Ադրբեջանը և Թուրքիան փորձում են ստեղծել «Իսլամական պետություն 2.0.». թուրքագետ
13 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն Իրանի հյուսիսում «Իսլամական պետություն 2.0»-ի ստեղծումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արամ Անանյանը:
«Դատելով համացանցում հրապարակված տեղեկություններից ջիհադիստ-ահաբեկիչների տեղակայման վայրերի վերաբերյալ, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի Իրանի հետ սահմանին հայտնվեն ջիհադիստ-ահաբեկիչների խոշոր կուտակումներ: Սա չի կարող չանհանգստացնել տարածաշրջանի պետություններին, որովհետև հեռանկարում շատ բարդ խնդիր կարող է առաջանալ՝ կապված այդ տարածքների՝ հերթական ահաբեկչական քվազի պետության որջի վերածվելու հետ»,- նշեց Անանյանը:
Թուրքագետի կարծիքով` լայն իմաստով տարածաշրջանում ահաբեկչական վտանգի ընդլայնումն օրեցօր դառնում է ակնհայտ, ցավոք՝ նաև հարևան պետություններում: Ըստ Անանյանի, տեղի ունեցածը ձեռնտու է այս պահին ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, որովհետև շատ զգայուն տարածաշրջանում ստեղծվում է անկանխատեսելի զարգացումների հնարավոր օջախ:
Թուրքագետն անդրադարձավ նաև Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի կողմից իրականացվող սադրանքները դադարեցնելու մասին ԱՄՆ պետդեպարտամենտի կոչին: Անանյանը շեշտում է՝ թուրքական ծավալապաշտությունը չի սահմանափակվում միայն արևելքով, այլ նաև ընդգրկում է Էգեյան ավազանը և ուղղված է բարեկամ Հունաստանի լեգիտիմ իրավունքների դեմ:
«ԱՄՆ պետդեպի դիրքորոշումը ադեկվատորեն բնորոշում է ստեղծված իրավիճակը»,- հավելեց Անանյանը:
Թուրքագետը ընդգծեց, որ այս առումով չպետք է մոռանալ այն կարևոր քայլը, որ կատարեց Եվրամիության անդամ Հունաստանը, հետ կանչելով Ադրբեջանից իր դեսպանին:
Ըստ Անանյանի, Հունաստանը դիվանագիտական դեմարշ է իրականացրել և ցույց է տվել, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առանցքում կանգնած է Թուրքիան:
«Հունաստանը Եվրամիության անդամ առաջին երկիրն է, որը, մի կողմ դնելով տնտեսական նպատակահարմարությունը և այլ հանգամանքներ, քաղաքական քաջություն է ունենում ցույց տալու արժեքային չափանիշները մեծ քաղաքականության մեջ: Կարծում եմ, որ Հունաստանի կողմից նախաձեռնած այդ քայլն ըստ արժանվույն է ընկալվել և հուսով եմ, որ Եվրամիության մյուս անդամ երկրներն էլ կձեռնարկեն որոշակի քայլեր, քանի որ պետք է իրականացնեն միասնական արտաքին քաղաքականություն: Եվրոպական ընտանիքը միգուցե այդ քայլի մեջ էլ խորհուրդ տեսնի, որովհետև Թուրքիայի ներկա պահվածքը վտանգում է Եվրամիության առնվազն երկու անդամի` Կիպրոսին և Հունաստանին»,- ընդգծեց Անանյանը:
Թուրքագետի կարծիքով` Հունաստանի այս քայլը ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային էր ուղղված, այլ նաև ահազանգ է եվրոպական ընտանիքին, որ այս տարածաշրջանում իրադարձությունները մեծ հավանականությամբ կարող են բոցվող կրակի նման անցնել Եվրոպա:
armenpress.am/arm/news/1031494.html