-ին Ալիևի հայտարարությունից րոպեներ անց ռուսական Wargonzo նախագծի լրագրողները տելեգրամի ալիքում լուսանկար են հրապարակել Հադրութից՝ «Ինչ-որ մեկը Հադրութն է վերցրե՞լ» մեկնաբանությամբ: «Ալիևը հայտարարել է, թե վերցրել է Հադրութը: Wargonzo նախագծի թիմը հենց նոր վերադարձել է այնտեղից: Քաղաքը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է»,- նշված էր նախագծի տելեգրամի ալիքում: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել էր, որ Արցախի Հադրութ քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցում ՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Սակայն, անտեսելով պայմանավորվածությունը, ադրբեջանական ստորաբաժանումները ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել են կրակի դադարեցման ռեժիմը: Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Հակառակորդը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրթիռակոծել է նաև Ստեփանակերտը, Շուշին և այլ խոշոր քաղաքներ։
Անժելա Համբաձումյան
armenpress.am/arm/news/1031214.html