Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից

Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից

15 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պոմպեոն ասել է հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան:

«Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել է Պոմպեոն:

Պետքարտուղարը հավելել է, որ այդ հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, որի լուծումը պետք է տեղի ունենա բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով:

«Դա երկար ձգվող հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե ռազմական բախման, և, իհարկե, ոչ երրորդ երկրների միջամտությամբ, որոնք պատրաստ են կրակի վրա յուղ լցնել:

Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից, և նրանք բոլորը կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը»,- ասել է պետքարտուղարը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

armenpress.am/arm/news/1031716.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail