Արցախում ադրբեջանցի ռազմագերուն բուժօգնություն է ցուցաբերվում, նա վիրահատվել է
16 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ռազմագերի Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլուին Արցախում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ըստ անհրաժեշտության ռազմագերիներին ցուցաբերվում է մարդասիրական բուժօգնություն ու վերաբերմունք:
«Նրան մարդասիրական կանոններին, միջազգային իրավունքին ու մեր ներպետական օրենսդրությանը համապատասխան բուժօգնություն ու մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում: Նա ըստ կարիքի վիրահատվել է, և ոչ միայն ինքը, մնացածին էլ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել ու ցուցաբերվում»,- նշեց Բեգլարյանը:
ԱՀ ՄԻՊ-ը հայտնեց, որ ինքը հետաքրքրվել է և համոզվել, որ ռազմագերու հետ համապատասխան աշխատանքներ են տարվում:
Ինչպես հայտնեցին «Արմենպրես»-ի աղբյուրներն Արցախից, վիրահատված ռազմագերու անունը Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլու է: Ռազմագերին արդեն 10 օր է, ինչ հիվանդանոցում է և ստանում է համապատասխան բուժօգնություն:
Հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։
WAR CRIMES: AZERBAIJANI TROOPS TIE WITH FLAGS AND KILL TWO CAPTURED ARMENIANS
WAR CRIMES: AZERBAIJANI TROOPS TIE WITH FLAGS AND KILL TWO CAPTURED ARMENIANS
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նույն օրն անդրադառնալով տեսանյութին, հայտարարել էր, որ այն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույցն է:
Լիլիթ Դեմուրյան
armenpress.am/arm/news/1031785.html