Ֆրանսիայի բացառիկ դերը. վարչապետի երկու ակնարկը
16.10.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 14-ի ելույթը պարունակում էր մի շարք քաղաքական ուղերձներ, որոնցից թերեւս ամենաառանցքայինը 1938 թվականի մյունխենյան համաձայնագրի հիշատակումը եւ ներկայիս իրավիճակի հետ համեմատությունն էր:
1938 թվականին, ընդ որում հատկանշական է նաեւ ամիս-ամսաթիվը` սեպտեմբերի 29-30 (Թուրքիան Արցախի դեմ պատերազմը սկսեց սեպտեմբերի 27-ին), Մյունխենում ստորագրվեց համաձայնագիր, որով Գերմանիան փաստացի ստացավ Չեխոսլովակիան:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան՝ համաձայնագրի մյուս երեք մասնակիցները, այդպիսով ակնկալում էին գոհացնել Հիտլերին, բավարարել նրա ախորժակն ու ապրել հանգիստ: Հիտլերի «ախորժակը» սակայն «բացվեց ուտելուց»: Կարճ ժամանակ անց հաջորդներից մեկը, որ նա խժռեց, եղավ մյունխենյան համաձայնագրի մասնակից Ֆրանսիան:
Նաեւ պատմա-քաղաքական այս նախադեպն է, որ այսօր Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի պարագայում դարձել է Ֆրանսիայի համարժեք դիրքորոշման պատճառ, երբ Փարիզն իրերը կոչեց իրենց անունով:
Ու՞մ է խժռելու Կովկասում կշտանալու դեպքում Էրդողանը Եվրոպայում: Դա գուցե շատ մոտ ապագայի խնդիր չէ, բայց Եվրոպայում թերեւս արժե, որ սկսեն մտածել այդ, ոչ թե Կովկասով Էրդողանից ազատվելու մասին:
Ընդ որում, թերեւս հենց այդ կետում է սաղմնավորվելու ներկայում ակնհայտորեն քաղաքական ճգնաժամում գտնվող եվրոպական ընտանիքի վերբեռնումն ու վերստեղծումը, հետեւաբար այդ ընտանիքում քաղաքական դերաբաշխումը:
Այդ իմաստով, Ֆրանսիայի ստանձնած բացառիկ դերին զուգահեռ, Եվրոպայի Խորհրդի պաշտոնական ընդգրկման ռեգիոնում, Եվրամիության Արեւելյան ծրագրի պաշտոնական ընդգրկման ռեգիոնում Թուրքիայի հրահրած ահաբեկչական պատերազմի ֆոնին տապալվում է Եվրամիության առաջատարի՝ Բեռլինի դերը: Եվ այդ իմաստով էլ թերեւս պատահական չէ մյունխենյան պատմական ակտի հիշատակումը:
lragir.am/2020/10/16/589383/