Առաջնագծում համառ մարտերը շարունակվում են. Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ ավտոշարասյուն է խոցել
17 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի որոշ տեղերում այս պահին շարունակվում համառ մարտերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններով: Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ: Այսօր հյուսիսային ուղղությամբ այդքան թեժ մարտեր չեն եղել, ինչպես նախորդ օրերին: Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ հարձակում: Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը, որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում: Այսօր կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:
Նորայր Շողիկյան
armenpress.am/arm/news/1031933.html