Թեժ մարտեր են ընթացել շփման գծի հյուսիսային ուղղությամբ. Ադրբեջանն էական առաջխաղացում չունի

Լեռնային առիւծերը, արցախի պաշպանութեան բանակը, սուրճ խմելու կը հրաւիրէ միջազգային ոճրագործ Ալիեւին, եթէ կրնայ

Թեժ մարտեր են ընթացել շփման գծի հյուսիսային ուղղությամբ. Ադրբեջանն էական առաջխաղացում չունի

13 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում, հոկտեմբերի 13-ին թեժ մարտեր են ընթացել շփման գծի հյուսիսային ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ` երեք-չորս ուղղություններով. հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը: Մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո հակառակորդն անցել է լայնամասշտաբ հարձակման` զրահատեխնիկայի կիրառմամբ: Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել: Այսօր, երևի, տեղի է ունեցել ամենաթեժ մարտերից մեկը ողջ պատերազմի ընթացքում: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել` պատճառելով էական վնասներ: Այս ընթացքում Զինված ուժերի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ, փայլուն, հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ մնացած ուղղություններով ևս մարտական գործողությունները շարունակվել են, իսկ Ադրբեջանը որևէ էական առաջխաղացում չունի:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը:

Նորայր Շողիկյան

Albert Hovhannisyan – Soldier of the Artsakh Republic Defense Army

armenpress.am/arm/news/1031499.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail