Ադրբեջանի սանձազերծված պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրգործ

Ադրբեջանի սանձազերծված պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրգործ

12 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Ադրբեջանի Հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում դրա առաջին իսկ օրվանից այլ երկրներից վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ:

Ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային հանրության ջանքերի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է եռակողմ հանդիպում, որի ընթացքում ձեռք է բերվել 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադար հաստատելու համաձայնություն:

Սակայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի չառնելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի 1997թ. դեկտեմբերի 16-ի 52/164 բանաձևով ընդունված կոնվենցիայի, «Ահաբեկչության արգելման մասին» Եվրոպական կոնվենցիայի, «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, «Ահաբեկչության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» պայմանագրի նորմերը, 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, չկատարելով հրադադարի համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակել է օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող՝ նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների, որոնք իրականացրել են միջազգային ահաբեկչություն:

Մասնավորապես, օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ վերջիններս շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները, որոնք ուղեկցվել են ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ հարվածներ հասցնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը հարկադրել են վարձկաններին հրադադարի պայմաններում շարունակել Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունները Հորադիզի շրջանում՝ կրելով Ադրբեջանի զինված ուժերի համազգեստ:

Մասնավորապես՝ վարձկանները 10.10.2020թ.-ի ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, որից հետո դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ են ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: 11.10.2020թ.-ին պարբերաբար ականանետային-հրթիռահրետանային հարվածներ են հասցվել ԱՀ Ստեփանակերտ, Մարտունի և Շուշի քաղաքներին, ինչպես նաև տարբեր խոշոր գյուղական համայնքներին: Նույն օրը Հադրութ քաղաք ներթափանցած դիվերսիոն-հետախուզական վարձակնների կողմից հրկիզվել են տներ, դաժանաբար սպանվել են խաղաղ բնակիչներ, որոնց թվում՝ նաև մայրն ու վերջինիս հաշմանդամություն ունեցող որդին, ինչպես նաև սպանվել են ԱՀ ՊԲ զինծառայողներ:

Նկատի ունենալով, որ առկա են միջազգային ահաբեկչության հանցակազմի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

Ներկայումս գործադրվում է միջազգային իրավական ակտերով սահմանված՝ համապատասխան պետությունների հետ համագործակցության և փոխադարձ իրավական օգնության ողջ գործիքակազմը՝ նշված հանցագործությունը լիարժեք բացահայտելու, մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

armenpress.am/arm/news/1031397.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail